Ի՞նչ է քննարկվել ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 17, 2011 23:17
Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում ավարտվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի աշխատանքային նիստը, որին մասնակցել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ նիստի ընթացքում պաշտոնանկությունների որեւէ հարց չի քննարկվել: Նրա խոսքով, քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական շտաբների ձեւավորման խնդիրներ:
Քննարկվել է նաեւ նախորդ կիրակի Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի պարտության հարցը, վեր են հանվել պարտության պատճառները:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, ըստ Շարմազանովի, որոշում է կայացվել, որ հաշվի առնելով, որ այդ գործով նախաքննություն է ընթանում, այդ հարցին կանդրադառնան իրավական ընթացակարգերի ավարտից հետո:
Հարցին, թե արդյոք չի քննարկվե՞լ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուի հարցը, հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել, ՀՀԿ մամուլի քարտուղարն արձագանքեց. «Քանի դեռ Հովիկ Աբրահամյանը պաշտոնավարում է ԱԺ նախագահի պաշտոնում, կոռեկտ չենք համարել այդ հարցը քննարկել»:
Նիստին բացի երկրի նախագահից, մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
