Արյունն արյամբ են լվանում.
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | November 22, 2011 14:55 
Կամ հակառակորդը հասկանում է միայն ուժի և զենքի լեզուն:
Նույեմբերի 19-ին Ադրբեջանական դիպուկահարների կրակից զոհված երկու հայ զինծառայողների համար հայկական կողմը պատրաստվում է անհամաչափ` ավելի ուժգին պատասխան տալ: Այս մասին օրեր առաջ հայտարարել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Այդ անհամաչափ պատասխանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, միակ ճիշտ մոդելն է` հակառակորդին զսպելու առումով:
“Ճիշտ է մի քիչ դժվար է հասկանալ անհամաչափը, որ ամեն մարդու համար կարող է սեփական պատկերացումներով դիտարկվել, բայց այն, որ պետք է պատժիչ գործողություններ իրականացվեն, և որ այդ գործողություններն արդյունավետ են լինում` փաստ է: Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա գարնանը, երբ Արցախում սպանվեց բարձրաստիճան հայ զինվորական, և հետո պաշտպանության բանակի հրամանատարը հայտարարեց, որ կարճ ժամանակում մոտ 40 ազերի է ոչնչացվել` ի պատասխան այդ գործողությունների, հետագայում փաստացի մոտ երկու ամիս հարաբերական անդորր էր: Ուստի կարծում եմ, որ իսկապես, պատժիչ գործողություններն անհրաժեշտ են”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Իսկ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` մենք ունենք պատերազմական իրավիճակ`ռազմական գործողություններով: Իսկ երբ հայտարարվում է ոչ ադեկվատ գործողությունների մասին, չի նշանակում, որ սա ինչ-որ հերթապահ դարձած արտահայտություն է, և հակառակորդը, միանշանակ, կրում է ծանր կորուստներ:
“Սակայն ես կուզեի շեշտադրումը կատարեինք այդ ոչ ադեկվատ պատասխանի վրա: Ես չեմ կարող փակագծերը շատ բացել, բայց կարող եմ պնդել, որ այսօր արդեն ունենք իրենց կողմից բազմակի անգամ մեծ զոհեր, և այդ պատժիչ գործողությունները շարունակվելու են, ինչին մենք ականատես կլինենք ոչ հեռու ապագայում: Մեկ-երկու սպանություն կհայտնեն, մնացածը կփորձեն կոծկել այլ պատճառների տակ: Սակայն այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ մեր հասարակությունն առաջինը հասկանա, որ մենք պատերազմական իրավիճակում ենք, ոչինչ չի փոխվել, այդ հարաբերական անդորրը մեծ լարվածության, կանխարգելիչ գործողությունների, նույնիսկ մեծ նյարդերի լարվածության արդյունք է, որ մենք ունենք, և հակառակորդին երբեմն-երբեմն պետք է տալ շատ ուժգին, ցավագին հարվածներ, որպեսզի ինչ-ինչ հատվածներում նա լռի”- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Գևորգ ԱՎՉՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
