ԱԷՄԳ կառավարման խորհուրդը Իրանի մասին բանաձև է ընդունել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 11:48
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ նոյեմբերի 18-ի երեկոյան Իրանի մասին բանաձև է ընդունել, որում մտահոգություն է հայտնվում երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ: Դեմ են քվեարկել Կուբան և Էկվադորը: Ինդոնեզիան ձեռնպահ է մնացել, հայտնում է Reuters-ը:
Փաստաթղթում Իրանի նկատմամբ ինչ-որ հստակ պատժամիջոցներ չեն նշվում, ինչն արտացոլում է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը, որոնք պնդում են շարունակել խաղաղ երկխոսությունը Թեհրանի հետ:
Հիշեցնենք, ավել վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ բանաձևը կշռադատված է, հիմնված է ճշտված փաստերի վրա, կասկածելի և շինծու գնահատականներ ու եզրահանգումներ չի պարունակում: Այն կոչ է անում Իրանին և ԱԷՄԳ-ին ուժեղացնել համատեղ աշխատանքը և ողջունում է որոշման բանակցային տարբերակը:
Նոյեմբերի 8-ին ԱԷՄԳ-ը Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, համաձայն որի` այդ երկիրը միջուկային զենք է մշակում: Հրապարակումից հետո Եվրոպան և ԱՄՆ-ն Իրանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու կոչ արեցին, իսկ Ռուսաստանը հանդես եկավ «վեցյակի» ձևաչափով բանակցությունը շարունակելու օգտին (Ռուսաստաան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Չինաստան):
Նոյեմբերի 17-ին և 18-ին Վիեննայում կայացավ ԱԷՄԳ կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում Իրանի միջուկային խնդրի մասին զեկույցով հանդես եկավ տնօրեն Յուկիյա Ամանոն:






Facebook
Tweet This
Email This Post
