Գունազարդ գիրք-չափորոշիչ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2011 11:46
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և հաստատվել են «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները», որոնք սահմանում և նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և կարողանա անել երեխան որոշակի տարիքում: Կատարված աշխատանքների արդյունքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ լույս է տեսել «Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» գունազարդ գիրքը, որը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակ-մանկավարժների, մեթոդիստների, ինչպես նաև ընտանքիների և երեխաների խնամքով զբաղվող այլ հաստատությունների համար:
Այդ տարիքի երեխաների համար նախատեսված չափորոշիչները  դասակարգված են ըստ զարգացման փուլերի`
1.շարժողական ոլորտ,
2.խոսքի և հաղորդակցման ոլորտ,
3.իմացական ոլորտ,
4.սոցիալական,հուզական և անձնային ոլորտ,
5.ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգություն ոլորտ
6.սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ:
Չափորոշիչները դաստիարակ-մանկավարժների համար ստեղծում են այն հիմքը, որի վրա նրանք կարող են պլանավորել ուսուցումը: Չափորոշիչների հիման վրա կարող են մշակվել ուսումնական ծրագրեր և պլաններ, որոնք մանկավարժների համար համարվում են աշխատանքային փաստաթղթեր: «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները» գիրքը օգտակար և արդյունավետ աջակցություն կարող է լինել նաև այն ծնողների համար, ովքեր անհանգստանում են, թե արդյոք իրենց երեխաները դպրոց գնալուց առաջ ճիշտ գիտելիքներ և հմտություններ են ստանում: Չափորոշիչ-ուղեցույցի օգնությամբ ծնողները կարող են համոզվել, որ առօրյա գործողությունների միջոցով երեխաներին կարելի է սովորեցնել այն, ինչ նրանք պետք է իմանան հետագայում դպրոցում հաջողության հասնելու համար:
Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply