Ադրբեջանում տոտոլիտար ռեժիմը օրեցօր ամրապնդվում է. ի՞նչ կլինի հետո

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 16, 2011 13:45

Օրեր առաջ Ադրբեջանում ոստիկանությունը դաժանաբար ցրեց քաղբանտարկյալների համար ազատություն պահանջող երիտասարդ ցուցարարների ակցիան` ուժ կիրառելով նաև մի քանի լրագրողների նկատմամբ: Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական վարչակարգը աչքի է ընկնում տոտալիտարիզմի ուրույն հատկանիշներով: Երկրում տիրող ոչ ժողովրդավարական մթնոլորտի մասին վկայում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ միջազգային աղբյուրների հրապարակումները:

Անազատ երկիր` ազատ մամուլի թշնամին համարվող նախագահով

Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության համար որոշ առումով բախտորոշ տարեթիվ էր 2003 թվականը: Երկրի նախագահ դարձավ Իլհամ Ալիևը, որն էլ շարունակեց իր հոր՝ Հեյդար Ալիևի ուղին՝ որոշ նորամուծություններ մտցնելով քաղաքական դաշտում: Նախ Իլհամի իշխանության գալուց հետո երկրում քաղաքացիական ազատության իրավիճակը շեշտակի հետընթաց արձանագրեց: Օրինակ՝ «Freedom House» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցներում 2003 և 2004 թվականներին Ադրբեջանը համարվել է մասամբ ազատ պետություն, մինչդեռ 2005-ից ի վեր այն ներառվել է անազատ երկրների շարքում:  Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցում, որը ներկայացնում է ողջ աշխարհում խոսքի ազատության վիճակը, Ադրբեջանը 2003 թվականի 113-րդ հորիզոնականից 2010 թվականին իջել է մինչև 152-րդը: Պետության նախագահն էլ ներառվել է ազատ մամուլի 40 թշնամիների ցանկում:

Քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր հնարավորություններն ի դերևս են եղել

Ներկայումս հասարակ ադրբեջանցու համար չափազանց վտանգավոր է ազատորեն արտահայտել սեփական կարծիքները լրատվամիջոցներում կամ հավաքների ժամանակ, կազմակերպել քաղաքական ուղղվածություն ունեցող ակցիաներ ու ցույցեր, եթե այդ ամենը հակասում է իշխանության շահերին: Բացի այդ, երկրի իշխանությունները գրաքննության են ենթարկում տպագիր և էլեկտրոնային մամուլը: Հենց այս նպատակին է ծառայում «Մամուլի խորհուրդ» կոչվող կառույցը: Այս կազմակերպության կողմից է շրջանառության մեջ դրվել «սադրիչ լրագրություն» արտահայտությունը, որով բնորոշելով ազատ մամուլի հրապարակումները` «Մամուլի խորհուրդը» իրականացնում է բացահայտ գրաքննություն` արգելում է տպագրել շատ նյութեր, դրանք տարածել համացանցում` մեծամասամբ առաջնորդվելով խորհրդային գրաքննության բազմամյա փորձով: Այս տարի խորհուրդը որդեգրել է ավելի կոշտ միջոցներ, մասնավորապես` հոկտեմբերի 5-ին կառույցի նախագահը բողոքել է, որ սադրիչ լրագրությամբ զբաղվող թերթերը շարունակում են իրենց կեղտոտ գործունեությունը: «Մենք դրանց «սև ցուցակի» մեջ մտցնելու որոշում ենք կայացնում, սակայն նրանք շարունակում են տպագրվել այլ անուններով»,- ասել է նա` ընդգծելով, որ հարկավոր է կատարել որոշ օրենսդրական փոփոխություններ:

Վերոհիշյալ բոլոր քայլերը նպաստեցին նրան, որ երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր հնարավորություններն ի դերևս եղան: Ուստի քաղաքականապես ակտիվ երիտասարդները և ընդդիմադիր ուժերը տեղափոխվեցին համացանցային տիրույթ, որը, սակայն, նույնպես անուշադրության չի մատնվում իշխանությունների կողմից: Օրինակ՝ «Freedom House» միջազգային կազմակերպության ղեկավար Դեվիդ Կրամերը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ադրբեջանը ուժեղացրել է ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը: Ըստ Կրամերի՝ ադրբեջանական իշխանությունները պարբերաբար սահմանափակում կամ արգելափակում են որոշ ինտերնետային կայքեր, այդ թվում՝ ընդդիմադիր լրատվամիջոցների և «Ազատություն» ռադիոկայանի հասանելիությունը: Կրամերը նաև ասել է, որ Ադրբեջանը մեծ փորձ ունի Facebook սոցիալական ցանցում պրոֆիլների արգելափակման գործում: Այս փաստը հաստատել են նաև ադրբեջանական շատ լրատվամիջոցներ և բլոգերներ: Երկրի անկախ քաղաքագետների համոզմամբ` իշխանությունները արտաքուստ ցուցադրում են, թե Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է, որը հանդուրժում և նույնիսկ խրախուսում է մարդկանց ազատորեն արտահայտվելու իրավունքն ու քաղաքական դիրքորոշումները, սակայն «այդ ամենը էժանագին, ծաղրալի ձևաչափով: Իրականում, Ադրբեջանի իշխանությունները պարզապես չեն վստահում սեփական հասարակությանը»:

Կալանավորվում են համացանցային այլախոհները և դատապարտվում ազատազրկման

Առօրյա կյանքում հասարակությունից չեզոքացնելով ընդդիմադիր զանգվածի ներգործությունը` կառավարությունը այդուհանդերձ դժվարանում է ամբողջությամբ զսպել համացանցում ընթացող քաղաքական քննարկումներն ու ըմբոստության ալիքը: Ինտերնետն այնքան լայն տիրույթ է, որ վերցնել և ամբողջությամբ վերահսկել այն, գրեթե անհնար է, առնվազն պետք է լինել Հյուսիսային Կորեայի նման պետություն:

Մինչդեռ ներկայումս ադրբեջանական իշխանությունները գործում են ավանդական մեթոդներով` կալանավորում են համացանցային այլախոհներին և դատապարտում ազատազրկման: Օրինակ` 2009 թվականին երկու բլոգերներ կալանավորվեցին այն բանի համար, որ Youtube-ում տարածել էին իշխանությունները ծաղրող մի տեսանյութ: 2010 և 2011 թվականներին, երբ Ադրբեջանում ակտիվացան Facebook-ի օգտատերերը, իշխանությունները մի շարք ձերբակալություններ իրականացրին, որոնցից ամենահայտնիները 2011 թվականին երկու ուսանողների, այնուհետև «Մարտի 11-ը` ազգի մեծ օր» խմբի ակտիվիստի կալանավորումն էր:

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, քաղաքացիական հասարակությունն իր գործունեությունն ակտիվորեն ծավալում է համացանցում, ապա տեղափոխվում իրական տիրույթ: Սակայն Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ սոցիալական մեդիայի զարգացումն առանցքային նշանակություն չի ունենում որոշ երկրների քաղաքական դաշտում և որ տոտալիտար ռեժիմը, այդուհանդերձ, ի զորու է կառավարել ու վերահսկել քաղաքականապես ակտիվ զանգվածի գործունեությունը իրական կյանքում և համացանցում: Տվյալ պարագայում Ալիևների ընտանիքը, որ իշխում է 1993 թվականից ի վեր, երկրում ձևավորել է տոտալիտար իրական համակարգ, այստեղ անգամ ընդդիմադիր ուժերի գործունեությունը վերահսկվում է իշխանության կողմից, դրանով է բացատրվում ընդդիմության պասիվությունը: Այնպես որ Ադրբեջանում տոտոլիտար ռեժիմը օրեցօր ամրապնդվում է, նրա դիրքերի թուլացման նախապայման ներկայումս գոյություն չունի, իսկ քաղաքացիական հասարակության ձևավորման մեխանիզմները շուտվանից չեզոքացվել են, ուստի Ադրբեջանի «հետո»-ն կարելի է բնութագրել բոլոր տոտալիտար ռեժիմների անկման սցենարով, այն է` տոտալիտար ռեժիմի կայացում, ամրապնդում, անելանելի վիճակ քաղաքական կյանքում, բուռն ըմբոստություններ և վերջում, իհարկե, ռեժիմի փլուզում:

 

 

Գևորգ Թոսունյան

 

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply