Ամրագոտիներ չկապելու համար տուգանվել է 1646 վարորդ`յուրաքանչյուրը 5000 դրամ, իսկ օրինախախտ հետիոտները շուտով կտուգանվեն 3000 դրամի չափով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 15, 2009 14:38

Նորիկ Սարգսյան

Վերջին 10 օրում ամրագոտիներ չկապելու պատճառով 5000 դրամի չափով տուգանվել են 1 646 վարորդներ: Ընդհանուր առմամբ, տուգանքներից ստացվել է 8 մլն 230 հազար դրամ:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը այսօր լրագրողներին ներկայացրեց սեպտեմբերի 1-ից 10-ը հանրապետության տարածքում
«Զգուշացե’ք, երեխաներ են» նշանաբանով անցկացված անվտանգ երթևեկության տասնօրյակի արդյունքները:

Տասնօրյակի ընթացքում Ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20457 խախտում` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 9382-ով ավելի:

Սարգսյանն ասում է, որ նույնիսկ մգեցված ապակիները չեն խանգարում տեսուչներին հայտնաբերել առանց ամրագոտիների վարորդներին: «Ամրագոտիներ չկապելու պատճառով տուգանված 1646 վարորդներից մոտ 1000-ը ունեցել են մգեցված ապակիներով մեքենա»,-ասում է Սարգյանը:

Ոստիկանության տվյալներով`ամրագոտիներ կապելու դեպքում զոհերի թիվը կրճատվում է 30-40 տոկոսով: Սարգսյանը նշեց դեպքեր, երբ հատկապես տաքսու վարորդները ձևացնում են, թե կապել են ամրագոտիները, բայց իրականում գցում են ուսին:

Ծառայության պետն անդրադարձավ նաև փողոցն անցնելիս խախտումներ անող հետիոտներին. շուտով կվերահսկվեն նաև հետիոտների խախտումները:

«Անկախ»-ի այն հարցին, թե արդյոք տուգանքներ կսահմանվեն օրինախախտ հետիոտների նկատմամբ, Սարգսյանը պատասխանեց, որ այն հետիոտները, որոնք կանցնեն ոչ հոծ գծերի վրայով, կտուգանվեն 3000 դրամի չափով, իսկ այն վարորդները, ովքեր հետիոտնին պատկանող կանաչ լույսի տակ չեն զիջի ճանապարհը` 5000 դրամով»:

Ճանապարհային ոստիկանության ծառայության պետը նշեց, որ քաղաքացիները խախտումներ նկատելու դեպքում կարող են զանգել 1-77 թեժ գծի հեռախոսայհամարին: Երևան քաղաքում շրջում են 150-ից 200 ճանապարհային ոստիկանության տեսուչներ, որոնք հետևում են երթևեկությանը:

Շուտով հատուկ վերահսկվելու են նաև մեքենա վարելիս հեռախոսով խոսող վարորդները:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply