2012 թվականից համատիրությունները կառաջնորդվեն կառավարման միասնական մոդելով և աշխատանքային նոր ծրագրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2011 18:40

Համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, 2012 թվականից կառավարման միասնական մոդելի և աշխատանքային նոր ծրագրի ներդրման, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու կոմունալ բաժինների պետերը, ինչպես նաև մայրաքաղաքի առավել կայացած համատիրությունների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետը նախ նկատել է, որ այս ոլորտի կայացումն անհրաժեշտ է իրականացնել միասնական ջանքերով` դրսևորելով սրտացավություն և մեծ հոգատարություն: Հատկանշվել է, որ լավ արդյունքներ ցուցաբերած մի շարք համատիրություններին զուգահեռ, մայրաքաղաքում քիչ չեն նաև իրենց պարտականությունների մեջ թերացող, երբեմն նաև անբավարար գործունեություն ծավալող համատիրությունները,  ինչն անընդունելի է և հարուցում է բնակչության արդարացի դժգոհությունը:

“Այսօր մեր շատ համատիրություններ հավաքագրված միջոցների 70-ից 80 տոկոսը հատկացնում են աշխատավարձի ֆոնդին և միայն 20-ից 30 տոկոս մնացյալ միջոցներով  են իրականացնում իրենց պարտականությունները. այնինչ բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ հակառակ պատկերը: Իրենց պարտականությունների մեջ թերացող և ցածր օգտակար գործողության գործակից ունեցող համատիրություններ մեզ պետք չեն: Դա է պատճառը, որ հաջորդ տարեսկզբից մենք անցնելու ենք համատիրությունների խոշորացման մոդելին`փոքր համատիրությունները միացնելով մեծերին”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ լիազոր մարմիններին և վարչական շրջանների կառավարմանը հանձնված համատիրությունները ևս պետք է ներառվեն համատիրությունների կազմի մեջ:

Համատիրությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են սեփական  դիտարկումներն ու առաջիկայում աշխատանքները հնարավորին արդյունավետ կազմակերպելու տեսլականները: Նրանք ևս կողմ են արտահայտվել համատիրությունների խոշորացմանը` ընդգծելով, որ այդպիսով իրավամբ կհաջողեն ապահովել սեփական ծախսերի մասով քաղաքապետի նախանշած ծախսային հարաբերակցությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և կոմունալ բաժինների պետերին հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել համատիրությունների գործունեությանը` խստորեն հետևելով  բյուջեի ձևավորմանն ու նախատեսված ծախսերի իրականացմանը,  պարտադիր նորմերի պահպանմանն ու բնակչությանը ներկայացվող պարբերական հաշվետվություններին:

“Մենք պետք է ունենանք մեկ ընդհանուր ոճով գործող համատիրություններ, որպեսզի ակնհայտ երևան ձեռքբերումներն ու թերացումները: Միայն ձեր հետևողականության շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի: Այդ առումով 2012 թվականը պետք է լինի բեկումնային”,- ընգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ինտենսիվ աշխատանքներ տանել համատիրությունների խոշորացման մասին բնակիչներին իրազեկելու և բուն խոշորացման մասով քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնությն հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply