Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է “Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը” գրքի շնորհանդեսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 22, 2011 18:11

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել  “Ֆրիտյոֆ Նանսեն” հիմնադրամի նախագահ, գրող Ֆելիքս Բախչինյանի երեք անուն նոր գրքերի շնորհանդեսին: “Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը” վերնագրով մենագրությունների աշխատությունը 6 ենթավերնագրերով ներկայացնում է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու հասարակական-քաղաքական գործունեության հանրությանը անհայտ մնացած անկյուններ: Գրքում տեղ են գտել հատվածներ Անդրանիկ Մարգարյանի խոհերից եւ ապագայի մտահոգություններից:

Ֆելիքս Բախչինյանը մեծ ձեռքբերում է համարում իր կյանքում Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումները: Հեղինակը համոզված է, որ այս աշխատությունը առաջին քայլն է նաեւ հետագա մենագրությունների համար:

“Ավանգարդ” թերթի եւ “Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը” գրքի խմբագիր ու  “Սիրելիները երբեք չեն հեռանում” առաջաբանի հեղինակ Ջուլիետ Մարտիրոսյանն ընդգծել է, որ լուսահոգի վարչապետն այն քաղաքական գործիչն էր, ով իր ամբողջ հոգով նվիրվում էր յուրաքանչյուրին եւ վարակում դրանով բոլորին, այդ թվում նաեւ որդուն` քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երկու անուն մյուս գրքերը նվիրված են նորվեգացի հետախույզ, գիտնական, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին եւ Հայոց հարյուր երեսունմեկերորդ հայրապետ Գարեգին առաջինի հիշատակին:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին` հաճելի անակնկալի եւ մեծածավալ ու երկարատեւ աշխատանքի համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply