ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 18-րդ տարեդարձի կապակցությամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2011 16:23

Հարգելի գործընկերներ

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը: Այս ամսաթիվը պատմության մեջ ունի իր խորհրդանշական տեղը, քանի որ 1993 թվականի հենց այս օրը ներդրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը: Այսօր մենք միասին տոնում ենք մեր ազգային արժույթի 18-ամյակը: Ինչպես ցանկացած պատանի, այնպես էլ դրամն ունեցել է բազմաթիվ դժվարություններ իր կայացման ճանապարհին, բանկային համակարգի ձևավորման հետ զուգահեռ կայացել է նաև ազգային արժույթը:
Ձեր շնորհիվ է, որ բանկային համակարգը Հայաստանում դարձել է մեր տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկը: Իր գոյության շուրջ երկու տասնամյակի ընթացքում այն ունեցել է վերելքներ և նույնիսկ ճգնաժամային` 2009 թվականի ընթացքում ցուցաբերել է իր ունակությունը՝ դիմակայելու համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ միջավայրի մարտահրավերներին: Հայաստանի բանկային համակարգը սակավաթիվներից էր ԱՊՀ-ում և նույնիսկ ամբողջ աշխարհում, որը չպահանջեց պետության կողմից որևիցե միջամտություն ճգնաժամին հակազդելու համար:
Ձեր շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունում բանկային համակարգի ռիսկերը միջազգային լավագույն պրակտիկայի համաձայն միշտ գտնվել են կառավարելիության թույլատրելի միջակայքերում: Դրա մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից բանկային համակարգի նկատմամբ դրսևորվող վստահության աճը: Դրա վառ ապացույցը վերջին երկու տարիների ընթացքում ավանդների ընդհանուր ծավալի կայուն աճն է, որի` 2011 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը գերազանցում է 2009 թվականի նույն ամսվա ցուցանիշը` 76 տոկոսով: Համանման դրական դինամիկա ունեն նաև բանկային համակարգը բնութագրող այլ ցուցանիշներ, մասնավորապես, աճել են վարկավորման ծավալները, նվազել են տոկոսադրույքները և այլն:
Սակայն, այս բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ, անելիքներն այս ոլորտում բազմաթիվ են: Պետք չէ մոռանալ նաև, որ բանկային համակարգի վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ տնտեսության դինամիկ զարգացման մեջ մեծ դեր ունի հենց այս ոլորտը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով բանկային աշխատող¬ներին մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ նրանց նորանոր ձեռքբերումներ:

 

Դիտվել է 6044 անգամ:
Print Friendly

Leave a Reply