Եվրախորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցությունը կրթական բարեփոխումներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2011 19:33


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժերար Շտուդմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է, որ լինելով եվրոպական կրթական տարածքի մաս, ՀՀ կրթության համակարգում առաջնային է դիտարկվում  եվրոպական կառույցների հետ համագործակցության ընլայնումը: Նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում կրթական բարեփոխումների ընթացքը, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից կրթական ոլորտը դիտարկվում է գերակա ուղղություն: Նախարարը շեշտել է, որ կրթական բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: “Կրթության գերակայությունը ամրագրված է մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրերում, օրենքներում և այլ փաստաթղթերում”,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը: Կրթական բարեփոխումների քաղաքականության համատեքստում կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք պայմանավորված են  Բոլոնիայի գործընթացով: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Բոլոնիայի գործընթացի Հայաստանի և Լեհաստանի համանախագահության ընթացքում իրականցված և նախատեսվող միջոցառումները:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժ. Շտուդմանը նշել է, որ  Եվրախորհուրդը պատրաստակամ է շարունակել  աջակցությունը Հայաստանում կրթական բարեփոխումների իրականցման գործին: Որպես կրթական բարեփոխումների բովանդակային բաղադրիչ’ կարևորվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը: Անդրադարձ է եղել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում լրագրողական կրթության որակի բարելավմանը`  այն դիտարկելով  խոսքի ազատության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևոր խթան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ 2012-2013 թվականների համագործակցության ծրագրի այլ ուղղություններ ևս:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply