“Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի”…Առնո Բաբաջանյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 22, 2011 18:18

“Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի”…  այսպիսին է մեր արվեստի մեծաշնորհ ներկայացուցիչներից մեկի` Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը: Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ:

Նոյեմբերի 21-ից մեկնարկվեց  «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Նոյեմբերի 21-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում` Առնո Բաբաջանյան Արիա-վոկալիզ, Թավջութակի կոնցերտ, Հերոսական բալլադ: Մենակատարեր` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արուս Աճեմյան (դաշնամուր), դիրիժոր` Ռուբեն Ասատրյան

«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լրատվական ծառայությունից:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակներում կկայանա 6 համերգ: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19-ին: Փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ:
Անժելա Շահումյան

 

 

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply