Ուռճացված աղմուկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 21, 2011 7:00

Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏէ) հրապարակեց իր զեկույցը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որում նշվում է, որ Իրանը, 2003-ից սկսած,  աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի արտադրության ուղղությամբ և, ենթադրաբար, դրանք շարունակվում են մինչ օրս: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների` Իրանի  իշխանությունները տիրապետում են միջուկային զենքի ստեղծման բոլոր անհրաժեշտ գործիքներին ու տեխնոլոգիաներին: Մասնավորապես, զեկույցում ասվում է, թե նրանք օգտագործել են համակարգչային մոդելավորում, որը կարող էր օգտագործվել միայն ատոմային ռումբի մշակման համար, ինչպես նաև միջուկային մարտագլխիկների փորձարկումներ են իրականացրել: Սրանից հետո անմիջապես կանխատեսումներ եղան, որ Իրանին ընդամենը մի քանի տարի է պետք վերջնականապես ատոմային էներգիա ստեղծելու ուղղությամբ:

Մինչ զեկույցի հրապարակումն արդեն արևմտյան մամուլը հեղեղված էր տեղեկություններով, թե ՄԱԳԱՏԷ-ն ներկայացնելու է անհերքելի փաստեր Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին: Եվ այս տեղեկատվությանը զուգահեռ հիմնական քննարկվող թեման դարձավ Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի վրա: Այս պետությունը մշտապես հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը շատ ուղղակի սպառնալիք է Իսրայել պետության գոյության համար:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, որ իրենք կողմ են խնդրի դիվանագիտական լուծմանը, չբացառեց նաև պատերազմի հավանականությունը, բայց քննարկումների թեժացմանը զուգահեռ հայտարարեց. «Պատերազմը պիկնիկ չէ, մեզ պատերազմ պետք չէ, մենք պիկնիկ ենք ուզում»: Զեկույցի հրապարակումից հետո էլ Իսրայելում մեկնաբանությունները նույն տրամաբանությամբ շարունակվեցին: Խնդիրն այն է, որ Իսրայելի իշխանական վերնախավում մոտեցումները շատ տարբեր են այն հարցի առնչությամբ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել: Իսկ սրան զուգահեռ կրկին ակնառու դարձավ Արևմուտք-Իրան հակամարտությունը, մանավանդ որ ՄԱԳԱՏԷ-ի  ներկայացրած փաստերը շատ անորոշ էին:

ԱՄՆ-ն և ԵՄ-ի առաջատար երկրներն անմիջապես հայտարարեցին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, պահանջեցին Իրանից պատասխանել զեկույցին և համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: Սակայն Իրանի նախագահը զեկույցի փաստարկների շուրջ ավելի վաղ արդեն հայտնել էր իր դիրքորոշումը` մեղադրելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիյա Ամանոյին Վաշինգտոնի խամաճիկ լինելու մեջ, ինչպես նաև պնդել էր, որ իր պետությանը միջուկային զենք պետք չէ: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին էլ Հայաստան այցելության ընթացքում պնդեց, որ այս զեկույցը քաղաքական ենթատեքստ և ճնշումների նպատակ ունի: Ալի Աքբար Սալեհին, որ մինչ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելը հանդիսացել է միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանակցողը  և այժմ էլ շարունակում է կատարել այդ պարտականությունը, հայտարարեց նաև, որ ինքը կատարելապես տիրապետում է իր երկրի միջուկային ծրագրին, ուստի և միանգամայն վստահ է, որ դա խաղաղ բնույթ ունի: Իրանի իշխանությունները խոստացան վերանայել իրենց հարաբերությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ` հրապարակված զեկույցը որակելով ԱՄՆ-ին ու «սիոնիստներին» ծառայող կառույցի «բաց թշնամանք» իրենց երկրի նկատմամբ: Իսկ այդ փաստերի վրա հիմնվելով` Իրանի դեմ հարձակման կամ լուրջ սպառնալիքի դեպքում խոստացան «երկաթե բռունցքներ» ցույց տալ:

Ավելին` իրանական պաշտոնական IRNA գործակալությունը տեղեկատվություն տարածեց, որ Իրանում մարզումներ են անցել պաղեստինցի ու սիրիացի մոտ 30 հազար մահապարտներ, որոնք Իսրայելի պատերազմ սանձահարելու դեպքում ակաբեկչություն կիրականացնեն այդ երկրում: Իրանը խոստացավ նաև պատերազմի պարագայում անմիջապես հարվածել իսրայելական Դիմոն քաղաքում գտնվող միջուկային կենտրոնը:

ԱՄՆն ձգտում է տնտեսական նոր պատժամիջոցների հասնել

Ի դեպ, հենց այս օրերին Իրանի մայրաքաղաքից 40 կմ հեռավորությամբ տեղակայված ռազմաբազայում պայթյուն տեղի ունեցավ, որի արդյունքում զոհվեց 17 մարդ, այդ թվում` իրանական հրթիռների մշակման ու արտադրության ծրագրի ղեկավար, գեներալ Հասան Մողադդամը: Իրանը հայտարարեց, որ պայթյունը վթարի հետևանք է: Սակայն տեղեկատվություն տարածվեց, թե դրա հետևում կանգնած է իսրայելական Մոսադը: Իսրայելի պաշտպանության նախարարն այս առիթով ուղղակի ցանկություն հայտնեց, որ նման պայթյունները շատ լինեն Իրանում: Ու չնայած Իսրայելի սպառնալիքները դեռ շարունակվում են, ակնհայտ է, որ այս հարցում ԱՄՆ-ն նույնքան խանդավառ չէ:

ԱՄՆ-ն այս պահին ավելի շատ նպատակ ունի հասնելու Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, սակայն չի պատրաստվում պատերազմ սկսել: Իրավիճակը ռացիոնալ գնահատելով` ԱՄՆ-ն փորձեց մեղմացնել իր դիրքորոշումը և ստանալ Ռուսաստանի ու Չինաստանի աջակցությունը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը Իրանի դեմ պատերազմն անընդունելի համարեցին և կոչ արեցին խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Ավելին` հենց այս օրերին ստորագրվեց ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի ու Իրանի միջև, որով ենթադրվում է համագործակցություն կողմերի միջև անվտանգության, քաղաքականության, տնտեսության ու տեղեկատվության ոլորտներում: Իրանը Ռուսաստանին առաջարկում է իր տարածքում կառուցել 5 նոր ատոմակայան և 2 միջուկային լաբորատորիա։

Այլ կերպ ասած` Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ տնտեսական ու էներգետիկ բնագավառներում, ինչպես և Չինաստանը, չնայած իր համաձայնությունը նախկինում տվել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում: Հետևաբար, ԱՄՆ-ն չի կարող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատերազմ սկսելու բանաձև անցկացնել, բայց փորձում է Իրանին տնտեսապես էլ ավելի մեկուսացնելու նոր ձևակերպում ստանալ: Ընդ որում, նախատեսվում է, որ նոր պատժամիջոցները կվերաբերեն ոչ թե Իրանի էներգետիկ ոլորտին, այլ բանկային համակարգին:

Այս առումով հետաքրքիր էր նաև այն, որ CBS հեռուստաընկերության կողմից արված հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների 55%-ը վստահ է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Միայն 15%-ն է կարծում, որ ԱՄՆ-ն պետք է ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, իսկ 17%-ն էլ Իրանին ընդհանրապես սպառնալիք չի համարում։ Հետևաբար, նման հասարակական կարծիքի պարագայում ԱՄՆ-ն չի կարող շատ լուրջ քայլերի դիմել: Եվ նույնիսկ պատժամիջոցների ճանապարհ բացելու համար փորձում է առավելագույնս կոշտացնել միջազգային հանրության դիրքորոշումը Իրանի նկատմամբ, քանի որ նույնիսկ ԱՄՆ-ի որոշ եվրոպական գործընկերներ, մասնավորապես` Գերմանիան, դեմ են Իրանին ռազմական հարված հասցնելուն: Հենց դրանով կարելի է պայմանավորել ԱՄՆ-ի մեղադրանքները Իրանի դեմ` կապված ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության հետ: Ամերիկյան FOX 11 հեռուստաալիքն էլ եթեր տվեց մի հաղորդում, որում ասվում է, թե ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով` Իրանը դավադրություն է ձեռնարկում`փորձելով գահընկեց անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և սպանել Թուրքիայի նախագահին: Այլ կերպ ասած` փորձ է արվում լարել Իրանի հարաբերությունները թե՛ հարևան արաբական, և թե՛  մյուս`իսլամական երկրների հետ:

Առհասարակ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին շրջանի աղմուկն Իրանի վրա շարունակական ճնշումների թուլացում թույլ չտալու նպատակ է հետապնդում և ավելի քան ուռճացված է: Ի վերջո, այս պահին Իրանը Արևմուտքին հակադրվող և դիրքերը տարածաշրջանում ամրապնդել փորձող միակ պետությունն է: Պատահական չէ, որ   նույն արևմտյան տերությունները երբեք չեն բարձրաձայնում, որ Իսրայելը ևս միջուկային զենք ստեղծելու ծրագիր ունի, և նույնիսկ տվյալներ կան, որ այս երկիրն արդեն տիրապետում է այս զենքին, ինչը նույնչափ ապակայունացնող գործոն է Մերձավոր Արևելքում:

 

 

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply