ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման նոր գործիք

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2011 14:12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել studyinarmenia.org և amhe.am բուհական պորտալի շնորհանդեսը, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար: Անգլալեզու ինտերնետային կայքը ներկայացնում է  համակողմանի տեղեկատվություն ՀՀ-ում գործող պետական, միջազգային և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բոլոնիայի գործընթացով պայմանավորված բարեփոխումների  մասին:

Կարևորելով հերթական նոր նախաձեռնությունը բուհական համակարգում`   ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթության համակարգն օտարերկրյա քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելը նախարարության կողմից դիտարկվում է գերակա խնդիր:

“Արտասահմանցի ուսանողների ներգարավման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: Եվ մենք այսօր մեր դիրքերը պահպանելուց բացի, հավակնում ենք մեր վրա վերցնել տարածաշրջանային բուհական կենտրոնի գործառույթները: Կրթություն ստանալու նպատակով Հայաստան եկող արտասահմանցիները, որպես կանոն, որոշակի դժվարություններ էին ունենում բուհական համակարգի մասին տեղեկատվություն ստանալու առումով, քանի որ անգլալեզու համապարփակ ինտերնետ-ռեսուրս չկար: Մեր բարձրագույն  կրթական համակարգն արտերկրում քարոզելու և  գովազդելու անհրաժեշտություն կա: Նոր պորտալը նպատակ ունի լրացնելու այդ բացը: Սա թույլ կտա, որ յուրաքանչյուր արտասահմանցի պոտենցիալ ուսանող այստեղ գտնի իրեն հետաքրքրող տեղեկությունը։ Նոր կայքը հավակնում է դառնալ մեծ պատուհան` դեպի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգ, որով մենք փորձում ենք ավելացնել մեր արտասահմանցի ուսանողների թիվը` պահպանելով ավանդական շուկաները, փորձելով դուրս գալ նաև նոր շուկաներ: Մեր մրցունակության բանաձևը` որակյալ կրթություն՝ մատչելի գնով,  մինչ այժմ աշխատել է, աշխատելու է նաև ապագայում”,- նշել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը կարևորել է, որ նոր կայքը ոչ միայն օտարազգի ուսանողների, այլև՝ սփյուռքի մեր հայրենակիցների համար ևս կապահովի կրթական նոր հնարավորություններ, քանի որ նրանցից ոչ բոլորն են հայախոս:

ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը  շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է բուհական պորտալը: Հայաստանում գործող բուհերն այնտեղ ներկայացված են առանձին էջով, հղումներ կան  դեպի բուհերի պաշտոնական  կայք-էջեր: Պորտալը նաև առցանց դիմելու հնարավորություն է տալիս` օտարերկրացի  ուսանողների համար ուսուցում կազմակերպող  բոլոր բուհերը կարող են նաև առցանց ընդունելության դիմում-հայտեր ընդունել:  Բոլոր նրանք, ովքեր կցանկանան սովորել Հայաստանի բուհերում, համացանցով կարող են ուղարկել նախնական հայտ՝ արտահայտելով համապատասխան բուհում սովորելու ցանկություն և դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության նոր լոգոն՝ հայալեզու և անգլալեզու տարբերակներով։

 

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply