Երկրորդը` երկրորդ տարին անընդմեջ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 19, 2011 7:00

Երրորդ անգամ անցկացված «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարում մեր երկրի ընտրանին, հաղթելով Վրաստանի (33:22), Ուզբեկստանի (41:33) հավաքականներին և զիջելով միայն Ռուսաստանի ներկայացուցիչներին (27:34), ինչպես նախորդ տարվա ստուգատեսում, գրավեց 2-րդ տեղը:

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի հավաքականն այս անգամ ավելի ուժեղ կազմ ուներ, քան նախորդ երկու խաղերում: Բանն  այն է, աստիճանաբար  արձագանքում են տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները և ցանկություն հայտնում խաղալու ազգային թիմում: Ընդ որում, դա անում են հպարտության զգացումով, առանց որևէ պահանջ և խնդիր դնելու: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի ներկայիս հավաքականի խաղացողների մեծ մասը, Հայաստանում բնակվողներին չհաշված, հայերեն չի խոսում: Բանն այն է, որ հիմնականում մեր հայրենակիցների հայրերն են հայ: Այդուհանդերձ, այդ առումով զգալի տեղաշարժ է նկատվում:  Օրինակ` Ֆրանսիայում բնակվող մեր այն հայրենակիցները, որոնք նախորդ միջազգային մրցաշարի ժամանակ բառ անգամ հայերեն չէին ասում, այժմ սկսել են հասկանալ և նույնիսկ որոշ արտահայտություններ են անում:

Ինչևէ, Հայաստանի հավաքականը մրցաշարում երեք հանդիպում անցկացրեց, և դրանք տարբեր էին:

Մեկնարկային խաղում մերոնք առավելության հասան Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Հարևան երկրում հանդբոլն ավանդույթներ ունի, և վրացիներն ակնառու հաջողությունների են հասել միջազգային մրցաշարերում: Բայց մերոնք երկրորդ անգամ հաղթում են վրացիներին: Առաջին անգամ` Վանաձորում  2010-ին կազմակերպված միջազգային մրցաշարում: Այս անգամ առաջին խաղակեսի ավարտից հետո մերոնք առջևում էին 20:8 հաշվով, և հանդիպման ելքը կանխորոշված էր: Այդ է պատճառը, որ մեր հավաքականի ամենաբարձրակարգ խաղացողը` մերձմոսկովյան «Չեխովսկիե մեդվեդի» թիմի առաջատար խաղացող Սամվել Ասլանյանը, երկրորդ խաղակեսում պահեստայինների նստարանից էր հետևում հանդիպման ընթացքին: Երբ մրցման ավարտից հետո  նրան հարցրինք, թե ինչու  է խաղից դուրս մնացել, հայտնեց, որ իմաստ չկար ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, իսկ հաջորդ օրը դժվարին  խաղ է սպասում ռուսաստանցիների դեմ:

Երկու տարբեր խաղակեսեր

Ի դեպ, Սամվելն ասաց, որ մի քանի օր առաջ «Չեխովսկիե մեդվեդին», որի կազմում խաղացել է ինքը, հաղթել է  Կրասնոդարի ՖԻՄԱ թիմին, որն այս մրցաշարում  պաշտպանում է Ռուսաստանի դրոշի պատիվը: Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների խաղը, կարելի է ասել, եզրափակչի էր նմանվում, քանի որ հաջողության հասնողը փաստորեն հնարավորություն էր ստանում դառնալու մրցաշարի  հաղթող:

Հենց սկզբից խաղահրապարակում լարված մրցավեճ ծավալվեց: Խաղասկզբում հաշիվը հավասար էր, հետո հյուրերը երկու միավորով առաջ անցան` 5:3: Ցավոք, մեր խաղացողների նյարդերը տեղի տվեցին, երբ երեք անգամ հայտնվելով մրցակցի դարպասապահի դեմ միայնակ` չկարողացան գնդակն ուղարկել ցանցից ներս: Առաջին խաղակեսում 20:8 հաշվով հաղթեցին Ռուսաստանի ներկայացուցիչները: Իսկ ահա երկրորդ խաղակեսը մերոնք շահեցին 19:14 հաշվով, բայց դա բավարար չեղավ ընդհանուր հաղթանակի համար: Ռուսաստանցիներն առավելության հասան 34:27 հաշվով: Չնայած Հայաստանի հավաքականը պարտվեց, իր խաղով, մարտական բնավորությամբ լավ տպավորություն թողեց: Հատկապես առանձնանում էին Սամվել Ասլանյանը և Գերմանիայից ժամանած Հայկ Կարապետյանը: Նրանք մրցակցի դարպասը գրավեցին 11 և 9 անգամ: Ասլանյանը վարպետության դասեր տվեց: Նա 7-մետրանոց տուգանային հարվածներն այնպիսի հմտությամբ էր իրացնում, որ զարմացնում էր բոլորին: Իսկ Սամվելի հեռվից կատարած հարվածները սլանում էին 220 կմ/ժամ արագությամբ և անվրեպ էին:

Խաղից հետո Ռուսաստանի թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Կառլովը հայտնեց, որ հանդիպումն անզիջում պայքարում է ընթացել, և այդ է պատճառը, որ իր թիմի խաղացողները հատկապես երկրորդ կեսում մեծ թվով սխալներ են թույլ տվել: Նա նշեց, որ Հայաստանի հավաքականն իր վրա լավ տպավորություն է թողել, և օրինաչափ համարեց, որ այն երկրորդ կեսն ավելի արդյունավետ է անցկացրել ու միավորների փոքր տարբերությամբ պարտվել:

Վերջին տուրից առաջ ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել: Փաստորեն, ռուսաստանցիները խաղալու էին Վրաստանի հավաքականի հետ, և նրանց հաղթանակը կասկած չէր հարուցում, այդպես էլ եղավ: Ռուսաստանցիները հաղթեցին 65:23 հաշվով: Իսկ ուզբեկստանցիները մեր թիմի նման պարտվել էին ռուսաստանցիներին (24:44) և հաղթել Վրաստանի հավաքականին (41:28): Այնպես որ վերջին տուրում որոշվելու էր 2-րդ մրցանակակիրը: Միկհատ Բեկմետովը, որ Ուզբեկստանի հավաքականի գործադիր տնօրենն է, նաև մրցաշարում, որպես մարզիչ, թիմը խաղահրապարակ էր բերում, մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ մտադիր են պայքարել 2-րդ տեղի համար: Սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ սկզբունքային խաղում հաղթել 41:33  հաշվով և ճանաչվել երկրորդը:

Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին

Երևանում էր Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յուրի Ռեզնիկովը, որը նախկինում 10 տարի խաղացել է ԽՍՀՄ հավաքականի կազմում: Ի դեպ, 1988-ի երկրաշարժի օրերին նա  գլխավորել է Ռուսաստանի` աղետի գոտում փրկարարական աշխատանքներ կատարող շտաբը: Ռեզնիկովին շնորհվել է Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչում: Հետաքրքիր էր, թե ինչ տպավարություն է թողել նրա վրա մրցաշարը: Ռեզնիկովը մասնավորապես ասաց. «Ուրախալի է, որ Հայաստանում այսպիսի բարձր մակարդակի միջազգային ստուգատես է կազմակերպվել: Հայաստանի հավաքականի կազմում բարձրակարգ խաղացողներ են:  Ի դեպ, Ռուսաստանում կան մի շարք հայ խաղացողներ, ովքեր նույնպես կարող են համալրել Հայաստանի ընտրանին: Մեր երկրի ֆեդերացիան խոչընդոտներ չի ստեղծի: Ընդհանրապես պատրաստ ենք համագործակցել և աջակցել բոլոր հարցերում»:

Սամվել Ասլանյանը հայտնում է տպավորությունները

Սամվել Ասլանյանը, որը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության  արծաթե մեդալակիր, իսկ «Չեխովսկիե մեդվեդի» թիմի իր ակումբակիցների հետ 4 անգամ հաղթել է ՌԴ առաջնությունում և մեկ անգամ էլ դարձել է այդ երկրի գավաթակիր, հայտնեց, որ ուրախությամբ է ընդունել Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը և կցանկանար ավելի հաճախակի այցելել Հայաստան: Ցավոք, իր ժամանակը սահմանափակ է: Նա հայտնեց, որ թեև արտասահմանյան տարբեր թիմերից առաջարկներ է ստացել, սակայն ռուսական ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը  երկարաձգել է մինչև 2013-ը:

Սամվելն ասաց, որ  Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանի հավաքականի հետ խաղում հնարավորն արել են հաղթելու համար, քանի որ մրցաշարից մեկ շաբաթ առաջ թիմը նոր մարզիչ է գլխավորել և, ամենայն հավանականությամբ, խնդիր է դրել պատվով դուրս գալ փորձությունից: Իսկ Հայաստանի հավաքականին  ավելի արդյունավետ խաղալուն խանգարել է այն, որ հանդբոլիստները միասին շատ հանդիպումներ չեն անցկացրել, պակասում է մրցակցության փորձը: «Ռուսաստանում կան հայ խաղացողներ: Ամենահայտնին օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Պավել Սուքիասյանն է, որը թեև 49 տարեկան է, խաղում է Չելյաբինսկի մարզի թիմում: Ստավրոպոլում, Վորոնեժում, Պերմում կան հայ հանդբոլիստներ: Ես խոսել եմ նրանց հետ, որ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեն այս մրցաշարին, սակայն այդ խաղացողների ակումբներին այժմ Ռուսաստանի առաջնության խաղերում միավորներ են անհրաժեշտ, և նրանք չկարողացան գալ: Ինձ էլ մեր թիմի գլխավոր մարզիչ, ճանաչված մասնագետ Վլադիմիր Մաքսիմովը մեծ լավություն արեց`  թողնելով Երևան գալ, որի համար շատ շնորհակալ եմ»,- ասաց Ասլանյանը:

Գավաթը հանձնեց վարչապետը

Մցաշարի օրերին Հայաստանում տարբեր երկրներից ժամանած պատվավոր հյուրերը շատ էին:  Փակման հանդիսավոր արարողությանը, որը վերածվեց տոնակատարության, ներկա էր Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը: Իսկ գավաթը հաղթող դարձած Ռուսաստանի հավաքականին հանձնեց  և աչքի ընկնողներին առաջինը շնորհավորեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

 

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply