ՙ”Հայաստան”համահայկական հիմնադրամի 12-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնն ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի նվիրատվություն ապահովեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2011 13:30

Նոյեմբերի 17-ից 20-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի 12-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում գրանցվեց:

Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավորները 12 ժամ շարունակ զանգահարեցին ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարեւոր նախաձեռնությանը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը տեղի հայ համայնքի հանգանակած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով ջրամատակարարման ծրագրեր կիրականացնի Արցախի ու Հայաստանի Տավուշի մարզի մոտ 10 գյուղում: Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի կողմից հանգանակած 24150 եվրոն կօգտագործի նորոգելու Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը եւ համալրելու դպրոցի գրադարանը: Իսկ Գերմանիայի տեղական մարմինը գերմանահայերի 81360 եվրոյի նվիրատվություններով կնորոգի Գյումրու մանկատունը:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնին Հունաստանից մասնակցեց նաեւ հունահայ համայնքը: Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակին` մեր ազգակիցները անկոտրուն կամք դրսեւորեցին եւ կրկին ապացուցեցին իրենց նվիրվածությունը հայրենիքին: Նոյեմբերի 12-ին մեկնարկած երկօրյա հեռախոսամարաթոնի ընթացքում հունահայ փոքրաթիվ համայնքը շուրջ 35.000 եվրո հանգանակեց, որը կուղղվի Վանաձորի մանկատան կարիքներին:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն կազմակերպում է սկսած 2000 թվականից: Չորս օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ եւ այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին եւ կոչ անում մասնակցել Հայաստանի եւ Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին:

Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ: Նախորդ 11 հեռախոսամարաթոնների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ, եւ 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:

“Հայաստան՚համահայկական հիմնադրամ


Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply