«Հայաստանն արաբական եւ արեւմտյան աղբյուրներում» թեմայով միջազգային գիտաժողով Կահիրեի համալսարանում

Պաշտոնական, Օրվա լուր | | November 16, 2011 18:23


Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում նոյեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Հայաստանն արաբական եւ արեւմտյան աղբյուրներում» թեմայով չորրորդ միջազգային գիտաժողովը, որն այս անգամ նվիրվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին: Այն կազմակերպվել էր Կահիրեի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելի հովանավորությամբ եւ Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Գալալը, անվանի եգիպտացի մտավորականներ, Կահիրեի եւ այլ համալսարանների պրոֆեսորներ, ուսանողներ, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Մոթազ Սայիդ Աբդալլահը եւ կենտրոնի տնօրեն Զեյնաբ Աբու Սիննան, որոնք բարձր են գնահատել կենտրոնի դերը հայ-արաբական գիտակրթական եւ մշակութային համագործակցության զարգացման գործում: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ գիտաժողովի ծրագրում ավելի քան 20 եգիպտացի գիտնականների զեկուցումների առկայությունը խոսուն վկայությունն է այն հանգամանքի, որ Կենտրոնին հաջողվել է իր գործունեության ընդամենը մի քանի տարիների ընթացքում կտրուկ ավելացնել հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ Եգիպտոսի գիտական շրջանակներում: Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաեւ Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից ժամանած մասնագետներ:
Հինգ նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայկական հարցին: Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրին Մուհամմադ Ռեֆաթ Ալ-Իմամի «Հայկական հարցի նկարագրությունը ժամանակակից արաբական գրականությունում /1878-1923թթ/», Ալի Սաբեթ Սաբրիի «1894-1896թթ հայկական ջարդերը ակադեմիական տեսանկյունից», Նարինե Հարությունյանի /Հայաստան/ «1894-1896թթ հայկական ջարդերի արտացոլումը Կահիրեի «Ալ-Մուշիր» ամսագրում», Նորա Արիսյանի /Սիրիա/ «Հայերը սիրիական մամուլում» զեկուցումները: Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին գրքով:

Տեղեկանք: Կահիրեի Համալսարանը հիմնադրվել է 1908թ եւ հանդիսանում է Մերձավոր Արեւելքի խոշորագույն գիտա-կրթական հաստատությունը: Այստեղ սովորում են ավելի քան 250000 եգիպտացի եւ արտասահմանցի ուսանողներ, պրոֆեսորա-դասախոսական կազմը գերազանցում է 13000-ը: Հայագիտական կենտրոնը բացվել է 2007թ համալսարանի Բանասիրական ֆակուլտետում: Այն կազմակերպում է հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի կուրսեր, ինչպես նաեւ դասախոսությունների հատուկ շարքեր: 2008թ ի վեր Կենտրոնը գումարել է չորս միջազգային գիտաժողով` նվիրված հայ-արաբական, հայ-եգիպտական առնչություններին:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply