ՀՌԱԿ ատենապետը կատարել է 31 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության մասին իր ուսումնասիրություն
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | November 21, 2011 15:21
Այսօր, անդրադառնալով ուրբաթ օրը կառավարության լրատվական ծառայության կողմից հրապարակված ֆաքսերին, որոնցով ՀՌԱԿ ատենապետը դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարին, Հարություն Առաքելյանը հայտարարեց, որ կառավարությունն ամբողջությամբ չի հրապարակել:
“Ինքներրդ տեսաք, որ ուրբաթ օրը երեկոյան անկախ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը լուր է տարածում, որ իր հանդեպ, ֆաքսի միջոցով, սպառնալիքներ, շանտաժ է իրականացվում: Եվ այն պարագայում, որ վարչապետն ինքը իր լրատվական ծառայության միջոցով դա տարածում է` մեկնելով Վրաստան, այսինքն ղզիկի պես փախնում ա, ինքն իբր էստեղ չի ու էդ ընթացքում եթե պատասխանենք, վաղը մյուս օրը պիտի ստացվեր որ` “ մենք Վրաստանում ամպագորգոռ պայմանագրեր էինք կնքում, իսկ Հայաստանում մեր դեմ ցեխ էին լցնում”: Ես սպասեցի մինչև երկուշաբթի, մինչև ինքը վերադառնա, ու հիմա անցնում եմ այդ ֆաքսերին”,- նշեց Հարություն Առաքելյանը:
Բանախոսը հաստատեց, որ ինքն է ուղարկել այդ հրապարակված ֆաքսերը և հստակեցրեց, որ կառավարության լրատվական ծառայության միջոցով ֆաքսերը ներկայացված են կիսատ:
“Այն ֆաքսերը, որից իրենք, այսպես ասած, վախեցել են, մամուլին չեն տրամադրվել ամբողջությամբ: Ես բերել եմ մնացած ֆաքսերը, որ ձեզ ներկայացնեմ, թե ինչ եմ իրենց ներկայացնում”,- ասաց ՀՌԱԿ ատենապետը և պարզաբանեց, որ բացի կառավարության ներկայացրած ֆաքսերից ինքն ուղարկել է նաև պետական միջոցների խոշոր չափերի` 31 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության մասին իր ուսումնասիրությունը:






Facebook
Tweet This
Email This Post
