Արտակարգ իրավիճակներն ու կրթությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2011 17:26

Նոյեմբերի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի (UNICEF) նորանշանակ մշտական ներկայացուցիչ տիկին Մանյա Հենրիեթ Ահրենսին։

Շնորհավորելով տիկին Ահրենսին նշանակման կապակցությամբ` նախարար Երիցյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկար ժամանակ համագործակցում է UNICEF-ի հետ և հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի։

UNICEF-ի մշտական ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, նշեց, որ հիմնադրամը մարդասիրական և զարգացմանն աջակցող կազմակերպություն է։

– Թեև նոր եմ նշանակվել այս պաշտոնում, բայց արդեն ծանոթացել եմ իրականացվող ծրագրերին։ Առանձնապես տպավորված եմ Ձեր աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության ներկայացումով։ Այն պարզ ցույց տվեց, թե դուք որքան եք առաջ գնացել։ Մենք ուրախ ենք աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությանն ինչպես աղետների կանխարգելման, այնպես էլ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, – ասաց տիկին Ահրենսը։

Նախարար Երիցյանը ներկայացրեց նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները։ Նախարարության ձեռքբերումներից առանձնացրեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մշտական ներկայացուցիչն այցելեց նաև Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացավ դրա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքին։

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply