20 հազար դոլարի հետքերով. «Հետո ի՞նչ, որ տարածքն իրենցն է, ոչ ոք նրանց թույլ չի տա այդտեղ ինչ ուզեն, էն էլ անեն»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 21, 2011 17:03

«Աբսուրդ է, որ ինչ-որ մեկի սրիկայության պատճառով Երևանի սրտում նման կառույց հայտնվի»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության միջնամասում իրանական 50-հարկանի շենքի կառուցման հավանականությանն արձագանքեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Հիշեցնենք, դեռևս 90-ական թվականներին այդ տարածքը Նկարիչների միության այն ժամանակվա ղեկավարության կողմից վաճառվել է և այսօր, վերավաճառումների արդյունքում սեփականության իրավունքով պատկանում է իրանական ինչ-որ ընկերության: Որն էլ նման քաղաքաշինական նախագծի հայտ է ներկայացրել:
Եթե մեկ բառով փոխանցենք Կ.Աղամյանի վերաբերմունքը իր նախորդի գործունեությանը, ապա կտեղավորվենք «խայտառակություն» ասվածի մեջ:

« Բացի բացասական հետևանքներից,- շարունակեց նա,- այդ գործարքը որևէ այլ բան չի տվել ոչ Նկարիչների միությանը, ոչ էլ հատկապես հանրությանը: Միության նախորդ ղեկավարության հանցավոր քայլերի պատճառով մենք, ինչպես նաև Հայաստանը կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը, քանի որ այդտեղ լինելու էր մշակութային նոր օջախ: Եվ այն վաճառքի պահին գրեթե պատրաստ էր:

Խորհրդային միության փլուզման պահին Նկարիչների միությունն արդեն գրեթե ավարտին էր հասցրել նոր մասնաշենքի շինարարությունը ու պետք է իրականացնել ներսի հարդարման աշխատանքները` այդտեղ լինելու էին նոր ցուցասրահներ, կոնֆեներս-դահլիճներ և այլն.

«Միության հատակագիծը մոտ 2 հազար քմ է, իսկ նոր այդ մասնաշենքը երկու անգամ մեծ էր` 4 հազար քմ տարածք ուներ միայն հատակագծով: Պատկերացնո՞ւմ եք ինչ մեծ հարստություն ենք կորցրել»:
Կ.Աղամյանը, ի պաշտոնե, բնականաբար տիրապետում է նաև վաճառքի մանրամասներին: Այդպես, այդ «մեծ հարստությունը» վաճառվել է ընդամենը 20 հազար ԱՄՆ դոլարով:

«Այդքան էլ գործարքի իրականացման համար կաշառք է տրվել, որի հետքերով էլ հետագայում քրեական գործ հարուցվեց միության ղեկավարին դեմ: Մեկ այլ հանցավոր փաստ` գործարքն իրականացվել է գրեթե միանձնյա որոշման արդյունքում, քանի որ միության անդամներն իրենց թույլտվությունը համապատասխան ժողովում չեն տվել` ոչ մի ժողով էլ չի եղել»:

Հարց` եթե քրեական գործ է հարուցվել նման փաստերով, ապա արդյո՞ք հնարավոր չէր գործարքն անվավեր ճանաչել.

«Ես շատ եմ փորձել և հասել եմ անգամ մինչև Վերաքննիչ դատարան, բայց քանի որ շենքը երեք-չորս գնորդների ձեռքով էր անցել, իսկ վերջին գնորդը ` պարսկական կողմը, հայտարարում է, թե բարեխիղճ գնորդ է, ապա դրական որևէ արդյունք չունենք»:

Կարեն Աղամյանը թվարկեց բոլոր գնորդներին` առաջինն անհատ ձեռներեց Վլադիմիր Աղաբեկյանն է եղել, ով մահացել է, դրանից հետո տարածքը հայտնվել է գրավի տեսքով «Ագրո բանկի» տնօրինության տակ, որն էլ այն վաճառել է «Մելլաթ» բանկին: Սա էլ վաճառել է պարսկական մի ընկերության, որն էլ 50 հարկանի կառույց կառուցելու թանկարժեք նախագիծ է ներկայացրել ու բոլորիս, փաստորեն, փաստի առաջ կանգնացրել.

«Տարածքն այլևս նրանց սեփականությունն է»:

Նկարիչների միությունը, արդեն Կ.Աղամյանի օրոք, երբևէ չի ստացել իրանական կամ մեկ այլ կողմի առաջարկ իրենց սեփականությունից ևս ինչ-որ տարածք վաճառելու համար:
Ինչ վերաբերում է այն հեռանկարին, որ առաջիկայում հնարավոր է այդ տարածքում 50 չէ, թեկուզ 20 հարկանի շենք վեր խոյանա, ապա այս իմաստով Կ.Աղամյանը, այդուհանդերձ, բավականին լավատեսորեն է տրամադրված, քանի որ չի կարծում, թե պետական ինչ-որ կառույց թույլ տա նման նախագիծ կյանքի կոչել.

«Կա քաղաքապետարան, կա Քաղաքաշինության նախարարություն, քաղաքի զարգացման կոնցեպցիա ի վերջո: Չեմ կարծում, թե նման թույլտվություն կտան… հետո ի՞նչ, որ տարածքն իրենցն է, դա ոչ մի բան չի նշանակում ու ոչ ոք նրանց թույլ չի տա այդտեղ ինչ ուզեն էն էլ անեն»,- հավելեց նա:

Panorama.am

 

Դիտվել է 1852 անգամ:
Print Friendly

Leave a Reply