«Ջավախահայության այսօրվա նսեմացված վիճակը հնարավոր դարձավ հայոց պետական այրերի կեցվածքի պատճառով»
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 15:30
«Վրաստանում ազատազրկված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն այսօր հայերիս համար Հրանտ Դինքն է: Այսօր մենք հարևան երկրում ունենք քաղբանտարկյալ, ով անգամ բանտում նստած գլխավորում է ջավախահայերի պայքարը` թույլ չտալով ոտնահարել իրենց ազգային արժանապատվությունը»,- այս մասին այսօր` նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կուր-Արաքս հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը:
«Վահագն Չախալյանի ձերբակալությունը եւ ջավախահայության այսօրվա նսեմացված վիճակը հնարավոր դարձավ հայոց պետական այրերի կեցվածքի պատճառով»,- նշեց նա:
Տիգրան Խզմալյանի խոսքով, վրացական իշխանությունները խնդիրը ներկայացնում են որպես ազգային փոքրամասնության հետ կապված հարց, մինչդեռ Ջավախքի հայությունը փոքրամասնություն չէ, բնիկ հայությունն է, որը ապրում է այդ տարածքում հազարամյակներ շարունակ:
Անդրադառնալով ջավախահայ ծագումով պատգամավորների քայլերին` ասուլիսի մյուս բանախոսը` Կուր-Արաքս հիմնադրամի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այդ պատգամավորները այս նույն համակարգի ներկայացուցիչներն են եւ նրանք ավելի շատ վնաս են պատճառում ջավախահայության դատին, քան օգուտ:
Նշենք, որ Ջավախքում Խորհրդային միության փլուզումից հետո միաժամանակ ապրեց ոգեւորություն: Ալեք Ենիգոմշյանի խոսքով` Ջավախքը` որպես հայկական տարածք, չի դրել անջատման, ինքնավարության խնդիր, եւ եթե Ջավախքում 1990-ականներին հաջողվում էր հայկականության պահպանումը, ապա 2000-ական թվականներին դա դժվարացավ: Իսկ «Միասնական Ջավախք» շարժման անդամ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008 թվականի ամռանը: Նրան Վրաստանի իշխանությունները մեղադրել են իշխանության ներկայացուցչին դիմադրելու, զենքի և զինամթերքի ձեռքբերման և պահման, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Նա վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութում:
Այսօր Չախալյանի խնդիրը ներկայացվել է Եվրադատարան եւ ապասում են վճռին:
Ի դեպ, նոյեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Տիկնիկային թատրոնի դիմացի շենքում կկայանա միջոցառում` նվիրված ջավախահայության և Վահագն Չախալյանի խնդրին:






Facebook
Tweet This
Email This Post
