Հայաստան. լայնամասշտաբ բարեփոխումներ հարկային ոլորտում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 22, 2011 14:01

Հայաստանի կառավարության`գալիք տարի բյուջեի եկամուտներն ավելացնելու որոշումը թերահավատություն է առաջացրել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլեւ`անկախ փորձագետների ու իշխանական որոշ գործիչների շրջանում:

2012-ին այս տարվա համեմատ 101 մլրդ դրամով (մոտ 270 մլն դոլար) ավելի շատ հարկեր հավաքելու նպատակով կառավարությունն արդեն իսկ հարկային եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ է պատրաստել, որը քննություն է անցնելու թե’ Եվրամիության փորձագետների կողմից, թե’ Ազգային ժողովում, եւ թե’ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում:

Գործադիրում համոզված են` այս փոփոխություններով կավելացվեն հարկային եկամուտները, կբարելավվի գործարար միջավայրն ու ստվերային տնտեսության դեմ պայքարը:

2012-ի պետական բյուջեի նախագծով`գալիք տարվա բյուջեի եկամուտների մասը կազմելու է 1 տրիլիոն 42 միլիարդ դրամ (մոտ 2,8 մլրդ դոլար), եւ այդ գումարի 96 տոկոսը պետք է ապահովի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)`գալիք տարի շուրջ 13 տոկոսով ավելացնելով հարկային եկամուտները:

Կառավարությունը կանխատեսել է 2012-ին 4,2 տոկոս տնտեսական աճ, որը թույլ կտա ավելացվելիք 270 մլն դոլարի 60-70 տոկոսն ապահովել: 25-30 տոկոսն, ըստ ֆինանսների նախարարության, կլրացվի վարչարարության խստացման եւ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ներկայացնելով հարկային փաթեթում փոփոխությունների եւ միջոցառումների ծրագիրը` նշել է.

«Մենք ներկայացնում ենք մի այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել եւ այդ գումարները բերել պետական բյուջե: Նաեւ մեր փաթեթում ներառված են մեկ տասնյակից ավելի օրենսդրական առաջարկություններ եւ փոփոխություններ, որոնք պարզեցնում են հարկային վարչարարությունը եւ ստեղծում են փոքր եւ միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ միջավայր: Դա նշանակում է, որ մեր միտումն է փոքր եւ միջին բիզնեսի վրա հարկային բեռը թեթեւացնել եւ այդ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ,  որտեղ կան մեծ եկամուտներ»:

«Առաջարկում ենք՝ 2 մլն դրամ (5300 դոլար) եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս», – նշել է վարչապետը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: Ըստ նախագծի` թանկարժեք ալկոհոլային խմիչքների հարկման բազան կավելա 50 տոկոսով, իսկ մատչելի խմիչքներինը`անփոփոխ կմնա: Կառավարության գնահատականներով` թանկ ալկոհոլային խմիչքների տեսակարար կշիռը ընդհանուր սպառման ծավալում կազմում է մոտ 15 տոկոս:

Գործադիրն առաջարկում է նաեւ 90 հազար դոլարից ավելի արժեցող մեքենաների վրա էապես ավելացնել այժմ կիրառվող հարկային դրույքաչափը (այժմ այն կազմում է ներմուծվող ավտոմեքենայի ընդհանուր արժեքի 32 տոկոսը): Կառավարությունը քննարկում է նաեւ խաղատների հարկման ավելացումը:

Այնուամենայնիվ, նախքան հարկային օրենսդրության փոփոխությունների եւ առաջարկների փաթեթը կքննարկվի խորհրդարանում, այն պետք է ուսումնասիրվի ԵՄ փորձագետների կողմից:

Սակայն խնդիրն այն է`արդյոք իրականում հնարավոր կլինի կառավարության նախագծերն իրագործել եւ ավելացնել հարկային եկամուտները նշված գումարի չափով:

ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, կառավարության նիստի ժամանակ ընդգծելով իրենց վրա դրվող պատասխանատվությունը, ֆինանսների նախարարությունից խնդրել է հստակեցնել`մասնավորապես ո´ր ճյուղերի հաշվին են նախատեսվում ավելացնել հարկային մուտքերը:

«Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն», – հայտարարել է Խաչատրյանը:

Տնտեսագետները նույնպես անհանգստացած են, քանի որ համոզված չեն, որ խոշոր բիզնեսին պատշաճ հարկելու քաղաքականությունը հաջողություն կունենա, իսկ դրա ձախողման պարագայում հարկային բեռը «ջարդվելու» է փոքր եւ միջին բիզնեսի վրա:

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանի գնահատականներով` Հայաստանի տնտեսության հարկահավաքման հնարավորությունները մեծ են, սակայն, իշխանությունների ներկա վարքագիծը նրան դրական արդյունքների հավատ չի ներշնչում:

Նռանյանի խոսքերով`երկրի տնտեսության առնվազն 30-40 տոկոսը ստվերային է.

«Ստվերային տնտեսության դեմ պետք է պայքարել, եւ այդ ծավալների նվազեցումը նշանակություն կունենա ոչ միայն բյուջեի հավաքագրման, այլեւ`արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման համար: Բիզնեսի եւ իշխանության սերտաճման պայմաններում պայքար ստվերի դեմ՝ նշանակում է պայքար օլիգարխ-պաշտոնյաների դեմ, պայքար ներկա համակարգի դեմ, այդ թվում`նաեւ քաղաքական համակարգի դեմ: Ներկա վերնախավի վարքագիծը հասարակության եւ պետության համար նման լավատեսական սցենարի հնարավորություն չի ներշնչում»:

Իսկ ընդդիմադիր տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նույնպես քաղաքական կամքի դրսեւորումն է առաջնային համարում, սակայն ի տարբերություն իր գործընկերոջ`թերահավատ է դրա դրսեւորման առումով:

«[Նախագահ] Սերժ Սարգսյանը պետք է բոլոր օլիգարխներին հավաքի սեղանի շուրջ եւ ասի` այսօրվանից աշխատում եք միայն ինվոյսներով, այսինքն` սեւ շուկան էականորեն կրճատում ենք, դուք ապրանքները մաքսազերծում եք այն գներով, ինչ գներով գնել եք: Բայց հիմա այդ խաղի կանոնները չեն փոխվել, եւ թղթի վրա գրված է թիվ` 101 մլրդ [դրամ]»,- ասել է տնտեսագետը:

«Պոլիտէկոնոմիա» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ավելի կտրուկ է իր գնահատակներում: Նրա մեկնաբանությամբ`հաջորդ տարի հարկային եկամուտներն ավելացնելու կառավարության նախաձեռնությունը հաստատում է իշխանության մտադրությունը` «մեծ բյուջեի» միջոցով գերկենտրոնացնել երկրի տնտեսական դաշտը, վերաբաշխել սեփականությունը եւ, ի վերջո, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։

«Բնականաբար, այդ ամենը հանրությանը ներկայացվում է «պայքարում ենք ստվերային տնտեսության դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո», – նշում է Թեւանյանը։

Մինչ այդ, կառավարությունն, ի դեմս ֆինանսների նախարարության դիմել է Համաշխարհային բանկին, որպեսզի այս կառույցի փորձագետներն ուսումնասիրեն, թե Հայաստանի տնտեսության որ ճյուղերն են ստվերային եւ ինչպիսին են դրանց ծավալները:

«Շատ-շատերս ենք խոսում ստվերից, մենք էլ ամեն օր դրա հետ կապված աշխատանքներ տանում ենք` նոր մեթոդներ, կառավարման վարչարարական մեխանիզմներ: Երբ խոսում են քաղաքական գործիչները, ինձ համար հասկանալի է, բայց երբ դրա մասին խոսում են մասնագետներն ու չեն նշում՝ որտեղ ինչքան ստվեր է, ինձ համար անհասկանալի է: Դրա համար ստվերի մասին նման գնահատական չկա. սկսած փոքր բիզնեսից` մինչեւ խոշորը մենք ստվեր ունենք: Կարծում եմ` ավելի շատ պետք է պայքարենք ստվերի դեմ, քան խոսենք», – Ազգային ժողովում Բյուջե-2012-ի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

 

Սառա Խոջոյան, Կովկաս

Կովկասյան լրատու # 617

11-ը նոյեմբերի, 2011թ.

Սառա Խոջոյանը ArmeniaNow էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:

 

 

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply