Սիլվա Համբարձումյան.«Իմ «Կրիշը» խելքս է» /«Անկախ»-ի բացառիկ հարցազրույցը գործարարի հետ/

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Հետաքրքիր կանայք, Շաբաթվա լուր | | November 17, 2011 17:30

Ո՞վ էր ճանաչում գործարար Սիլվա ՀամբարձումյանինԲայց բավական էր մի աղմկահարույց գործընթաց, որ նրա անունը շրջանառվեր հասարակության լայն զանգվածների շրջանում:

Գործընթացի մեկնարկը թափ առավ օրերս, երբ մամուլի ասուլիսի ժամանակ գործարարը խոսեց իր դժգոհությունների մասին: Մեզ հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ կին գործարարն ասաց, որ դա առաջին անգամ էր: Ու Ժպիտով ակնարկեց` այդ օրը օրացույցում կարելի է նշել կարմիրով:

Տիկին Համբարձումյան, ինչի՞ց սկսվեց այս ամբողջ պատմությունը

– Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 9-ից, երբ մամուլի ասուլիս հրավիրեցի ու իմ դժգոհությունը հայտնեցի դատական համակարգից: Առանցքը բնական պաշարների և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ կապված միջադեպն էր:

Հենց որ հանքերի գործունեության լիցենզիաների տրամադրումը տեղափոխվեց այդ նախարարություն, չգիտես ինչու նախարարն առաջինն ինձնից սկսեց, ու անում է ամեն ինչ, որ հանքերի գործունեությունը թողնեմ: Գործեց անօրինական ճանապարհով: 2009 թ. մարտին ինձ զրկեց լիցենզիայից: 2010 թ. հուլիսի 30-ին վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց, ըստ որի` նախարարի հրամանը ճանաչվեց անվավեր: Երկու ամիս հետո` հոկտեմբերի 1-ին, նույն հիմքով զրկվեցինք նույն լիցենզիայից, անմիջապես դիմեցինք դատարան: Արմեն Մովսիսյանը չհանգստացավ… Դեկտեմբերի 3-ին աճուրդ արեց և վաճառեց հանքի լիցենզիան: Իսկ ՀՀ օրենքով` դատական գործընթացում գտնվող ոչ մի բան իրավունք չունեն վաճառելու: Ամեն ինչ իր ձեռքին էր, ու անօրինականությունների միջոցով ցանկացավ հասնել իր նպատակին: Գնորդներից բաժնետեր էր նաև Սերոբ Տեր-Պողոսյանը, իսկ այդ հանձնաժողովը նախագահում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Չինացիները լավ խոսք ունեն, չէ՞, ասում են` մի անտառում երկու վագր չի ապրում

Աղմուկ բարձրացրեց նաև Ձեր ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպը: Ինչո՞ւ ձեր ջրերը մի առվով չեն հոսում

– Գիտեք, Սյունիքի մարզպետի հետ իմ հարցը շատ պարզ է. ես ցանկանում եմ, որ նա կա՛մ իմ սարքավորումը հետ տա, կա՛մ գումարը: Այդ հանքի պատմությունը շատ աղճատված է: Ես դա գնել եմ ավստրալիացիներից 2009 թ., ոչ ոք չի ուզում խորանալ այս պատմության մեջ, բայց ասեմ ընդամենը մի բան. ավստրալիացիները ոչ թե գնացին, այլ փախան: Որովհետև մարզպետը շատ էր վախեցրել… Մարզպետին թվում էր, որ եթե ավստրալիացիները գնան, «Սիփան 1»-ը իրեն կմնա: Նա այնքան էլ չէր հասկանում, որ դա ընդամենը հիմնարկ է, և կապ չունի` ավստրալիացին կլինի, թե, ասենք, հնդիկը:

Այդ ընթացքում տնօրենը շատ բան վաճառեց, քանի որ ավստրալիացիներն այլևս ներդրում չէին անում, պետք է պահեին աշխատողներին, կարծես վճարում էին պարապուրդի համար: Սուրեն Խաչատրյանը 15 մլն դոլարանոց արժեքավոր ապրանքները գնեց 240 մլն դրամով: Դրա մասին խոսք չունեմ, գնել է, բայց դրանց հետ տարել է մի ուրիշ սարքավորում, որն արժե 102 միլիոն դրամ: Ստիպված նույն սարքավորումը գնեցի ու ավելի թանկ վճարեցի` 450 հազար դոլար:

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում արդեն հարուցվել է քրեական գործ` 118-րդ հոդվածի հատկանիշով, Ձեր տված գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցում Ձեզ հարվածներ է հասցրել: Ձեզ առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն դուք հրաժարվել եք փորձաքննության ենթարկվել, ինչո՞ւ:

– Այո՛, ինձ հենց այդ պահին ասացին, թե ուզո՞ւմ եք դատաբժշկական փորձաքննություն անցնել, ես ասացի` ոչ: Իմ կռիվը դա էլ չէ: Հայ տղամարդու արժանապատվությունը կորավ, եթե կար, կորավ: Հիմա ոչ մի հայ տղամարդու չես կարող, չէ՞, նորմալ նայել, միշտ կմտածես` կարող է և կնոջ վրա ձեռք է բարձրացնում: Միշտ էլ երևի բռունցքներով են տղամարդիկ հարցը լուծել, բայց ես իր ընտանիքի անդամը չեմ, որ ինձ ծեծի, հարձակվի խուլիգանի նման: Վերջապես նա պետական պաշտոնյա է: Երբ հյուրանոցում մոտեցավ, կարծում էի` գալիս է ներողություն խնդրելու, քանի որ կիրակի օրը նա ոմանց միջոցով  առաջարկել էր հաշտվել: Ինձ թվաց, որ հենց այդ օրը մենք պետք է հաշտվենք, ու ամեն ինչ կկարգավորվեր: Բայց, փաստորեն, պատմությունն ավելի սրվեց:  Սա փողի խնդիր չէ, ես երբեք չեմ ուզում ինձ խաբված զգալ: Իմ արժանապատվությունը շատ ավելի թանկ է,  գուցե նա արժանապատվություն չունի, բայց ես շատ ունեմ:

Այդ հանդիպմանը ներկա էին նաև մարզպետներ ու պետական այլ պաշտոնյաներ, չէ՞

-Այո, ժամը 15.30-ի սահմաններում ես հանդիպում ունեի, հանդիպումից հետո գնում էի «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն` ուղիղ եթերի: Սկզբից մինչև վերջ նստած էր ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, և մի մարդ, որին չեմ ճանաչում, դեմքը շատ ծանոթ էր, բայց չգիտեմ` ով է: Սուրեն Խաչատրյանի հարձակումը շատ արագ տևեց, հետո ես տեսա Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ու  Խաչիկ Մանուկյանին: Սամվել Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին ասաց, որ գա ներողություն խնդրի, նա եկավ, բայց այդպես էլ «ներողություն» բառը ես չլսեցի: Փոխարենը ասաց. «Ես քեզ 100 հազար դոլար տամ ու… վերջ»: Սարքն արժե 300 հազար դոլար:

Բայց ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը փորձում էր հերքել լուրը

-Չէ, Խաչիկ Մանուկյանը չի հերքել: Նա լրատվամիջոցներին ասել է. «Ես եկա` դեպքն արդեն կատարվել էր»:

Տիկին Համբարձումյան, Սուրեն Խաչատրյանն էլ իր հերթին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտնել է, որ ինքը ոչ թե գողացել է այդ սարքավորումը, այլ գնել: Նա անգամ մեկնաբանել է Ձեր քայլերը, մեջբերում եմ. «Նա հոգեկան հիվանդ ա, ու ես երկուշաբթի օրը դատի եմ տալու իրան: Թող գա, դատարանում ապացուցի, որ գողացել եմ»…

Նա դատի չտվեց, որովհետև բոլոր փաստաթղթերը մեր կողմում են: Ես այդ «հոգեկան հիվանդ» արտահայտության համար ուզում էի նորից դատի տալ, բայց հետո հասկացա, որ իմ խնդիրը իրեն դատի տալը չէ, իմ խնդիրը` իմ սեփականության փոխհատուցման հարցն է: Բայց ես երջանիկ կլինեի, որ նա ինձ դատի տար:

Մեկ Դուք եք դատի տալիս, մեկ` Ձեզ: Այս անգամ Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Սերոբ ՏերՊողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը: Նա պահանջում է հերքում տպագրել մամուլում և որպես փոխհատուցում ձեզնից ընդամենը մեկ լումա: Ասում են` դեպքը կապված է 1999 թ. հոկտեմբերի 27-հետ

– Ես մամուլի ասուլիսի ժամանակ խոսում էի սոսկ հանքերից: Այո, խոսում էի 1999-ից, բայց դա ընդհանրապես կապ չունի «հոկտեմբերի 27»-ի գործի հետ: Ես 27 թիվն էլ չեմ նշել: Պարզապես Սերոբին առաջին հանքը տրվել է 1999 թ., դա էր խնդիրը: Բայց մամուլը սենսացիոն հրապարակումների կողմնակից է: Փաստորեն,  մամուլում 1999 թվականը զուգորդեցին հոկտեմբերի 27-ի դեպքի հետ: Ես, ամեն դեպքում, պատրաստ եմ Մադլենի հետ հանդիպել դատարանում:

Ասում են` գոյություն ունեն երկու տեսակի գործարարներ: Նրանք, ովքեր իրենց հետևից տանում են աշխարհը, և նրանք, ովքեր վազում են կողքից ու բղավում. «Այս ո՞ւր է աշխարհը գնում»:

– Աշխարհը շատ ավելի լայն շրջանակ է: Կարծում եմ` կա երրորդ տարբերակը: Ես ճիշտ բիզնեսի ու աշխատատեղեր բացելու կողմնակից եմ:

Դուք լավատե՞ս գործարար եք:

Գիտեք, եթե լավատես չլինեի, երևի այս վատ տարիներին էլ չէի լինի, արտասահմանում կծավալեի գործունեությունս, չնայած հիմա էլ հիմնական բիզնեսս արտասահմանում է:

Ձեր բարեկեցությունը կախված է միայն Ձեր գործերի՞ց:

– Ես դեռ 90-ականներին օղու արտադրություն ունեի: Հիմնականում ներկրումով էի զբաղվում: Մոսկվայից մետաղներ, փայտ եմ արտահանել արտասահման: Երևի այդպես էլ հարստացել եմ:

Իսկ հովանավորնե՞ր

-Ես հովանավորող չունեմ, այսպես ասած, «կրիշ» չունեմ, իմ «կրիշը» իմ խելքն է` բանականությունը: Երբեք ոչ ոքի ունեցվածքը չեմ գողացել, եթե վաճառել են` գնել եմ: Ես տնտեսագետ եմ, ու շատ հաճախ ինձ օգնում է խելքս: 1985 թ. սկսվեց կոոպերատիվների տրամադրումը: Ես սկսեցի կոոպերատիվներից. դա նախագծային կոոպերատիվ էր, ունեի նաև պետական աշխատանք… Հետո եղավ երկրաշարժը, Սպիտակի գերեզմանատանը կառուցեցինք «սենդվիչներով» եկեղեցի: Թույլտվություն տվեց երջանկահիշատակ Վազգեն վեհափառը: Անհրաժեշտ էր արագ կառուցել. «սենդվիչները» օգնեցին:

Ըստ Ձեզ, Սյունիքի մարզպետի հետ կապված այս գործընթացն ի՞նչ թափ կստանա:

-Ես հույսս դրել եմ հանրապետության նախագահի վրա:

Ճանաչո՞ւմ եք Սերժ Սարգսյանին:

– Անձամբ չեմ ճանաչում:

Բայց բիզնեսում երկու ճանապարհ կա` կա՛մ հաղթանակ, կա՛մ պարտություն:

– Բայց այս հարցը բիզնեսի նժարին դնելը սխալ կլինի: Սա իրավական դաշտ է` օրենքով լուծվող հարց: Արդեն լրատվամիջոցներով ասել եմ: Սերժ Սարգսյանից դեռ արձագանքներ չկան: Կարծում եմ` կհսկի, որ օրինական դաշտը մաքուր լինի:

Ի՞նչն է Ձեր հաջողության գրավականը:

– Բիզնեսում հաջողության համար կարևոր է խելքը, արագ կողմնորոշվելու ունակությունը, և, իհարկե, «բախտը», պետք է մի քիչ էլ հաջողություն ունենաս: Ես կարծում եմ` հաջողակ բիզնես վումն եմ:

Պետական պաշտոնյա կանայք միշտ խոսում են, որ իրենց համար սկզբունքորեն կարևոր է գործը, իսկ խոհանոցին այնքան էլ ժամանակ չեն տրամադրում:

– Ես խոհանոցը շատ եմ սիրում: Շատ համեղ կերակուրներ եմ պատրաստում: Եվ հասցնում եմ:

Մի քիչ էլ խոսենք ձեր ընտանիքից

-Ես ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ: Մենք երեք քույր, մի եղբայր ենք: Եղբայրս այս տարի մահացավ ավտովթարից:

Ձեր քույրերն է՞լ են գործարար:

– Մեկն ուսուցչուհի է, մյուսը` ինժեներ: Երկուսն էլ չեն աշխատում, տանն են:

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

– Շատ եմ սիրում ջազ, դասական երաժշտություն լսել: Հիմնականում երաժշտության մեջ այս երկու ուղղություններն եմ սիրում:

Տնտեսագետները մի հետաքրքիր առավելություն ունեն. հաշվարկներում շատ քիչ են սխալվում: Ինչպե՞ս սկսեցիք սիրել թվերը:

– Բա հենց թվերն են կարևոր (ծիծաղում է,-հեղ.): Շատ դեպքերում անուններ չեմ հիշում, բայց հերիք է ասեք` յուրաքանչյուր տարվա բալանսը, հիշում եմ միանգամից, անգիր կարող եմ ասել: Թվերով ես, չէ՞, հաշվարկ անում, որ հասկանաս` բիզնեսը հաջո՞ղ կլինի, թե չէ:

Բոլոր գործարարներն էլ հոբբի ունեն: Հետաքրքիր է իմանալ Ձեր հետաքրքրությունների, նախասիրությունների մասին

Բոլոր կանայք էլ սիրում են շոփինգ անել, ես էլ բացառություն չեմ: Այդպես ես հանգստանում եմ: Գուցե այդ հագուստը չհագնեմ էլ, բայց սիրում եմ գնել ու ամենակարևորը` նվիրել:

Եվ նվերներ ստանա՞լ

–  Երևի միայն ծաղիկներ: Ես յուրահատուկ բաներ եմ սիրում: Օրինակ` զգեստներ կան, որ միայն ես ունեմ, զարդեր, որ միայն ինձ համար են:

Եվ վերջին հարցը: Խնդրում եմ` ավարտեք այս միտքը` «Ես կշարունակեմ մնալ Հայաստանում ու…»

– …Ու կփորձեմ ստեղծել աշխատատեղեր:

Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի համար:

– Ձեզ ևս շնորհակալություն զրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ


Դիտվել է 2510 անգամ:
Print Friendly

Leave a Reply