«Հայջրմուղկոյուղու» ցանցի ներսում ջրային կորուստները կազմում են 80 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2009 16:02

Պատրիկ Լոռենն ասում է, որ սահմանամերձ գյուղերում նոր ջրագծեր են անցկացնում

Հայաստանում շարունակվում է ջրագողությունը, ջրային կորուստները 2004-2008թթ. մնացել են անփոփոխ` կազմելով 80 տոկոս: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լոռենն ասում է, որ ջրային կորուստների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրաչափերի տեղադրումն է, կան նաև կոմերցիոն կորուստներ:

Հայջրմուղկոյուղի» ընկերության գործունեության տիրույթում են ՀՀ 37 քաղաքներ, 280 գյուղային համայնքներ, ընկերությանը չեն պատկանում Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի և 600 գյուղերի ջրօգտագործողները:

«Ջրային կորուստները հիմնականում ոռոգման ընթացքում են լինում, դրանք զգալի են, իսկ պատճառները` շատ` ջրաչափերի բացակայություն, մաշված ջրային խողովակներ, որոնք պետք է վերանորոգվեն, խնդիր կա նաև տարիներով կուտակված պարտքերի հետ, պետք է վերականգնվեն պայմանագրերը, պետք է նշվի պարտքերի մարման ժամանակացույցը»,-ասում է Լոռենը:

Ընկերությունն ունի 3 ֆինանսավորման աղբյուր` «Համաշխարհային բանկ», «Ասիական զարգացման բանկ», «Եվրոպական զարգացման բանկ»: 2009-2010թթ. Հայաստանում իրականացվելու են ջրային համակարգի վերականգման աշխատանքներ: «Ասիական զարգացման բանկ»-ի տրամադրած 46մլն դոլարի վարկով իրականացվելու են 18 ծրագրեր: «Համաշխարհային բանկ»-ի վարկավորման ծրագրով (26մլն դոլար) կգնվեն սարքավորումներ:

«Սևանա լճի տարածքում այս տարի իրականացվելու է ջրի որակի բարելավման ծրագիր, կատարվելու են կոյուղաջրերի մաքրման աշխատանքներ, վերանորոգվելու են կոյուղագծերը, կառուցվելու է նոր պոմպակայան»,-ավելացնում է  ընկերության տնօրենը:

Նա ասում է, որ իրենք աշխատում են որակյալ ջրամատակարարում ապահովել. եթե 2004թ. օրական ջրամատակարումը լինում էր 6 ժամ, այսօր 13 ժամ է, իսկ մինչև տարեվերջ կկազմի 14 ժամ:

Անդրադառնալով սահմանամերձ և լեռնային շրջանների ոռոգման և խմելու ջրի դեռևս չլուծված հիմնախնդրին` Լոռենն ասում է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են. նա առանձնացրեց Տավուշի մարզի Բերդ քաղաքը և հարակից գյուղերը, որտեղ նոր ջրագծեր են անցկացվում:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply