Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել մոտ 1000 բանտարկյալի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2011 9:18

Սիրիայի իշխանությունները նոյեմբերի 15-ին բանտերից ազատել են 1180 մարդու, որոնք ձերբակալվել էին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Բացի այդ, բանտից ազատ են արձակել այլախոհ Քամալ Լաբվանիին, որը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման` Բաշար Ասադին վիրավորելու  ու, իբր, ուրիշ պետություններին Սիրիա մտնելու կոչ անելու համար: Լաբվանիի դուստրն ասել է, որ իր 54-ամյա հայրը լավ է զգում, սակայն պատկերացում անգամ չունի, թե ինչ է կատարվում երկրում, քանի որ բանտում արգելված է եղել նորություններ կարդալը: Լաբվանին ձերբակալվել էր 2005-ին:

Իրավապահ մարմինների գնահատականներով, 2011-ի մարտից ծայր առած հուզումների ընթացքում քաղաքական մոտիվներով ձերբակալվել է մոտ 1000 մարդ, նույնքան էլ անհետ կորել են: Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով, այդ ընթացքում սպանվել է 3500 մարդ:

Միայն նոյեմբերի 15-ին զոհվել է 70 մարդ: Իր հերթին, սիրիական իշխանությունները մեղադրում են ապստամբներին` ավելի քան 1100 ոստիկանների ու զինծառայողների սպանության համար: Երեքշաբթի Թուրքիայի ղեկավարությունը քննադատել է սիրիական իշխանություններին, մեղադրելով սեփական քաղաքացիների սպանության   մեջ ու սպառնացել հոսանքամատակարարումը դադարեցնելով: Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ Ասադին անվանել է «արնախում»:

 

 

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply