Դարձյալ անմխիթար վիճակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 20, 2011 7:00

Նամականիշներ հավաքողները Հայաստանում քիչ չեն: Նրանք կապերի մեջ են աշխարհի տարբեր երկրներում բնակվող նույն նախասիրությունն ունեցող մարդկանց հետ: Եվ  հաճախակի են նրանց նամականիշներ ուղարկում, նաև ստանում են դրսից: Ցավոք, մեր երկրում նոր նամականիշների թողարկման հետ կապված խնդիրները մնում են: Մասնավորապես, «Հայփոստի» ղեկավարությունը հրապարակավ խոստացել էր (այդ մասին մամուլում տպագրվել է), որ հոկտեմբերին կթողարկվի շուրջ երեք տասնյակ նամականիշ: Բայց այդպես էլ ոչինչ չի արվել:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության  նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Յուրի Կուպալյանը, որ մի քանի տասնամյակ ոչ  միայն նամականիշների հավքածուներ է կազմում, այլև օլիմպիական խաղերի օրերին  կազմակերպվող մարզական թեմաներով նամականիշների հավաքածուների ցուցահանդես-մրցույթներում արժանացել է 1 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե մեդալների, հայտնեց, որ նամականիշների թողարկման աշխատանքները Հայաստանում շարունակում են մնալ անմխիթար վիճակում:

«2011-ին նախատեսված 30-ի փոխարեն տպագրվել է ընդամենը 7 նամականիշ: Ընդ որում, երկու նամականիշ թողարկվել է արտապլանային կարգով: Փաստորեն, մյուսները պետք է տպագրվեն մինչև տարեվերջ»,- ասաց նա: Այդ նամականիշների թվում միայն մեկն է մարզական թեմայով: Բարեբախտաբար, համահայկական խաղերին նվիրված մանրաթերթիկն ամռանը տպագրվել է: Ընդ որում, այն լույս  է ընծայվել խաղերի վերջին օրերին: Մինչդեռ, կարելի էր ամեն բան ժամանակին անել, խաղերից առաջ այն հանել վաճառքի, որպեսզի դրսից եկած մարդիկ կարողանան գնել և իրենց հետ տանել:

Ինչևէ, հայտնի չէ, թե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինչ նամականիշներ կտպագրվեն:Դեռ անցյալ տարվանից չթողարկված նամականիշներ կան, և այն տպավորությունն է, որ դա ոչ մեկին չի մտահոգում:

Ինչ վերաբերում է տպագրման սպասող մարզական թեմայով մանրաթերթիկին, ապա այն օլիմպիական խաղերի չեմպիոնների շարքում 3-րդը պետք է լիներ և վաճառքի հանվեր ամռանը,  գուցեև ավելի շուտ, քանի որ էսքիզներն արդեն երկու տարի է` պատրաստ են: Պատկերված են լինելու  ծանրորդ Օգսեն Միրզոյանի,  հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի, մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանի դիմանկարները: Ըստ Կուպալյանի` ոչինչ չի խանգարում, որ մանրաթերթիկը թողարկվի: Ի դեպ, համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել տպագրությանը:

Նախատեսվում է հաջորդ տարի մանրաթերթիկ տպագել չորս օլիմպիականների դիմանկարներով:  Քանի որ երեք հրատարակություններում օլիմպիական խաղերի 9 չեմպիոնների դիմապատկերներ են, ապա վերջին մանրաթերթիկում կլինի 4 պատկեր` ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի, հրաձիգ Հրաչյա Պետիկյանի, հունահռոմեական ոճի ըմբիշներ Մնացական Իսկանդարյանի, Արմեն Նազարյանի:

Կուպալյանը հայտնեց, որ հայկական նամականիշները տպագրվում են Կանադայում, բարձր որակով:

Հետաքրքիր էր, թե հնարավոր է, որ մինչև տարեվերջ  նախատեսված նամականիշները տպագրվեն: «Այդ անելը շատ դժվար է, քանի որ համապատասխան հանձնաժողովը պետք է հավաքվի, քննարկի նախագծերը, հավանություն տա, որ դրանք տպագրվեն: Ի դեպ, հանձնաժողովը դեռևս  ընդամենը 11 նամականիշի տպագրության հարց է քննարկել, որոնցից 9-ը ուղարկել է փոփոխությունների կատարման»,- պարզաբանեց Կուպալյանը:

Քանի որ վերջերս նա 13 ցուցափեղկերի հավաքածու է ներկայացրել Երևանի պատմության թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում, հետաքրքրվեցինք, թե  մասնակցելո՞ւ է «Լոնդոն 2012»-ի օրերին օլիմպիական խաղերի մայրաքաղաքում կազմակերպվելիք մարզական թեմաներով նամականիշների մրցույթ-ցուցահանդեսին: «Դեռ Միջազգային օլիմպիական կոմիտեից հրավեր չենք ստացել»,- ասաց նա:

 

 

 

 

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply