“Միջազգային հանրության արձագանքը չի ուշանա”. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2011 15:03

Ադրբեջանական կողմից հայկական և արցախյան սահմանի ամբողջ գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների առումով միջազգային հանրությունը դեռ կխոսի, բայց միայն հայկական կողմի ջանքերի շնորհիվ: Այս տեսակետն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեցին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

“Կարծում եմ, որ միջազգային հանրության արձագանքը շուտով կլինի, բայց եթե այսօր չեն արձագանքում, դա պետք է գրել մեր քարոզչական և դիվանագիտական աշխատանքի բացթողման տակ: Որովհետև անընդհատ մոնիտորինգներ են իրականացվում, և միջազգային հանրությունը ներկա է այդ սահմանին և տեսնում է, թե ինչ է տեղի ունենում: Սակայն  կարծես թե տուրք տալով` քաղաքական հանդուրժողականությանն ասեմ, թե քաղաքավարությանը, այնուամենայնիվ չենք պահանջում, որ յուրաքանչյուր պատահար ստանա արժանի պատասխան և’ միջազգային հանրության կողմից, և’ մեր կողմից: Ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ, և, վստահ եմ, որ ուշ թե շուտ այդ հարցը կլուծվի”,- շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ միջազգային հանրությունը կդատապարտի դիպուկահարների կողմից հերթապահություն իրականացնող զինծառայողների սպանությունն ու դրան նման դեպքերն այն դեպքում, երբ մենք ինքներս հասկանանք, որ այսօր իրականում առկա են մարտական գործողություններ:

“Մենք փաստը պետք է արձանագրենք, վերջնականապես բոլորս համոզվենք, որ մենք ունենք մարտական գործողություններ: Ոչ թե հրադադար, չգիտեմ ինչ-ինչ ձևակերպումներ, այլ հենց մարտական գործողություններ, որոնք երբեք չեն դադարում: Ինչ-որ հատվածում սաստկանում են, ինչ-որ հատվածում թեթևանում են, բայց, այնուամենայնիվ, մարտական գործողություններ”,- համոզմունք հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Փորձագետի հավաստմամբ` հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների պատերազմ գոյություն չունի: Դիպուկահարների պատերազմի մասին այն դեպքում կարելի է խոսել, երբ իրար դեմ որս են անում պրոֆեսիոնալ դիպուկահարները: իսկ այն իրավիճակները, երբ դիպուկահարը կրակում է պարեկի, կամ հերթապահություն իրականացնող ոչ դիպուկահար զինծառայողի վրա, արդեն դուրս են դիպուկահարների պատերազմի տրամաբանությունից: Իսկ դիպուկահարների դասական պատերազմում ադրբեջանական կողմը վաղուց պարտված է, քանի որ այնտեղի պրոֆեսիոնալ դիպուկահարների մեծ մասը այլազգի` հաճախ սլավոնական ծագման կանայք են, ովքեր խուսափում են մոր դիպուկահարների դեմ հանդես գալուց:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply