Դրամական շրջանառությունը միջնադարյան Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 23, 2011 7:00

Այսօր դրամը համարվում է ոչ միայն առևտրի միջոց, այլև պետականության խորհրդանիշ: Սակայն դարեր առաջ այնքան մասսայական կիրառություն չի ունեցել, ինչպես այսօր:

Հայտնի է, որ աշխարհում առաջին դրամական միավորը ստեղծել են փյունիկացիները, մ.թ.ա. XII դարում: Մինչ այդ առևտուրն իրենից ներկայացնում էր սոսկ ապրանքափոխանակություն: Փյունիկացիներից դրամը տարածվեց Արևելքում` Պարսկաստանում, Ասորիքում, Եգիպտոսում, Բաբելոնում, Հայաստանում և ներթափանցեց նաև Եվրոպա` Հունաստան, Հռոմ, ինչպես նաև` Հյուսիսային Աֆրիկա` Կարթագեն:

Հայերենում դրամ բառը ծագել է պարսկական դրահմայից, որ Աքեմենյան Պարսկաստանի դրամական միավորն էր: Մեր լեզվում ունենք նաև փող արտահայտությունը, որ ավելի ուշ շրջանի ծնունդ է:

Պետական իշխանությունը հարկահանությունը ժողովրդից նույնպես կատարել է բնամթերքի միջոցով: Բացի բուն բնամթերքից, կիրառական է եղել հատկապես հարկահանությունը անասնագլխաքանակի ձևով: Սա, ինչ խոսք, նաև նպաստել է գյուղատնտեսության այդ ճյուղերի զարգացմանը:

Մ.թ.ա. IX դարում, երբ Հայաստանի տարածքում կազմավորվեց Վանի Արարատյան թագավորությունը, պետական կենտրոնաձիգ իշխանությանն արդեն չէր կարող բավարարել առևտրի և հարկահանության այդ ձևը: Բացի այդ, երկրի տարածքում ձևավորվեցին քաղաքները և քաղաքային բնակչությունը, իսկ քաղաքներում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները սահմանափակ էին: Առաջացավ արհեստագործությունը, բայց արհեստագործական ապրանքների իրացման հնարավորություններն էլ քիչ էին: Այդ ժամանակահատվածում պետական հարկահանությունը կատարվում էր հարկադիր աշխատանքի ձևով:

Սակայն պետական իշխանության ամրագրման և հզորացման հետ մեկտեղ աճում են նաև պահանջները: Այս ժամանակաշրջանում կենցաղում, պետության մեջ բարձրանում է մետաղի դերը: Մետաղներն առհասարակ ստանում են ռազմավարական նշանակություն: Շատ պատերազմներ են մղվում մետաղական հանքավայրերին տիրանալու համար: Հիշենք թեկուզ Ալեքսանդր Մակեդոնացուն, որ իր Մենոն զորավարին ուղարկել էր Հայաստան` Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով:

Մետաղների մեծածավալ շահագործման և արդյունահանման հետ մեկտեղ փոխվում են ոչ միայն մարդկանց աշխատանքային գործիքները, այլև պետությունը սկսում է իր համար ռազմավարական պաշարներ կուտակել հենց մետաղական իրերից: Դրանք հիմնականում զենքեր էին` սրեր, վահաններ, նաև ոսկու և արծաթի, պղնձի ձուլածո կտորներ: Կտրուկ բարձրացավ ոսկու և արծաթի գինը: Եթե պղինձն ավելի շատ կենցաղային նշանակություն ուներ, ապա նրա ավելի ազնիվ եղբայրները հարստության չափանիշ դարձան և ռազմավարական նշանակություն ստացան:

Պետության մեջ «բանկի» դերակատարումը ստանձնել էին հոգևոր տաճարները: Արարատյան թագավորության մեջ նման ամենամեծ ոսկու պահուստը Մուսասիրի տաճարն էր:

Այստեղ հայոց արքաները հարյուրավոր տոննաներով մետաղ էին կուտակել: Ասորեստանի տարեգրությունն ասում է, որ երբ մ.թ.ա. 714 թ. Ասորեստանի Սարգոն Բ թագավորը գրավեց Մուսասիրի տաճարը, այնտեղից տարավ ավելի քան 2 տոննա ոսկի, 10 տոննա արծաթ, 114 տոննա բրոնզ:

Առհասարակ Սարգոն թագավորն իր արշավանքների ժամանակ բռնագրավել էր ավելի քան 6 տոննա ոսկի, 1200 տոննա արծաթ և անսահման քանակությամբ պղինձ ու բրոնզ:

Նման դեր ունեին նաև հունական տաճարները. մասնավորապես` Զևսի տաճարն Աթենքում:

Այրարատյան  թագավորները հարկատու երկրներից հարկերը գանձում էին նաև մետաղով. մասնավորապես` Արգիշտի Ա-ի արձանագրության մեջ կարդում ենք, որ Դիաուխի տիրակալը հայոց արքային որպես հարկ վճարել է 41 մինա ոսկի, 37 մինա արծաթ և10 հազար մինա բրոնզ: Այսինքն` տվյալ ժամանակաշրջանում դրամի փոխարեն կիրառվող շրջանառու միջոցը մետաղն է եղել:

Ավելի ուշ` մ.թ.ա. VI-IV դարերում Հայաստանում ծաղկում է  առևտուրը: Հայաստանի տարածքով էր անցնում «Արքայական պողոտայի» մի հատվածը` մոտ 350 կմ: Ըստ Քսենոֆոնի` այդ ճանապարհի յուրաքանչյուր 25 կիլոմետրի վրա իջևանատեղի կար: Բնականաբար, այդ ամենն արտաքին և ներքին առևտրի զարգացման համար էր արված:

Եվ հնագիտական պեղումներից պարզվում է, որ մ.թ.ա. VI դարից սկսած` Հայաստանում աշխույժ դրամական շրջանառություն կար: Այդ մասին վկայում է ոչ միայն Քսենոֆոնը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոչ միայն պարսկական, այլև աթենական, միլեթական դրամներ: Հետևաբար քսենոֆոնյան ժամանակաշրջանում Հայաստանն արդեն ակտիվ առևտուր ուներ ոչ միայն դրկից Պարսկաստանի, այլև` Եվրոպայի հետ:

Իսկ մինչ այդ, պատմիչների հավաստմամբ, հայերը բնամթերքով առևտուր էին անում Միջագետքի հետ. տիկերով ու փայտերով լաստեր էին պատրաստում, Տիգրիսով ու Եփրատով ապրանքը հասցնում Միջագետք, վաճառում և այնտեղ գնած ապրանքները էշերով ու ջորիներով բերում Հայաստան: Հայերը արտահանել են միրգ, կաշի, գինի, օղի, գարեջուր…

Այս ժամանակամիջոցում, երբ Հայաստանում արդեն լայն կիրառություն ստացավ դրամաշրջանառությունը, առանձնանում է բնակչության մի խավ, որը զբաղվում է վաճառականությամբ: Շրջանառու դրամները հիմնականում պարսկական էին. ոսկե, արծաթե և պղնձե դահեկաններ: Այս դրամների վրա պատկերված էին պարսից արքաները` մի ոտքով ծնկաչոք, արքայական ծիրանիով փաթաթված: Ոսկյա և արծաթյա դրամների հարաբերությունները մեկը քսանի էին: Սակայն աքեմենյան տիրապետության շրջանում դեռևս գերիշխող էր բնամթերքով և մետաղի ձուլակտորներով առևտուրը:

Հայտնի առաջին հայկական դրամները վերաբերում են մ.թ.ա. IV դարին, երբ հայոց թագավորներ Տիրիբասն ու Օրոնտեսnն (Երվանդ) իրենց դրամները հատեցին:

Այն, որ ժամանակին Հայաստանում զարգացած էր արտաքին առևտուրը, հետևաբար` վաճառականությունը, վկայում է նաև փաստը, որ առաջին հայկական դրամները դաջված էին հունարեն և արամեերեն տառերով: Հայկական դրամները շրջանառվում էին ոչ միայն բուն Հայաստանում, այլև` Միջագետքում, Փոքր Ասիայի հունական քաղաքներում: Տիրիբասի դրամները բացառապես արծաթից են, և դրանց վրա, բացի հայոց տիրակալից, պատկերված է նաև Անահիտ աստվածուհին: Երվանդ-Օրոնտեսը թողարկել է ոսկե, արծաթե, պղնձե դրամներ:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո Հայաստանում գերակշռող դարձան հունական և սելևկյան դրամները: Սակայն Հայաստանում շրջանառվում էին նաև տեղական նշանակության հայկական դրամներ, որոնք թողարկել են Փոքր Հայքի և Ծոփքի հայոց տիրակալներ Քսերքսեսը, Արշամը, այլք: Այս դրամների վրա հանդիպում ենք ոչ միայն Անահիտ դիցուհու, այլև միապետի պատկերը:

Հայկական դրամները միջազգային ճանաչում ստացան և միջազգային շրջանառության մեջ մտան Արտաշիսյան հարստության օրոք, երբ Հայաստանը դարձավ Մերձավոր Արևելքի աշխարհակալ տերություն: Արդեն Տիգրան Բ Մեծն իր դրամների վրա նշում էր իր «արքայից արքա» տիտղոսը, դրամը ոչ միայն առևտրի և վճարման միջոց էր, այլև` պետական իշխանության խորհրդանիշ: Տիգրան Մեծի դրամների վրա արդեն Անահիտ աստվածուհու փոխարեն պատկերված է աստվածահայր Արամազդը:

Տիգրանն իր դրամները հատում էր Արտաշատում, Տիգրանակերտում, որտեղ դեռ վաղուց փողերանոցներ կային, ինչպես նաև` Անտիոքում, Դամասկոսում: Տիգրանը դրամների վրա պատկերված է շքեղաշուք թագով, թագի վրա պատկերված է պետության զինանշանը` զույգ արծիվներ: Հստակ երևում են արքայի հանդերձանքը և զարդարանքները: Դրամի վրա պատկերված է նաև արևի պաշտամունքը խորհրդանշող աստղը: Որոշ դրամների վրա պատկերված է առատության եղջյուրը: Բացի Արամազդից, Տիգրան Մեծի դրամների վրա պատկերված են նաև այլ աստվածություններ` Վահագնը, հաղթանակի թևավոր դիցուհին, Անահիտը… Հետաքրքիր ձևով պատկերված է նաև Անահիտ աստվածուհու կերպարը Տիգրանի դրամների հակառակ կողմում. Անահիտը բազմած է ժայռաբեկորի վրա, ձեռքին` արմավենու ճյուղ, գլխին բրգաձև թագ, իսկ ոտքերի տակ` ջրի աստվածությունը ` լողացող մերկ մարդու կերպարանքով:

Առհասարակ հայկական և պարսկական դրամները շատ նմանություններ ունեն. մի էական տարբերություն կա միայն. հայոց արքաները դրամների վրա պատկերված են` բացառապես դեմքով դեպի աջ, իսկ պարսից գահակալները` դեպի ձախ:

Տիգրանի որդու` Արտավազդի դրամների վրա հայոց արքան մեծարված է «աստվածային» տիտղոսով: Հայոց դիցարանում եղել է նաև Տիգրանի պաշտամունքը: Առհասարակ, քանի որ դրամների վրա պատկերված էին պաշտամունքային համարում ունեցող երկրի տիրակալները, և դրամի հակառակ կողմում պատկերված էին նաև աստվածուհիներ, դրամը դեռ շատ վաղուց պաշտամունքի առարկա էր դարձել: Այն նաև որպես զարդ էին կրում:

Վերջին Արտաշիսյանների դրամները հիմնականում թողարկված էին Արտաշատում և նախկինի պես միջազգային մեծ շրջանառություն չեն ունեցել, բայց պակաս պերճաշուք չէին իրենց պատկերներով ու արձանագրություններով: Տիգրան Գ-ի դրամի վրա արձանագրված է. «Մեծն արքայի Տիգրան աստծո»: Դրամի հետևի մասում երբեմն պատկերված է առյուծ, երբեմն` ձի կամ նույնիսկ փիղ:

Տիգրան Դ-ի դրամները առանձնանում են նրանով, որ դրամի հակառակ կողմում պատկերված է հայոց թագուհին ու նրա քույրը` Էրատոն: Վերջինս դրամի վրայի արձանագրությունում հանդես է գալիս ոչ թե որպես թագուհի, այլ` «Էրատո` Տիգրան արքայի քույրը»:

Այս ժամանակաշրջանից հայտնի են նաև Հայաստանին նվիրված հռոմեական դրամներ: Մասնավորապես, Մարկ Անտոնիոսն իր և Կլեոպատրայի դիմապատկերներով դրամ է թողարկել «Հայաստանը պարտված» արձանագրությամբ: Հայտնի է Հուլիոս Կեսարի` «Կեսար. աստծո որդի. Հայաստանը նվաճված» արձանագրությամբ կամ Օկտավիանոս Օգոստոսի նմանատիպ գրությամբ դրամները:

Արտաշիսյան հարստության անկումից հետո Հայաստանում դրամական շրջանառությունը չդադարեց: Հայաստանը եղել և մնում էր միջազգային տարանցիկ առևտրական ուղի: Ուղղակի այստեղ արդեն Արտաշիսյանների դրամների հետ շրջանառվում են ավելի մեծ ծավալներով հռոմեական և պարթևական դրամներ:

Առաջին Արշակունի թագավորները դրամներ չեն հատել: Սակայն 183 թվականից Արտաշատում դարձյալ սկսվում է դրամահատումը: Սրանք պղնձե դրամներ էին, որոնց մի կողմում պատկերված էր մայր աստվածուհին` Անահիտը, մյուս կողմում `  հաղթանակի թևավոր դիցուհին: Դրամի վրա հունարեն արձանագրված է. «Արտաշատ մայրաքաղաքի դրամը»:

Արշակունիների թագավորության շրջանում Հայաստանում շրջանառվում էին պարսկական և բյուզանդական դրամներ: Շուտով, սակայն, պարսկական դրամներին փոխարինելու եկան արաբականները: Արաբները Դվինի փողերանոցում էլ դրամներ էին հատում: Դվինի դրամներից հայտնաբերվել են անգամ Եվրոպայի ծայրամասերում: Դրանք արտաքին շրջանառության համար նախատեսված արծաթե և պղնձե դրամներ էին:

Հայաստանում արաբական դրամները երկար մնացին շրջանառության մեջ: IX դարում` Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Հայաստանում մեծ թափով զարգացավ առևտուրը: Երկիրը գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհների վրա, և հայ առևտրականները զբաղվում էին տարանցիկ առևտրով Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների, Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Բուն Հայաստանում ևս զարգացած էր առևտուրը: Պատմիչները գունեղ են նկարագրում Անիի, Դվինի, Արծնի և այլ քաղաքների զարգացած առևտուրը: Մանավանդ Արծնը միշտ նշվում է որպես «վաճառաշատ քաղաք»: Այսինքն` այդ թվականներից արդեն Հայաստանում ունեինք հստակ ձևավորված վաճառականական խավ:

Այս ֆոնի վրա հետաքրքիր է և տարօրինակ, որ Անիի Բագրատունի հզոր տիրակալները սեփական դրամ չեն հատել: Սեփական դրամ ունեին Հայոց թագավորներին ենթակա վրաց գահակալները, Լոռու փոքրիկ հայկական թագավորությունը, բայց ոչ վաճառաշատ Անին: Ըստ երևույթին, օտար կապիտալի շրջանառությամբ հայ գահակալները ցանկացել են ավելի զարգացնել Հայաստանի տարածքով անցնող միջազգային առևտուրը:

Բագրատունիների օրոք Հայաստանում, մանավանդ Դվինում և Պարտավում, արաբական դրամներ էին թողարկվում:

Հետագայում հյուսիսում` Ախթալայում, վրաց Բագրատունիների դրամահատարանը հաստատվեց: Մինչ այդ Ախթալայում էր նաև Լոռու Կյուրիկյան թագավորների դրամահատարանը: Լոռու Կյուրիկե Բ արքայի դրամների մի կողմում պատկերված է Քրիստոսը, մյուս կողմում արձանագրված է. «Աստված օրհնե Կուրիկե կուրոպաղատին»:

XII-XIII դարերում, երբ Հայաստանում հաստատվեց Զաքարյանների իշխանապետությունը, առևտուրը և դրամական շրջանառությունը երկրում ավելի զարգացան: Սակայն Զաքարյանները շարունակեցին Բագրատունի թագավորների դրամական քաղաքականությունը և սեփական դրամ չհատեցին: Հայաստանում շրջանառվում էին Ախթալայում հատված վրացական դրամները, Ելկտուզյանների և Դանիշմանյանների դրամները: Այնքան մեծ էր Հայաստանի ու հայ վաճառականության դերը, որ քրդական ծագմամբ այս ամիրաներն իրենց դրամների վրա պատկերում էին Քրիստոսին, Աստվածամորը` հայերեն արձանագրություններով: Մոնղոլական դրամների վրա, որ միջազգային մեծ շրջանառության մեջ էին, արձանագրված էին հայերեն և արաբերեն լեզուներով:

Առհասարակ, դրամի դերն այդ ժամանակ այնքան էր մեծացել, որ հարկերն ու տուրքերը գանձվում էին միայն դրամով: Առաջ եկավ վաշխառուների խավը: Եթե առաջներում հարստության չափանիշը հողն էր, անշարժ գույքը, ապա այժմ` դրամը, գանձը:

Այս ժամանակաշրջանում Կիլիկիայի հայոց թագավորությունում նույնպես ծաղկում էր առևտուրը, դրամաշրջանառությունը: Կարելի է ասել, որ Կիլիկիայում շատ ավելի զարգացած էր, քան բուն Հայաստանում: Դրան նպաստում էին ծովի առկայությունը և հարավային առևտրական ճանապարհների մոտիկությունը: Կիլիկիան արտաքին առևտրի մեջ էր Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ղրիմի, Եգիպտոսի, Ջենովայի, Վենետիկի, այլ երկրների հետ:

Կիլիկիայի իշխանները և թագավորներն ունեին իրենց դրամները: Պահպանվել են նրանց տասնյակ հազարավոր դրամներ և գտնվել են Կիլիկիո սահմաններից շատ ու շատ հեռու: Այսինքն` Կիլիկիո դրամները արտաքին առևտրում ընդունված և կիրառելի էին: Կիլիկիայում դրամային շրջանառությունն ուժեղացավ հատկապես Լևոն Բ արքայի օրոք: Այս դրամները հատված են Սիս քաղաքում, վրան պատկերված է հայոց արքան, հակառակ կողմում` մեկ կամ երկու առյուծ` խաչի նշանով և արձանագրված է տիրակալի անունը: Կիլիկյան դրամները ոսկուց էին, որ հիմնականում շքադրամներ էին, արծաթից ու պղնձից: Պղնձյա դրամները կոչվում էին դանգ: Կիլիկյան դրամները տարբեր ժամանակներում կշռել են 1.3-7.2 գրամ: Հետագայում հայոց արքաները թողարկեցին նաև երկլեզվյան` հայերեն և արաբերեն դրամներ: Հեթում Ա-ն դրամներ թողարկեց, որոնց վրա ինքը պատկերված է ձիու վրա նստած: Այդ դրամները կոչվեցին քարտեզ:

Հետաքրքիր են Կոստանդին Ա-ի դրամները, որոնցում հայոց արքան նստած է ձիուն, աջ ձեռքին սուր բռնած և արձանագրված է. «Սսոյ բերդն է թագավոր»: Երբեմն թագավորը պատկերված է կանգնած դիրքով: XIV դարում արդեն Կիլիկիայում հանդես է գալիս փող կոչվող դրամը: Սրանք խոշոր տրամագծով դրամներ էին, որոնք հետագայում փոքրացան:

Կիլիկյան թագավորության անկումից հետո Կիպրոսի թագավորները թողարկեցին դրամներ, որոնցում արձանագրված էին նրանց`  իբրև հայոց թագավորների տիտղոսները: Սակայն սրանք որևէ առնչություն չունեն հայ իրականության հետ: Կիլիկիան հայոց անկախության վերջին հանգրվանն էր, և XIV դարի վերջից այլևս ազգային դրամներ չունեցանք: Հայաստանում շրջանառվող դրամական միջոցները օտար ծագման էին ու պատկանում էին նվաճող երկրներին:

Միայն Հայաստանի հանրապետության օրոք` 1919 թ. գործածության մեջ մտավ հայկական դրամը` ճախարակը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3107 անգամ:
Print Friendly

Leave a Reply