Սուրեն Խաչատրյանի «հերոսական» արարքին ականատես է եղել ՀՀԿ-ական պատգամավորը. Շուռ եկա տեսա քաշքշում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 17, 2011 11:32

ԱԺ հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը  հանգամանքների բերումով գտնվել է  «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի նախասրահում այն պահին, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Հակոբյանի միջեւ տեղի է ունեցել  հայտնի միջադեպը:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը:

«Հանդիպման էի հյուրանոցում, կողքի սեղանի շուրջ  նստած էին երկու կին, հետո իմացա, որ մեկը Սիլվա Համբարձումյանն է: Եկավ մարզպետը, բարեւեցինք, ինքը գնաց կողքի սեղանի մոտ: Ես խոսում էի այն մարդու հետ, ում հետ որ հանդիպման էի եկել: Մի պահ շուռ եկա եւ տեսա քաշքշում են, անմիջապես բաժանեցինք իրարից: Հետո առանձին խոսեցին, այնուհետեւ ես մոտեցա Սիլվային, ասեցի որ հաշվի առնելով  այն հանգամանքը, որ ճանաչում եմ Սուրեն Խաչատրյանին, միասին աշխատում էինք, երկար տարիներ ընկերություն ենք արել, իմ կողմից ասացի ներողամիտ եղեք, նյարդերը չդիմացան։ Ինչ վերաբերում է հարվածներին, ես չեմ տեսել հարված»,- ասաց Սամվել Սարգսյանը։

Պատգամավորի խոսքով, այդ միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանն ու Սիլվա Համբարձումյանը  առանձին մի քանի րոպե խոսել են, հետո մարզպետը գնացել է, իսկ ինքը` մոտեցել Սիլվային եւ ներողություն խնդրել։  «Ճիշտն ասած Սուրենի հետ միջադեպից հետո չեմ խոսել: Միջադեպից հետո եկավ Մանուկյան Խաչիկը, դուրս եկավ մարզպետը, իրենք դուրս եկան, ես էլ հանդիպումը ավարտեցի ու նոր դուրս եկա»,- ասաց  գործարար-պատգամավորը:

Սամվել Սարգսյանը նաեւ նշեց, որ Սյունիքի մարզպետը շատ հավասարակշռված մարդ է, եւ ինքը չի կարող բացատրել, թե, դիմելով այդ քայլին, մարզպետն ինչ է զգացել. «Ես քաղաքում չէի, չգիտեի` ինչ է եղել, ոչ էլ կնոջն էի ճանաչում: Իհարկե դրան պետք է գնահատական տրվի, բայց առաջին հերթին պետք է մանրամասն պարզվի: Չէի պատկերացնում, որ այդպիսի բան կլինի, ուշադիր չեմ եղել, շուռ եկա ու տեսա, վայրկյաններ տեւեց: Քանի որ ինքս ամբողջովին չեմ տեսել` ինչ է կատարվել… Նորից եմ կրկնում հավասարակշռվածության հետ կապված, չեմ կարծում, որ Խաչատրյանը կարող է այդ կարգի ինչ որ բան անել»։

Հիշեցնենք, որ միջադեպից հետո Սիլվա Համբարձումյանը նշել է, որ միջադեպի ականատես է եղել «Մաքս գրուպ» կոնցեռնի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Սակայն գործարար- պատգամավորը հերքել էր Սիլվա Համբարձումյանի պնդումը, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից իրեն հարվածելու պահին ինքն այդտեղ է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների առ այն, որ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում:

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռեւս չի հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն եւ չի հարցաքննվել:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply