Արաբական «Ալխալիջ» օրաթերթ. «Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից 1915 թ-ի ցեղասպանության համար»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2009 15:19

al-khalij«1915 թ-ին Երիտթուրքերի իրագործած ցեղասպանության հետևանքով էապես փոխվեց տարածաշրջանում և հատկապես Թուրքիայում ժողովրդագրական պատկերը: Թուրքերն ու քրդերը հայերի հաշվին մեծամասնություն կազմեցին Անատոլիայում»,- գրել է Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող «Ալխալիջ» օրաթերթը:

«Մարդասիրական վերլուծություն Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վերաբերյալ» հոդվածում, Մուհամմադ Նուրեդդինն ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ամենաբարենպաստ նախադրյալը կարող է լինել Անկարայի կողմից թուրք նախնիների իրականացրած ցեղասպանության ճանաչումը և հայերից ներողություն խնդրելը. «Տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական հաջողությունը կլինի վաղեմի թշնամի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը: Միաժամանակ պետք չէ անտեսել փաստը, որ երկու հարևանների միջև թշնամական հարաբերությունները կվնասեն երկու ժողովուրդներին: Այդ հարաբերությունների հնարավոր հաջողումը մեծապես կախված է Թուրքիայից. Այդ երկիրը պետք է ճանաչի և ներողություն խնդրի հայերից 1915 թ-ին ազգայնամոլական «Միություն և առաջադիմություն» կուսակցության իրականացրած ցեղասպանության համար»,- գրել է վերլուծաբանը` ավելացնելով, որ հայերից ներողություն խնդրելը չի նսեմացնի թուրքերի ինքնությունը. «Ընդհակառակը, հայերի ցեղասպանության ճանաչմամբ` Թուրքիան իր ուրույն տեղը կզբաղեցնի ժամանակակից քաղաքակիրթ երկրների շարքում և կապացուցի, որ հարգում է և հավատարիմ է մարդու իրավունքներին և ազատություններին»,- եզրակացրել է նա:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply