“…միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների և օրենքների շուրջ”,-Սերժ Սարգսյան(լուսանկարներ)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | November 18, 2011 14:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու նիստում մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի քաղաքապետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնում մաղթել նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը

 

Վեհափա՛ռ Տեր,

Երևանի ավագանու հարգելի՛ անդամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ բոլորիս Երևանի նոր քաղաքապետի ընտրության կապակցությամբ: Ցանկանում եմ նրան ուժ, կորով, եռանդ, հաստատակամություն և հաջողություն Երևանի քաղաքապետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնում:

Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախորդ քաղաքապետին: Կարեն Կարապետյանը կարճ պաշտոնավարեց, սակայն հասցրեց հետք թողնել Երևանի պատմության մեջ: Հաջողություն եմ մաղթում նրան` իր նոր ձեռնարկումներում:

Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ մեր մայրաքաղաքի կյանքը կազմակերպելու գործում և տեղական ինքնակառավարման բնագավառում: Ավանում նա իրեն դրսևորել էր որպես համայնքի հմուտ և հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը: Այդ համակրանքը չի սահմանափակվում ո՛չ Ավանով և ո՛չ էլ Հանրապետական կուսակցությունով:

Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի և «Մարգարյան» անվան հանդեպ: Տարո՛ն, դու մեզ ու քո բոլոր համաքաղաքացիներիդ հուսախաբ անելու իրավունք չունե՛ս: Մենք բոլորս քո կողքին կանգնած ենք  և մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու և սատարելու: Բայց, ինչպես հայտնի է, օժանդակությունն ու աջակցությունը շատ լավ բաներ են, սակայն յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքը պետք է կռի իր ճակատագիրը, ինքը պետք է լավ աշխատի: Անհրաժեշտ է ձևավորել համախոհների մեծ թիմ և շարունակել լուծել Երևանի առջև ծառացած բոլոր ժամանակների համար ամենակարևոր խնդիրը՝ թեթևացնել երևանցիների հոգսերը և Երևանը դարձնել ավելի հարմարավետ երևանցիների և մեր հնագույն մայրաքաղաքի հյուրերի համար:

Մեր առջևում կարևոր ժամանակաշրջան է: Շատերը, եթե ոչ բոլորը, խոսելու են միասնության մասին: Դա, իհարկե, շատ ճիշտ և ողջունելի մոտեցում է: Սակայն պարտադիր է հստակեցնել` այդ միասնությունը ի՞նչի շուրջ է պետք կառուցել: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է՝ միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների և օրենքների շուրջ: Այս արժեհամակարգին պատկանող յուրաքանչյուր անհատ մեր համախոհն է, մեր բնական դաշնակիցը:

Քաղաքապետը, ավագանու անդամները և քաղաքապետարանի անձնակազմը պետք է մշտապես կապ պահեն բնակչության հետ: Նախորդ երեք տարիների ընթացքում դրվեց բակային այցեր և հանդիպումներ անցկացնելու շատ գեղեցիկ ավանդույթ: Այն պետք է շարունակել, որպեսզի քաղաքի իշխանությունները չկտրվեն իրականությունից և հստակ գիտակցեն, թե ինչո՞վ է ապրում և շնչում մեր մայրաքաղաքը:

Այսօր անհրաժեշտ է մարդկանց միավորել ու օգնել, որպեսզի նրանք տեր կանգնեն ոչ միայն իրենց օջախին, այլև շենքին, բակին, շրջանին և, այսպիսով, ամբողջ քաղաքին: Սա է քաղաքապետի, ավագանու և քաղաքապետարանի առաքելությունը:

Վստահ եմ` պարոն Մարգարյանը պատրաստ է պատվով կատարել այս դերը: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ, Տարո՛ն, և նորից քեզ մաղթում եմ հաստատակամություն:

 

 

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply