Դաշնակցությունը չարտոնված նստացույց է սկսել` կոչ անելով «ոչ» ասել հայ-թուրքական արձանագրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2009 16:07

nstatsuyts«Չուրանանք, չզիջենք, ընդվզենք» նշանաբանով Հանրապետության Հրապարկում մեկնարկեց Դաշնակցության նստացույցն ու հացադուլը ` ի նշան հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի:

ՀՅԴ-ն հրապարակում կազմակերպվել է նաև ստորագրահավաք, որը, կազմակերպիչների հավաստմամբ, առաջին րոպեներից բավական հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում:

«Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից նախաստորագրված փաստաթղթերի փաթեթում քողարկված ձևով առկա են նախապայմաններ, ըստ որոնց` անուղղակիորեն վերահաստատվում է Կարսի անօրինական պայմանագիրը, և քննարկման հարց է դարձվում Հայոց Ցեղասպանության իրողությանը»,- ասված  է ստորագրության տեքստում:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն դեմ է ոչ թե սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, այլ դեմ է նախաստորագրված արձանագրություններն առանց համապատասխան փոփոխությունների վավերացմանը:

«Մենք զիջումների ենք գնում, բայց չգիտենք` ինչ ենք ստանալու դրա դիմաց: Իսկ Թուրքիայի նպատակը Կարսի պայմանագրին օրինական ուժ տալն է»,- ասաց Ռուստամյանն ու հիշեցրեց, որ մինչև այսօր օրինական ու անթերի միակ փաստաթուղթը Սևրի պայմանագիրն է:

Նստացույցը, որին այժմ մասնակցում է շուրջ 70 դաշնակցական, կշարունակվի ՀՀ Կառավարության շենքի դիմաց, իսկ հացադուլը` Արտգործնախարարության: Բողոքի ակցիաները կտևեն մինչև 6 շաբաթյա ժամկետի ավարտը:

Այդ ընթացքում հացադուլին կմասնակցի շուրջ 1000 հոգի, որոնք պարբերաբար կփոխարինեն միմյանց: Յուրաքանչյուր հացադուլավոր կմնա նվազագույնը 48 ժամ:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply