Յուրի Դոխոյանը գլխավորեց շախմատի ՌԴ տղամարդկանց հավաքականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 22, 2011 16:24

Այսուհետ Ռուսաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կգլխավորի հայ մասնագետ` Յուրի Դոխոյանը: Այդպիսի որոշում է կայացրել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան: Դոխոյանը մարզում էր Ռուսաստանի կանանց հավաքականը: Այդ երկրի շախմատիստուհիները փայլուն արդյունքներ ունեն միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում: Դոխոյանի գլխավորությամբ կանանց Ռուսաստանի հավաքականը նվաճել է Խանտի Մանսիյսկում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալը, աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոնի տիտղոսն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնական տիտղոսները:

Ի դեպ,Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը հայտարարել է, որ կանանց թիմի հետ աշխատանքի մեթոդները չեն գործում տղամարդկանց թիմում, և Դոխոյանին անհրաժեշտ կլինի առաջին հերթին հարաբերություններ ստեղծել թիմի անդամների հետ: Նրա խոսքով, Դոխոյանի աշխատանքի արդյունքը կլինի 2012-ի Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Ռուսաստանի հավաքականի ելույթը:

Արդեն հունվարին Դոխոյանը պետք է մարզչական խորհրդին ներկայացնի զարգացման երկարաժամկետ ծրագիր:

Հավելենք, որ գրոսմայստեր Յուրի Դոխոյանը երկար տարիներ եղել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մարզիչն ու մարտավկան և լավ գիտի նաև, թե ինչ է տղամարդկանց շախմատը:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply