Բյուջեի քննարկումներում առավելությունը կարող է նաև թերություն դիտվել

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 17, 2011 17:00

Յուրաքանչյուր տարվա բյուջեի քննարկումները կանխորոշում են հաջորդ տարվա զարգացումները և այն հիմնական ուղղություններն ու թիրախները, որոնք նախատեսում են իրականացնել Ազգային ժողովն ու կառավարությունը: Այդ իսկ պատճառով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որ կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը, միշտ էլ թեժ քննարկումների առարկա է դառնում:

2012 թ. պետական բյուջեն էլ, ինչպես նախորդ բյուջեները, արդեն արժանացել է գնահատականների և՛ տնտեսական ու տնտեսագիտական, և՛ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում: Ազգային ժողովում ներկայացված թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևերի ներկայացուցիչները  «Պետբյուջե 2012»-ի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերի դիտարկումներ են արել:

«Եկող տարվա բյուջեն մի քանի առանձնահատկություն ունի: Առաջինն այն է, որ վերջապես մեր պետական բյուջեի դեֆիցիտը հասնում է այն թույլատրելի սահմանին, որը մակրոտնտեսական կայունության տեսանկյունից այլևս վտանգ չի ներկայացնում. խոսքը 3 տոկոսի մասին է: Անցնող տարվա  համեմատությամբ սա մոտ 12 միլիարդով պակաս է»,- նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հաջորդ կարևոր դրական տարբերությունը, ըստ Գագիկ Մինասյանի, այն նախադրյալներն են, որոնք հնարավորություն են տվել կառավարությանը Ազգային ժողով ներկայացնելու բյուջի նախագիծ ՀՆԱ-ի 4.2 տոկոսի աճով: «Մենք կարողացանք առաջանցիկ ձևով բարձրացնել արդյունաբերության և գյուղատնտեսության մասնաբաժինը, եթե համեմատենք եկող տարվա կանխատեսված ՀՆԱ-ի կառուցվածքը, ապա հեշտ է տեսնել, որ շինարարության չափաբաժինը շուրջ 10 տոկոսով ավելի փոքր է, քան նախաճգնաժամային` 2008 թ. ՀՆԱ-ի կառուցվածքում: Եվ այդ 10 տոկոսը բաշխվել է ծառայությունների, արդյունաբերության ու գյուղատնտեսության վրա»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Այս առնչությամբ սկզբունքորեն հակառակ կարծիքի է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը: «Կառավարությունը, բազմիցս հայտարարելով տնտեսությունը աշխուժացնելու մասին, տարիներ շարունակ նվազեցնում էր գյուղատնտեսությանն ուղղված ֆինանսավորումը: Եթե նայենք այս տարի, ապա կտեսնենք, որ բնակարանային ապահովության և բնակարանային շինարարության համար հատկացվող գումարներն էլ կտրուկ անկում են ապրել: Մենք ընկնում ենք մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ: Ժամանակին ահռելի գումարներ էին ուղղվում շինարարությանը, և առաջացավ այդ անշարժ գույքի փուչիկը, որը ճգնաժամի ժամանակ պայթեց,  բայց շինարարությունը, հատկապես` բնակարանային, չպետք է մերժենք»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության անդամը չի մոռանում հիշատակել նաև բացասական երևույթները: «Եկող տարվա բյուջեում պաշտոնական դրամաշնորհների առումով ևս լուրջ կրճատումներ կան: Մեր ծախսային մասը նվազում է շուրջ 57 միլիարդ դրամով: Սա պատկառելի գումար է»,- ասաց Գագիկ Մինասյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր,  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանի համար 2012 թ. պետական բյուջեի դրական կողմեր են բյուջեի սոցիալական ուղղվածությունը, նոր հարկատեսակների և հարկման ձևերի ի հայտ գալը: «2012 թ. պետական բյուջեի նախագիծը, ըստ էության,  ինչպես նաև ընթացիկ 2011 թ. և նախորդինը հետճգնաժամային բյուջեներ են: Դրանք, բնականաբար, ունեն իրենց տրամաբանությունը: Ամենադրական կողմը պետք է այն համարել, որ պայքար մղվեց ճգնաժամով պայմանավորված բացասական հետևանքների մեղմման կամ որոշների վերացման համար: Այդ տեսանկյունից 2012 թ. բյուջեն ավելի մեծ հնարավորություններ է ենթադրում, մասնավորապես` այդ 101 միլիարդ դրամը: Պետք է շեշտել այն փաստը, որ սոցիալական խնդիրների և ծրագրերի համար հատկացումներն ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ամբողջ բյուջեում: Խոսքը վերաբերում է նպաստներին, կենսաթոշակներին և այլ սոցիալական ծրագրերին: Սրանք են, ընդհանուր առմամբ, դրական կողմերը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հարկային նորարարությունների և 101 միլիարդով պետական բյուջեի մուտքերն ավելացնելու կապակցությամբ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ տնտեսվարողները հարկային ավելացումները փոխադրելու են հասարակ քաղաքացիների վրա` ավելացնելով ապրանքների և ծառայությունների գները:

Բյուջեի սոցիալական ուղղվածության  առնչությամբ Արա Նռանյանն ասում է. «Վերջին տարիներին կառավարությունը հայտարարում է, որ սոցիալական խնդիրներ է լուծում և չի կրճատել սոցիալական հատկացումները, միաժամանակ չի իրականացնում միջոցառումներ քաղաքացիների եկամուտների նվազումը փոխհատուցելու համար: Մենք տեսնում ենք, որ ճգնաժամի հետևանքով մասնավոր դրամական փոխանցումները կտրուկ նվազել են: Հայտնի է, որ դրանք կազմում էին մեր քաղաքացիների եկամուտների զգալի մասը և  նպաստում էին աղքատության կրճատմանը: Մասնավոր դրամական փոխանցումների նվազման, հետևաբար, նվազ եկամտի  պայմաններում քաղաքացիները ստիպված եղան դիմագրավել մոլեգնող գնաճին: Ես կարծում եմ, որ այդ 2000-2500 դրամով հատուցումը, նպաստների և թոշակների բարձրացումը  ոչ մի կերպ չի կարող ծածկել եկամուտների այն նվազումը և կենսամակարդակի անկումը, որը պայմանավորված է գնաճով և փաստացի եկամուտների նվազմամբ»:

Որպես 2012 թ. պետական բյուջեի թույլ կամ բացասական կողմ, Վարդան Բոստանջյանը նշում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության փոքրությունը. «Բացասական կողմը, ըստ էության, միայն այն է, որ հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը փոքր տոկոս է կազմում: Այս պահին մենք ունենք 16.5 տոկոսի հարաբերակցություն: 2012 թ. մենք կարողանալու ենք այն 0.6 տոկոսով բարձրացնել. դառնալու է 17.5 տոկոս: Մեզ մոտ այդ թիվը դեռևս փոքր է, որը, բոլոր դրական ցուցանիշներով հանդերձ, դեռևս մեզ համար դժվար գրավվող բարձունք»:

Որպես բացասական կողմ, Արա Նռանյանն ավելացնում է. «Ընդհանուր առմամբ, կարելի է նշել ազգաբնակչության ցածր եկամտի քաղաքականությունը, որ իրականացնում է կառավարությունը պետական բյուջեով: Եթե շարունակենք այս քաղաքականությունը, ապա Հայաստանում աղքատացումն էլ ավելի է խորանալու»:

Բայց ՀՅԴ-կան պատգամավորը ներկայացված նախագծում նաև դրական կողմեր է տեսնում: «Կարծում եմ, որ այս պետական բյուջեն, ինչպես նախորդ բյուջեները, ռիսկային չէ: Կառավարությունը, մտահոգվելով ճգնաժամի երկրորդ ալիքի  և այլ երկրների դեֆոլտային վիճակի կապակցությամբ, փորձել է նվազեցնել հնարավոր ռիսկերը: Նաև ուզում եմ հուսալ, որ կառավարությունը դասեր քաղել է նախորդ ճգնաժամից և գոնե ի վիճակի կլինի դիմագրավել այս պայմաններում: Մյուս դրական կողմն այն է, որ կառավարությունը կարծես սկսում է մտածել հարկահավաքման ոլորտի բարեփոխման ուղղությամբ, և այն հարկային փաթեթը, որ ներկայացված է ԱԺ, հուսադրում է, որ բարեփոխումները կշարունակվեն: Հատկապես ողջունում եմ պրոգրեսիվ հարկման եղանակի ներդրման մտադրությունը: Բյուջեն, կարծում եմ, ունակ է ապահովելու նախատեսված եկամտային մասը և, հետևաբար, կարող է կատարել նաև ծախսային մասը»:

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply