Ցվետանա Պասկալևա. Չեմ հեռանա Հայաստանից մինչև չտեսնեմ Արցախի վերջնական հաղթանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 15:44
Լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» տեսաձայնասկավառակները հեղինակից առաջինը նվեր ստացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆիլմերի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին Երեւանում: Ինչպես նշեց Պասկալեւան, չի հեռանալու Հայաստանից այնքան ժամանակ, մինչեւ չտեսնի Արցախի վերջնական հաղթանակը:
«Երբ ես գնացի Ղարաբաղ, տեսա, որ բնակչությունը անդադար անհանգստության մեջ էր, ես նրանց բոլորին համարում եմ հերոսներ: Չէի պատկերացնում, որ իմ մեջ կգտնվի այդքան ուժ’ տեսնելու այդ տեսարանները, եւ որոշեցի մնալ նրանց կողքին»,- ասաց Պասկալեւան: Նա նշեց, որ Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր ֆիլմերը ստեղծվել են ցուրտ, դաժան օրերին, երբ աշխատել են առանց որեւէ ջերմության:
«Ես դժվար եմ անցել այս ուղին, այն քարքարոտ էր ու փշոտ: Զրկվեցի ուսումից, հեռացա իմ հայրենիքից, բայց չեմ զղջում: Սա իմ տունն է: Երբ մեկ ամսով մեկնում եմ Հայաստանից, կարծես որբացած լինեմ: Ես հերոս տղաների գերեզմաններին երդվել եմ, որ կնկարահանեմ այս ֆիլմերը, եւ հիմա իմ խոստմանը տեր եմ կանգնել»,- նշեց Ցվետանա Պասկալեւան:
Շնորհանդեսին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ռեժիսորը անփոխարինելի եւ հսկայական աշխատանք է կատարել: «Սա մի աշխատանք է, որի չլինելու դեպքում մենք չէինք ունենա ամբողջական պատկերացում: Խնդրի վերաբերյալ աշխատություններ են կատարել ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի վավերագրողները, սակայն Պասկալեւային հաջողվել է ավելի ամբողջական պատկերացում տալ: Բոլորս պետք է կարողանանք համոզել աշխարհին ղարաբաղցիների ազգային ճշմարտացիությունը: Վստահ եմ, որ Պասկալեւան դառնալու է այս պայքարի ամենաակտիվ մասնակիցը»,-ասաց նախագահ Սարգսյանը:
Զորի Բալայանի գնահատմամբ’ Պասկալեւան կին է, ում հաջողվել է մտնել Գետաշեն, երբ թուրքերը արդեն գրավել էին այն: «Այդ գեղեցիկ աղջնակը կարողացել է սխրանքներ կատարել: Նա մասնակցել է բոլոր կռիվներին’ Շուշիում, Քելբաջարում, Աղդամում: Այս ֆիլմերը շատ կարեւոր են, քանի որ 20 տարի է անցել այդ օրերից եւ դրանք կադրեր են ոչ միայն այսօր դիտելու համար, այլեւ «դատավորները» պետք է տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել’ սկսած Սումգայիթից, Գետաշենից»,- ասաց Բալայանը:
Լեռնային Ղարաբաղի մասին Պասկալեւան նկարահանել է 7 ֆիլմ’ «Բարձունքներ. հույսեր», «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում», «Իմ թանկագին ողջեր ու մեռածներ», «Ղարաբաղի վերքերը», «Իրենց հողի զինվորները», «Լռություն», «Հավատ ու ոգի»: Ֆիլմերը թողարկվել են վեց լեզուներով ‘ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ բուլղարերեն:
Տեսաձայնասկավառակների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղի տարբեր հաստատություններ:






Facebook
Tweet This
Email This Post
