Քաղաքական առևտուրը ևս երկու զինվորի կյանք խլեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2011 16:08

Այսօր, անդրադառնալով նբոյեմբերի 19-ին ադրբեջանական դպուկահարների կողմից երկու հայ զինծառայողների սպանության հիմնական պատճառներին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցրեց, որ այս քայլն ամենից առաջ քաղաքական առևտուրի դրսևորում էր:

“Այլ հարց է, թե ինչու այդպես եղավ և ինչու հենց այս օրերին: Ադրբեջանը փորձեց հերթական անգամ սրել իրավիճակը տարածաշրջանում: Իմ կարծիքով հիմնական պատճառը պետք է որոնել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանում մինչ այդ դեպքը երկու օր առաջ Իլհամ Ալիևի արած հայտարարությունների մեջ, ով ասել էր, որ իրավիճակը տարածաշրջանում կայուն չէ, սառեցված կոնֆլիկտ չկա, կա ակտիվ կոնֆլիկտ, և Ադրբեջանը պատրաստ է ռազմական ուժով վերանվաճել Արցախը: Այստեղ ավելի շատ քաղաքական առևտուրն էր առկա`Ռուսաստանի Դաշնության հետ: Քանի որ վեճ կար ռադիոտեղորոշիչ կայանի հետագա վարձակալման հետ կապված, և Ալիևը փորձում էր հնարավորինս ավելի շատ դիվիդիենտներ քաղել այդ կայանը ռուսներին վարձակալության տալու համար”,-  ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանն անընդհատ փորձում է  հնարավորինս շատ օգուտներ քաղել` ցույց տալով իր քաղաքական գործոնը, իր կարևորությունը տարածաշրջանում ընդգծելով: Իսկ այդ քաղաքական գործոնի և կարևորության ընդգծումը դրսևորվում է սպառնալով թե’ միջազգային հանրությանը` այս դեպքում կոնկրետ Ռուսաստանին, թե’ հայկական կողմին:

Բացի քաղաքական ենթատեքստից, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյան ավելացրեց նաև Ադրբեջանի մարտավարական քայլերն ու հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու իրողությունը:

“Միևնույն ժամանակ կուզեի շեշտել նաև զորակոչի ընթացքում նախազորակոչային այս վիճակում որոշակի լարվածության ստեղծելը, բարոյալքմանը միտված ինչ-որ քայլերի ձեռնարկումը, որպեսզի ազդեն համայն հայության վրա, փորձեն այնպես անել, որ մարդիկ նորից խուսափեն բանակից, ծառայությունից` հատկապես սահմանամերձ ծրջաններում: Սա հին, ավանդական դարձած թուրքական մոտեցում է”,- ասաց ռազմական փորձագետը:

Նա ադրբեջանական կողմի այս քայլերը, որպես փորձագետ, չի դիտարկում իբրև սադրիչ և համոզված է, որ Ադրբեջանին պետք չեն նմանատիպ սադրիչ գործողություններ: Ու եթե հայկական կողմը, նույնիսկ, հրետանային հարված հասցնի Ադրբեջանին, ապա դա չի լինի այն դրդապատճառը, որ Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ վերսկսի:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply