Կառավարությունը խուսափում է գնահատականներ տալ Սյունիքի մարզպետի և գործարար կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2011 19:54

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Սյունիքի մարզպետի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նա նշեց, որ մինչ որս ոչ մի պետական կառույց չի արձագանքել և համապատասխան գնահատական չի տվել դրան և հարցրեց, թե ինչպե՞ս է գնահատում կառավարությունն այս դեպքը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, և կառավարության ցանկացած հայտարարություն կարող է դիտվել իբրև միջամտություն նախաքննութան ընթացքին. «Վստահեցնում եմ, որ համապատսխան ընթացակարգերից հետո կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»,-ասաց նախարարը` միաժամանակ նշելով, որ որպես մարդ այդ ամենին շատ վատ է նայում:

Ի դեպ, այդ հարցին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ևս զերծ մնաց միջադեպին գնահատականներ տալուց` կրկնելով արդարադատության նախարարի ասածը: Իսկ «Անկախ»-ի հարցին, թե որպես սովորական մարդ ինչպես է վերաբերվում դրան, վարչապետը պատասխանեց. «Եթե նման բան իսկապես տեղի է ունեցել, ապա բնական է, որ դատապարտելի է, բայց մենք դա չենք կարող իմանալ, մինչև նախաքննությունը չավարտվի: Իմ մասին էլ ասում են, թե հաստատ խմած է եղել, բայց ես խմած չէի»,-ավելացրեց նա:

 

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply