Վարչապետ. «Աջարիայի հայերին հուզող խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»

Պաշտոնական, Օրվա լուր | | November 19, 2011 17:36

Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցչներին: Ողջունելով նրանց` վարչապետը ներկայացրել է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նիստն ուներ առանձնահատուկ նշանակություն, որովհետև օրակարգում ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերվել են երկու երկրների միջհամայնքային հարաբերություններին և Վրաստանի հայկական համայնքին և, որոնք ունեն էական նշանակություն` երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու առումով:

Վարչապետը նշել է, որ նման նիստերի ժամանակ վրացի գործընկերների հետ փորձ է արվում գտնել համայնքի պահանջներյն բավարարող լուծումներ: Կառավարության ղեկավարն աջարահայերին հավաստիացրել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում են նրանց` գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:«Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի փուլ առ փուլ լուծենք այդ խնդիրները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանն անմիջական զրույց է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին են ներկայացրել իրենց հիմնական մտահոգությունները:
Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբարյանը Տիգրան Սարգսյանին խնդրել է օժանդակել Սուրբ Փրկիչ եկեղեցու հարակից տարածքում մշակութային կենտրոնի կառուցման հարցում, քանի որ ներկայում և՛ կիրակնօրյա հայկական դպրոցի դասերը, և՛ համայնքի մշակութային միջոցառումներն ընթանում են եկեղեցու տարածքում, ինչն այնքան էլ հարիր չէ հոգևոր կառույցին: Տիգրան Սարգսյանը խոստացել է անպայման զբաղվել այդ խնդրով:
Համայնքի հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը՝ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի ուղեկցությամբ այցելել է Բաթումի Արդարադատության պալատ, որտեղ ծանոթացել է վերջերս ներդրված մի շարք տեխնոլոգիաական նորամուծություններին, որոնք հնարավորություն են տալիս մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցել քաղաքացիներին:

 

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply