Հանրահայտ Միշել Լեգրանը Երևանում է. այսօր նա 90 րոպե տևողությամբ, առանց ընդմիջման համերգ կտա

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 15, 2009 12:03

Միշել ԼեգրանԱյսօր կկայանա աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի առաջին համերգը Հայաստանում: Երեք անգամ «Օսկարի» արժանացած կոմպոզիտորն ու դաշնակահարը համերգին կկատարի ոչ միայն աշխարհում մեծ ճանաչում վայելող երգեր ու պիեսներ, այլև հանդես կգա որպես դիրիժոր:

Լեգրանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում երաժշտություն է գրել 200 ֆիլմի համար և ձայնագրել ավելի քան 100 ալբոմ: Նա ստեղծագործում է տարբեր ժանրերում. գրում է ջազային կոմպոզիցիաներ, երգեր, սիմֆոնիաներ, որպես ռեժիսոր նկարահանում ֆիլմեր, բեմադրում մյուզիքլներ: Նա աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Էդիտ Պիաֆը, Շառլ Ազնավուրը, Բարբարա Սթրեյզանդը և այլն:

Հայազգի Լեգրանի մայրական կողմից պապի անունը Սարգիս Տեր-Միքայելյան է, ով Ցեղասպանությունից մազապուրծ` փախել է Ֆրանսիա:

Բացի ֆիլմերի հայտնի մեղեդիներից, ինչպիսիք են «Շերբուրյան հովանոցները», մաեստրոն այսօր կկատարի նաև ջազային ստանդարտներ և համերգային համարներ` վոկալիստուհու հետ:

«Շերբուրյան հովանոցները» առաջին ամբողջովին երգված երաժշտական ֆիլմն էր, որ Լեգրանը նկարահանեց 1963թ. . նախկինում ոչ ոք նման բան չէր արել:

Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

«Ճիշտ է, շատ փորձառու չէ նվագախումբը, բայց մեծ հեռանկարներ ու ապագա ունի»,- ասում է Լեգրանը. նվագախմբի հետ կոմպոզիտորը երկու օր շարունակ փորձեր է արել` 5-ական ժամով:

Համերգին կմասնակցի Լեգրանի կինը` հանրահռչակ տավղահարուհի Կատրին Միշելը և կոմպոզիտորի քույրը` երգչուհի Քրիստիան Լեգրանը:
Լեգրանը պատրաստվում է մոտ ապագայում ֆիլմ նկարել Հայաստանում, որը կկոչվի «Կույր սեր» ու կպատմի սիրո մի պատմություն:

Այսօր տեղի ունենալիք համերգի հովանավորներն են ՎՏԲ-Հայաստան Բանկը, «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, «Արմենտել»-ն, «Արմավիա»-ն և Երևանի կոնյակի գործարանը:

Համերգի կազմակերպիչներն են «City Lights Productions»-ը ( London) և Մալխաս ջազ քլաբը` ՀՀ մշակույթի նախարարության և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

Համերգը կտևի 90 րոպե առանց ընդմիջման, ինչպես ցանկացել է մաեստրոն:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply