Եվրադատարանում Բուզանդի-17 հասցեի բնակիչները շահել են դատը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 17:05
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի hանրապետության դեմ, որի համաձայն ՀՀ կառավարությունը պետք է 18 500 եվրո փոխհատուցում վճարի Բուզանդի-17 հասցեի բնակիչներին` պետության կարիքների զոհ դառնալու համար:
Երևանի Բուզանդի-17 հասցեի նախկին բնակիչներ Հովհաննես և Աստղիկ Հովհաննիսյանները ու նրանց դուստրը` Լիանա Շիրոյանը, իրենց տնից բռնի վտարվել են 2005 թվականի դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է նրանց փաստաբան Վահե Գրիգորյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 15-ին ճանաչել է նրանց սեփականության իրավունքի խախտումը և փոխհատուցման վերաբերյալ վճիռ կայացրել: Այդ գումարը Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճարել որոշումը կայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում:
Հարցին, թե Հայաստանից քանի՞ նման գործ կա Եվրադատարանում, որոնք առնչվում են «պետական կարիքների» պատճառով մարդկանց սեփականությունից զրկելուն և քանիսն են դրանցից բավարարվել, փաստաբանը պատասխանել է. «Ես տեղյակ եմ մոտ 20 այդպիսի գործերի մասին, որոնք ընթացքի մեջ են: Դրանցից 3-ը բավարարվել են իրավունքի խախտումների մասով, երկուսով էլ փոխհատուցում է տրամադրվել: Վերջինը 18 500 եվրո էր, նախորդը կարծեմ 14 հազար եվրոյի սահմաններում էր»:
Նրա ներկայացմամբ, Եվրադատարանում բավարարված երեք գործերն էլ վերաբերում են Հյուսիսային և Գլխավոր պողոտաների կառուցապատման համար իրենց տներից զրկված քաղաքացիների գործերին:
Փաստաբանը NEWS.am-ին նաև հայտնել է, որ իր պաշտպանյալները պետության կարիքների համար իրենց սեփական տարածքներից օտարվել են կառավարության որոշմամբ, իսկ տեղահանումը տեղի է ունեցել ծեծի և բռնությունների միջոցով:
Եվրադատարանի վճռում նշվել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության` 1-ին հոդվածը (Սեփականության պաշտպանություն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք. ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով)։






Facebook
Tweet This
Email This Post
