“Ոսկե հուշամեդալ”` դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2011 19:25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրի կրթական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած գործուն աջակցության համար և ընդգծել, որ մեր երկրում Ռաուլ դե Լյուցենբերգերի աշխատանքային գործունեության արդյունավետությունը նկատելի է ինչպես քաղաքական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով:
Հայաստանի կրթական համակարգը  եվրոպական կրթական տարածքին ինտեգրելու, և Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերանորոգման և վերազինման գործում ունեցած մեծ ավանդի համար նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին պարգևատրել է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով’  “Ոսկե հուշամեդալով”: Դեսպանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար, ընդգծելով, որ  Կրթության և գիտության նախարարության հետ աշխատելն իր համար մշտապես  հաճելի է եղել: Դեսպանը կրթության ոլորտում իրականացված ծրագրերը գնահատել է արդյունավետ և հույս հայտնել, որ իրականցված աշխատանքերի արդյունքներն առաջիկա տարիներին առավել տեսանելի կլինեն: Ռաուլ դե Լյուցենբերգերը նշել է, որ Հայաստանից իր հետ տանում է հաճելի ու ջերմ տպավորություններ, և այդ հուշերի ամենալուսավոր կետն իր վեցամյա դստեր հայերեն խոսելն է:


Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply