Առաջարկում են կալանավորներին վերաբնակեցնել սահմանային գոտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 17:48
Այսօր հրավիրած ասուլիսում արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ներկայացրեց ՀՀ Հանրային խորհրդի Արցախի հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքային խմբի հայտարարությունը՝ կապված ՀՀ սահմանային գոտիները վերաբնակեցնելու հետ:
Ըստ արձակագրի՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կոպիտ հաշվարկով մոտ 1000 կալանավոր կա, որոնք «իրականում ոչ մի վտանգ չեն ներկայացնում հասարակության համար ու իրենց ընտանիքներով կարող են մեկնել նախապես նշանակված վայրերը»:
«Իհարկե, Ազգային ժողովը պիտի նախ ընդունի օրենք, քանի որ խնդիրը պիտի օրենսդրական լուծում ունենա: Անհրաժեշտ կլինի նաև նյութական որոշ ներդրում՝ այդ բնակավայրերում համապատասխան պայմանների ստեղծման համար»,- ասաց Բ.Կարապետյանը՝ հավելելով, որ ընտանիքները հիմնականում համաձայն են և մեջբերելով Արշակ 2-րդի կողմից Արտաշավանի կառուցման պատմական փաստը:
Նման գաղափար, հետագայում առաջարկի տեսքով Բ.Կարապետյանի մոտ ծագել է, երբ Նուբարաշենից սկսած վերջինս ճամփորդել է մայրաքաղաքով մինչև Վահագնի թաղամաս: ՔԿՀ-ում հանդիպելով կալանավորների՝ նա եկել է եզրակացության, որ պետք է օգտագործել նրանց աշխատուժը՝ վերջիններիս անգործ նստելու փոխարեն ու խափանման միջոցի փոփոխությամբ նրանց վերաբնակեցնել սահմանային գոտում:
«Օրինակ՝ աշխատանք չունեցող մի երիտասարդ ինժեներ-տեխնոլոգ իր սովյալ երեք երեխաներին կերակրելու համար 4 հավ էր գողացել ու դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Եթե նա հավ չի կարող գողանալ, մի՞թե լուրջ վտանգ կարող է հասարակության համար ներկայացնել»,- եզրակացրեց արձակագիրը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս «Զորավիգ» թերթի խմբագիր, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանն էլ սկզբում արձագանքելով զրուցակցին, թե հնարավոր չէ, որ 4 հավի համար հինգ տարի դատեն, ասաց, որ ինքը հավանում է գաղափարը՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ կալանավորված անձանց դեպքում բավական աճել է ամուսնալուծությունների թիվը:
«Երբ կինն աչքի առաջ է, ամեն ինչ այլ է»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք ռիսկային չէ միջազգային ասպարեզում Հայաստանի վարկանիշի տեսանկյունից կալանավորների մի ստվար զանգված բնակեցնել հենց սահմանային գոտում, Պուշկին Սերոբյանը սկզբում պատասխանեց, թե դուք՝ լրատվամիջոցներդ, կարող եք չգրել սահմանային գոտի, միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը ինքը ամբողջովին սահմանային գոտի է:
«Մենք մի տեղում չենք տանում, դնում, այլ մի քանի տեղում: Բագրատաշենում մեկը փռշտում է, Մեղրու Կամրջում ասում են առողջություն, Սիսիանում էլ ասում են շնորհակալույուն: Հայստանը մեծ Ղազախստան ու Ռուսաստան չէ: Այն գոտիները, որոնք բաց են, եկեք այնտեղ տեղավորենք ու տնտեսությունը զարգացնենք»,- ասաց նա:
Նշենք, որ բանախոսներն առաջարկը պատրաստվում են ներկայացնել Նախագահին, ԱԺ-ին, Արդարադատության նախարարությանը և այլ գերատեսչություններին:
Aysor.am






Facebook
Tweet This
Email This Post
