Այս գիշեր մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 17, 2011 15:25
Նոյեմբերի 14-21-ը դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը և 2011 թվականին այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը և կշարունակվի մինչ վաղ առավոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ:
Լուսինը կգտնվի քառորդ փուլում, ինչը կդժվարեցնի թույլ Լեոնիդների դիտումը: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անունը: Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ:
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս’ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է Երկրի’ Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) երկնաքարի թողած կտորների միջով անցումով:






Facebook
Tweet This
Email This Post
