Հայաստան վերադառնալ ցանկացող էմիգրանտների մեծ մասը Ռուսաստանի հայերն են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 15, 2009 15:35
Ամալյա Գրիգորյան, Գալուստ Նանյան

Ամալյա Գրիգորյան, Գալուստ Նանյան

2009 թ.  Երևանի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի, Լոռու`ապրիլի 1-ից գործող միգրացիոն տեղեկատվական կենտրոններ են դիմել 109 քաղաքացիներ, որոնցից 61-ը պոտենցիալ միգրանտներ, իսկ 48-ը` վերադարձածներ, իսկ թեժ գծի հեռախոսհամարով զանգողները 67-ն են:

Ընդհանուր առմամբ,  Ռուսաստան մեկնողների և այնտեղից Հայաստան վերադարձողների  թիվն ամենամեծն է` ըստ դիմող և տարբեր հարցերով զանգող քաղաքացիների տվյալների:

Այսօր « People in need» (PIN)-ի հայաստանյան մասնաճյուղի մամուլի պատասխանատու Գալուստ Նանյանն ու Երևանի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Ամալյա Գրիգորյանը ներկայացրին «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» համատեղ նախագծի(որի շրջանակում ստեղծվել են վերոնշյալ կենտրոնները) նպատակը, կատարված և կատարվելիք աշխատանքները:

«Մենք աջակցում ենք վերադարձողներին` կազմակերպելով նրանց համար վերապատրաստման դասընթացներ, մատուցելով խորհրդատվական ծառայություն տարբեր ոլորտներում, տրամադրելով դրամաշնորհներ սեփական գործը սկսելու համար,-ասաց Գալուստ Նանյանը,-3 տարվա կտրվածքով` ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել 25 բիզնես առաջարկներ»:

Երևանի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում գործող թեժ գծի` 53 09 28 հեռախոսահամարի միջոցով պոտենցիալ, վերադառնալ ցանկացող և արդեն վերադարձած միգրանտները կարող են ստանալ իրավաբանական, սոցիալտնտեսական խորհրդատվություն ինչպես Հայաստանի, այնպես էլ այն երկրի վերաբերյալ, որտեղ նրանք գտնվում են:

«Եթե մարդիկ նախքան օտար երկիր մեկնելը տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի, հավանական խնդիրների մասին, որոնք նրանց սպասվում են, ապա շատերը հետ կկագնեն իրենց որոշումից»,-կարծում է Ամալյա Գրիգորյանը:

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply