100 տոկոս եկամուտ` քաղաքացիների առողջության հաշվին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 22, 2011 7:00

Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում ամենաշահութաբերներից է, եթե ոչ առաջինը: Բայց պետականորեն ստեղծված  են  այնպիսի պայմաններ, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ հանքահումքը գնում է դեպի սպառում, և դրանից ստացված շահույթը մտնում է առանձին ընտանիքների գրպանը, իսկ Հայաստանի Հանրապետությանը, այսինքն` հայ ժողովրդին մնում են թափոնները:

«Հանքարդյունաբերության թափոնները հանել են հարկային դաշտից, և սրա համար հարկ չեն վճարում: Երբ նոր օրենքը դրվեց շրջանառության մեջ, կարծում էինք, որ թափոններն այդ օրենքով կմտնեն հարկային դաշտ: Բայց եթե նախկինում թափոնների մասին առհասարակ որևէ խոսք չկար, ապա այստեղ նրանք հանքարդյունաբերության թափոնները ծածկագրել են «լցակույտեր» անվան տակ: Հիմա օրենքով ընդունում են, որ հանքարդյունաբերության թափոններ իրոք գոյություն ունեն, բայց հանքարդյունահանողներն այդ պոչանքները նվիրում են Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Պատճառը շատ պարզ է:  Եթե զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում հանքարդյունահանողներն ինչ-որ տարածք են օգտագործում, ապա հաշվարկվում են այդ հողի տնտեսական վնասները, և նրանք այդ վնասը մուծում են պետական գանձարան: Իսկ մեր օրենքներում, ինչպես հավաստիացնում է «Կանաչների միության» նախագահը, սա բացակայում է, և Հայաստանի հանքարդյունահանողները թափոնների համար հարկեր ու տուրքեր չեն մուծում: Այս հարցով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին դիմել է «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը` խնդրելով տրամադրել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված փաստաթղթերի սահմանված կարգը և նույն օրենքի 2-րդ կետով ամրագրված  տվյալների ցանկն ու ծավալը:

Ուշագրավ է պատասխան գրությունը` ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գևորգյանի մակագրությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Ի պատասխան Ձեր` ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված 17.10.11թ. թիվ 047 գրության, տեղեկացնում եմ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված «սահմանված կարգը» և «տվյալների կարգն ու ծավալը» ՀՀ կառավարության կողմից սահմանված չէ…»:

Ասել է թե` մինչև հիմա հանքարդյունաբերության ոլորտի համար չեն հաշվարկվել շրջակա միջավայրին և ազգաբնակչությանը հասցված վնասները, հետևաբար, վնասների փոխհատուցման կարգ էլ գոյություն ունենալ չի կարող: Իսկ սրա հետևանքով հանքարդյունաբերողները շահույթներ են ստանում ոչ միայն մեր երկրի ընդերքի, այլև ՀՀ բնակիչների կյանքի ու առողջության հաշվին: Իսկ այդ շահույթները, «Կանաչների միության» նախագահի հաշվարկներով, բավականին լուրջ թվեր են կազմում Հայաստանի պես երկրի համար:

Հանրապետությունում այսօր, ըստ պաշտոնական տվյալների, 470 հանքավայր է գործում, որոնցից ավելի քան 20-ը մետաղական են: Եթե այդ 470 հանքավայրերը միայն տնտեսական վնասի գումարը մուծեն, ապա մեր պետական բյուջեի պակասորդը կվերանա, և բյուջեն ոչ թե 3 միլիարդ դոլարի սահմաններում կլինի, այլ մի քանի անգամ ավելի շատ: Պետք է նշել, որ 2012 թ. պետական բյուջեով նախատեսված է ավելացնել հանքարդյունաբերության ոլորտի հարկերը:

«Հանքարդյունաբերության ոլորտում շահութաբերության բարձր տոկոսը խոչընդոտում է այլ ոլորտների զարգացումը: Որովհետև պոտենցիալ ներդրողը երբեք ներդրումներ չի անի այնպիսի ոլորտներում, որտեղ շահութաբերության տոկոսը ցածր է, եթե ավելի բարձր շահույթով աշխատելու այլընտրանք ունի: Հանքարդյունաբերության ոլորտում միջին շահութաբերությունը վերջին տարիներին կազմել է 100 տոկոս: Նման շահութաբերությամբ բիզնես այսօր Հայաստանում կարծես գոյություն չունի: Դրական է, որ կառավարությունն ուզում է այս ոլորտի հարկային բեռը բարձրացնել, բայց դա շատ չնչին չափով է: Կարծում եմ, որ շատ ավելի մեծ բարձրացում կարող է տեղի ունենալ, և շատ ավելի գումարներ կարելի է ակնկալել այս ոլորտից»,- «Անկախի» հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:

Որպեսզի պատկերացնենք այս ոլորտում թափոնների համար վճարվելիք հարկերի մեծությունը, բերենք Քաջարանի մետաղական հանքավայրի համար Հայաստանի կանաչների միության կողմից կատարված հաշվարկները. «Այսօր Քաջարանը տարեկան վերամշակում է 16 մլն տոննա հանքաքար: Ըստ ժամանակին եղած տվյալների` մակաշերտի կամ դատարկ ապարների գործակիցը  1-ը 5-ի է: Հիմա հաշվում են 1-ը 1-ի: Անգամ այս դեպքում միայն Քաջարանում տարեկան առաջանում է մոտ 15.8 մլն տոննա պոչանք: Եթե դա բազմապատկենք 48-ով, ապա տարեկան ստացվում է մոտ 760 մլրդ դրամ»,-  ասաց Հակոբ Սանասարյանը:

Եվ սա միայն Քաջարանի հանքավայրի ու միայն թափոնների համար ենթադրվող հարկերի չափն է:

 

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply