Վլադիմիր Գասպարյան. Ոստիկանությունը ազատվում է զբոսաշրջիկ ու «անշարժ գույք» աշխատակիցներից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 10:06
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության շենք է մտնում կենտրոնական մուտքից, մինչդեռ նախորդները, հատուկ արարողակարգով շենքի բակ էին մտնում մեքենաներով: NEWS.am-ի թղթակիցը ոստիկանապետին հանդիպեց հենց շենքի մուտքի մոտ. Հարցը, թե միշտ է իր ենթակաների հետ նույն մուտքով շենք մտնում, Գասպարյանը թողեց անպատասխան, փոխարենը պատասխանեց մի քանի այլ հարցերի:
Պարոն Գասպարյան, Դուք նշանակվելուց անմիջապես հետո հայտարարել էիք, որ կադրային ջարդ չի լինի, քանի որ ավելորդ սթրես է: Սակայն ակտիվորեն իրականացվող փոփոխությունները չեն նշանակո՞ւմ, որ հակասում եք Ձեր հայտարարությանը:
Որպես կանոն` ես չեմ հակասում իմ հայտարարություններին: Կադրային ջարդ ես հասկանում եմ քմահաճույքով գործելը, չորը թացից չտարբերելով` մադկանց ինքնանպատակ աշխատանքից հանելը: Այն, ինչ կատարվում է այս օրերին, չի կարելի համարել կադրային ջարդ, քանի որ նախ նշանակումներից մի քանիսը թափուր տեղերում են եղել, մյուս դեպքերում կատարվել է ռոտացիա: Մի քանի դեպքում էլ պաշտոնից ազատվել են նրանք, ովքեր իրենց գործունեոթյամբ, աշխատելաոճով որոշակի լարվածություն են ստեղծել համակարգում եւ չէին համապատասխանում այսօրվա պահանջներին եւ շատ ժամանակ «անշարժ գույքի» կարգավիճակում են եղել: Նրանց փոխարինում են տեղերում աճած, աշխատանքային լավ արդյունք ցուցաբերած, ժամանակի պահանջներին համապատասխանող երիտասարդներ, որոնք զերծ են կարծրատիպերից եւ այլ արժեհամակարգ ունեն: Ազատվում են նաեւ նրանք, ովքեր, այսպես ասած, զբոսաշրջիկի կարգավիճակում են եղել: Կրկնում եմ` դա կադրային ջարդ չէ, այլ աշխատանքների արդյունավետության բարձրացում, եւ դա ոչ թե սթրես է առաջացնում, այլ աշխատող մարդուն գնահատված լինելու բերկրանք:
Նշանակվելուց հետո Դուք հայտարարեցիք նաեւ, թե «խոսքից գործի անցնելու ժամանակն է»: Ձեր նշած գործը սահմանափակվելու է կադրային փոփոխություններո՞վ:
Դուք երեւի սովոր եք մարդկանց, որոնք կամ խոսում են կամ գործում, իսկ մենք համատեղում ենք խոսքն ու գործը:
Այնուամենայնիվ ո՞ր խնդիրներն են առաջնային լինելու:
Առաջնային խնդիրները` որակական փոփոխություն, նոր արժեհամակարգ, որի նպատակն է վերադարձնել տարիների ընթացքում համազգեստից վերցրածը, վերափոխել ոստիկանին, քանի որ ոչ մի բարեփոխում չի կարող լինել արդյունավետ, քանի դեռ ոստիկանն ինքը ներքուստ չի բարեփոխվել: Համակարգը բերել կառուցվածքային փոփոխությունների, որ ոստիկանությունը դառնա ավելի օպերատիվ, հասարակության համար ավելի ընկալելի, որպեսզի քաղաքացին ոստիկանի մեջ տեսնի իր օգնականին, պաշտպանին, իսկ հանցագործն ու իրավախախտը` անաչառ իրավապահին:
Մամուլում բազմիցս է գրվել ոստիկանության ու դատախազության համակարգերի միջեւ առկա լարվածության մասին: Այս հարցը չի՞ մտահոգում Ձեզ:
Նախեւառաջ այդպիսի երեւույթ այսօր չկա, նման հակասություն չի կարող լինել , ծառայում ենք նույն նպատակին եւ անձնական ամբիցիաները խառնել պետականին, կարծում եմ տկարամություն է, ում կողմից էլ դա դրսեւորվի` սկսած ինձնից:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
