Խորհրդարանի կարևոր անցուդարձը հերթական քառօրյայում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 16, 2011 19:06

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բայց ոչ մանդատին

Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովը սկսեց  հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Քառօրյայի մեկնարկը բուռն էր, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ներկայացրեց իր հրաժարականը: Արտահերթ ելույթում նա նշեց, որ վաղաժամ վայր է դնում Ազգային ժողովի նախագահի լիազորությունները, քանի որ գնում է ղեկավարելու Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, որի աշխատանքների կազմակերպումն առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ չափազանց կարևոր է:

Ըստ Հովիկ Աբրահամյանի` Հայաստանը  մտնում է խորհրդարանական ընտրությունների նախտընտրական փուլ, որն անցկացնելն ու կազմակերպելը  բոլորի, նաև իշխանությունների պատվի գործն է, քանի որ ընտրությունների յուրաքանչյուր բացասական հետևանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ երկրի հեղինակությանը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում փորձել է  Ազգային ժողովի աշխատանքը հնարավորինս թափանցիկ դարձնել և ապահովել բազմակարծությունը: «Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իմ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով»,- ասաց նա` միաժամանակ ավելացնելով, որ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր` չի պատրաստվում խուսափել իր ընտրողների առջև ստանձնած պատասխանատվությունից ու պատգամավորական պարտականություններից:

ԱԺ նախագահից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց նրա գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, որը չբացառեց Հովիկ Աբրահամյանի հետ ՀՀԿ շտաբ տեղափոխվելու հավանականությունը, ինչպես նաև` ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանն ու ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Ազգային ժողովի նոր նախագահի թեկնածության հարցը դեռևս չի քննարկվել կուսակցությունում, և չբացառեց, որ արտահերթ նիստը տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում:

Վիկտոր Դալլաքյանը Հովիկ Աբրահամյանի և ապագա խորհրդարանի մասին

ՀՀ ազգային ժողովի «ամենահնաբնակ» պատգամավորներից մեկը` անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Անկախին» ներկայացրեց իր կարծիքը ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և ապագա խորհրդարանի վերաբերյալ: Նշելով, որ գնացողների հետևից կա՛մ միայն լավն են ասում, կա՛մ միայն վատը, նա խոստացավ զերծ մնալ երկու ծայրահեղ մոտեցումներից և ներկայացնել իր օբյեկտիվ վերաբերմունքը:

Դալլաքյանը մի փոքր զարմացած է, որ Աբրահամյանը, նախկինում լինելով պետական կառույցների պաշտոնյա, կարողացավ իրեն հաջող դրսևորել խորհրդարանում: «Ես Աբրահամյանին համարում եմ կայացած չինովնիկ, քանի որ նա հիմնականում աշխատել է գործադիր իշխանությունում,- ասաց նա:- Ինչ վերաբերում է պառլամենտում նրա գործունեությանը, ապա ինձ համար զարմանալի էր, որ լինելով բյուրոկրատիայի ներկայացուցիչ, որտեղ ավելի շատ ընդունված է հրամայելու, հրամանները և որոշումներն անվերապահ կատարելու մթնոլորտը, նրան հաջողվեց հանդուրժող լինել պառլամենտում»:

Դալլաքյանը հիշեցնում է, որ «պառլամենտը ազատության շատ մեծ դոզա ունի», և այնտեղ պետք է լինել հանդուրժող, անգամ անձնական վիրավորանքների դեպքում:

Ինչ վերաբերում է Աբրահամյանի քաղաքական գործունեությանը խորհրդարանում, ապա, Դալլաքյանի խոսքով, նրա օրոք ևս խորհրդարանը լուրջ քաղաքական դեբատների կառույց չդարձավ:

Ըստ նրա` խորհրդարանն այդպիսին չէ 1995 թվականից ի վեր, և այդ առումով մինչ օրս չգերազանցված է առաջին խորհրդարանը (1990-1995): «Նախ` այն գործել է էքստրեմալ պայմաններում. պատերազմական իրավիճակ, փլուզված ԽՍՀՄ, Հայաստանի շրջափակում և այլն: Բացի այդ,  քննարկվում և ընդունվում էին որոշումներ, որոնք իրավիճակային խնդիրներ էին լուծում, մի խոսքով, այդ պառլամենտն իսկապես առանցքային նշանակություն ուներ և կատարում էր իր դերը»,-ասաց պատգամավորը:

Դալլաքյանը նաև նկատում է, որ առաջին խորհրդարանն ինչ-որ առումով դարձել էր կադրերի պատրաստման դարբնոց: «Այդ պառլամենտի անդամ են եղել Հայաստանի երեք նախագահները` Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան: Այդ պառլամենտի անդամ են եղել մեր 12 վարչապետների  մեծ մասը` Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունան, Հրանտ Բագրատյան, Վազգեն Սարգսյան, Տիգրան Սարգսյան»,- թվարկում է պատգամավորը` ցավով արձանագրելով, որ 95-ից հետո խորհրդարանի պրոֆեսիոնալ և քաղաքական մակարդակն աստիճանաբար ընկել է, այնինչ պետք է հակառակը լիներ:

Դալլաքյանն ապագա խորհրդարանի հետ կապված մի պարզ ցանկություն ունի. «Թող այն նմանվի 1990-95 թթ. պառլամենտին, ես բավարարված կլինեմ»:

Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը վերջին խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատը ստացել է չորրորդ անգամ:

 

«Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը չընդունվեց

ԱԺ Կանոնակարգ-օրենքի  համաձայն` խորհրդարանը նոյեմբերի 15-ին արտահերթ քննարկեց ՀՅԴ խմբակցության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Դրանով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը`  նվազագույն աշխատավարձը 32500-ի փոխարեն սահմանելով 63 000 դրամ, իսկ քաղծառայողներինը` 75 800: Օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրանով կապահովվի հանրային ծառայության ոլորտում  աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձի հետ, օրենսդրորեն կամրագրվի, որ նվազագույն աշխատավարձը ենթակա չէ հարկման, նաև ստվերային տնտեսության թաքնված զբաղվածության չափերի էական կրճատում կապահովվի: Նա հիշեցրեց, որ մեր Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր աշխատող պետք է ստանա նվազագույնից ոչ ցածր արդար վարձատրություն:

Մինասյանը զարմացած էր հատկապես այն իրողությունից, որ կառավարությունը, մերժելով նախագիծը, չի նշում ժամկետներ, թե մոտավորապես երբ է հնարավոր դա իրականացնել: «Կառավարությունն ընդհանրապես մոտ չի գալիս այս գաղափարին, և ստացվում է, որ այստեղ գաղափարական վեճ կա»,- ասաց նա:

ՀՅԴ հաշվարկներով` այդ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար կպահանջվի 34 մլրդ դրամ, ինչը, ըստ օրինագծի հեղինակների, հնարավոր է այսօրվա բյուջեով ապահովել, եթե լինի քաղաքական կամք և ցանկություն: Մինչդեռ, Վաչե Գաբրիելյանի խոսքով, դրա համար կպահանջվի ոչ թե  34, այլ 153 միլիարդ դրամ:

Նոյեմբերի 16-ին օրինագիծը քվեարկության դրվեց: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ չնայած նախընտրական շրջան է, և այդ նախագիծն ընդունելն իրենց համար կարող էր շահեկան լինել հասարակության արձագանքի առումով, բայց մինչև կառավարությունն օրինագծի համար համապատասխան բազա չունենա, ՀՀԿ-ն պոպուլիզմի ճանապարհով չի գնա, ուստի իրենք չեն մասնակցի քվեարկությանը:

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության և 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց։ Իսկ կողմ քվեարկողները դահլիճում գտնվող ընդամենը 14 ընդդիմադիր պատգամավորներն էին:

Վարչապետը պատգամավորներին ներկայացրեց 2012 թ. պետական բյուջեի նախագիծը

Այս քառօրյայում խորհրդարանում քննարկվեց նաև ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագիծը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատգամավորներին ներկայացնելով եկող տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթում ամրագրված գերակա ուղղությունները, նշեց երեք կարևոր խնդիր, որոնց լուծմանն է միտված լինելու պետական բյուջեի նախագիծը. առաջինը  տնտեսական աճի և զարգացման խնդիրն է, ինչը ազգային անվտանգության նշանակություն ունի, երկրորդը` քաղաքական կայունությունն ու կայուն տնտեսական միջավայրը, երրորդը` կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակության կայացումը, որի կենտրոնում մարդն է:

Վարչապետն ընդգծեց, որ երկրի կայունության ապահովման  հարցում 2012 թվականն առանձնահատկություն ունի, մասնավորապես` էապես կրճատվելու է պետական բյուջեի դեֆիցիտը` այն հասցնելով 3 տոկոսի, միաժամանակ էապես բարելավվելու է հարկեր-ՀՆԱ ցուցանիշը` հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացնելով շուրջ 101 մլրդ դրամով: «Այս հանգամանքն էական նշանակություն ունի մեր կարողությունների և կուտակած պաշարների ամրապնդման առումով, որպեսզի 2012-ին ի վիճակի լինենք դիմագրավելու այն լրջագույն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են»,-ասաց վարչապետը:

ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու 2012 թ. պետբյուջեի նախագծին:

 

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply