Շահո՞ւմ ես դու և շահո՞ւմ է, արդյոք, պետությունը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 14, 2009 18:28

questionՇատ խանութներում ՀԴՄ կտրոններն այդպես էլ մնում են սեղաններին: Թեեւ իշխանություններն արդեն 8-րդ ամիսն է գովազդում են, որ ՀԴՄ կտրոնների վիճակախաղով հնարավոր է փող շահել, սակայն շատերը կտրոնի մեջ իմաստ չեն տեսնում: «Շահում ես դու, շահում է պետությունը» գովազդի առաջին հատվածը չի աշխատում: Տիկին Մարինեն ասում է, որ չի վերցնում կտրոնները, որովհետեւ չի հավատում «Շահող կտրոն» վիճակախաղին: «Ոչ միայն չեմ հավատում, որ կշահեմ, այլեւ, որ վիճակախաղը հարց կլուծի», – ասում է նա:

Բիզնեսը ստվերից հանելու եւ հարկային դաշտում ներգրավելու նպատակով այս տարվա հունվարի 1-ից Պետեկամուտների կոմիտեն անցկացնում է «Շահող կտրոն» վիճակախաղը:

Փոխվեցին ՀԴՄ ժապավենները: Նոր ժապավենների դարձերեսին տպված 8 թվերի տարբեր կոմբինացիաները կարող են շահել, եթե յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը կայացած խաղարկության ժամանակ դուրս գան հենց այդ թվեր ից առնվազն հինգը:

Ըստ այդմ` ինչքան շատ կտրոն ունենա քաղաքացին, այնքան կմեծանա շահելու հավանականությունը: Այդ գայթակղությունն առաջացնելով, իշխանությունը հույս ուներ, որ քաղաքացին խանութից պահանջի ՀԴՄ կտրոնը, որի շնորհիվ ստվերային առեւտուրը կվերանա:

Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ «Շահող կտրոն» վիճակախաղն ուղղված է մատակարարների դեմ. «Մենք մատակարարողներին ստվերից հանելու համար է այդ գաղափարը` լինեն տեղական արտադրողներ թե ներմուծող ընկերություններ,- ասում է Հայրապետյանը,- ուղղակի, խնդրին մոտեցել են հակառակ եզրից: Եթե քաղաքացին խանութից պահանջում է կտրոնը, խանութպանը ստիպված պիտի ցույց տա իր շրջանառությունը, իսկ դա նրան ձեռ չի տալիս, եթե նա հաշիվֆակտուրա չունի, հետեւաբար իր մատակարարից պետք է պահանջի հաշիվֆակտուրաները»:

Հայրապետյանն ասում է, որ Հայաստանում հարկերը, մասնավորապես 20 տոկոսանոց ԱԱՀն, շատ բարձրեն եւ եթե բոլոր տնտեսվարողներն օրինականորեն մուծեն բոլոր հարկերը, այսինքն` տրամադրեն հաշիվ ֆակտուրա եւ խանութպաններն էլ ՀԴՄ խփեն, բիզնեսը Հայաստանում կվերանա: «Մեր երկրի պես տնտեսության համար նորմալ է 8-10 տոկոս ԱԱՀն, – ասում է նա, – իսկ ՊԵԿը (Պետեկամուտների կոմիտեն) դրա հետ ոչ մի կապ չունի, ՊԵԿը հարկահավաք մարմին է եւ իր գործառույթն է իրականացնում: Այդ տեսանկյունից ՊԵԿի համար ՀԴՄ կտրոնների կիրառումը ճիշտ եւ ուժեղ քայլ է: Ուրիշ հարց է, որ այն ոչ մի հարց էլ չի լուծում: Դա արդեն իշխանությունների խնդիրն է, թե ոնց անեն, որ ստվերը մտցնեն հարկային դաշտ»:

Տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ասում է, որ «Շահող կտրոն» վիճակախաղը մարդկանց մոտ լոտոմանիա է առաջացնում: «Սովետական տարիներին աշխատանքային պլանը գերակատարած բանվորի կերպարը Ստախանովն էր, որը ստեղծվել էր, որպեսզի բանվորը՝ լիներ ուդմուրտ, թե ուզբեկ, ձգտեր նմանվել նրան, – ասում է Թեւանյանը, – մեր Ստախանովը ՀԴՄ կտրոն պահանջող ՀՀ քաղաքացին է: Որքան շատ ՀԴՄ կտրոն ունենա, այնքան կմեծանա Ստախանով դառնալու նրա շանսը»:

Թեւանյանն ասում է, որ կառավարությունը, պայքարելով ստվերի դեմ, ճիշտ ուղի չի ընտրել` փոքր բիզնեսին հարկային ճնշման ենթարկելով:

«Մինչեւ հասնեն խոշորին, փոքրերը կվերանան, – ասում է նա, – ի՞նչն է մեզ համար կարեւոր` ստվերը վերացնե՞լը, թե՞ մարդը»:

Իսկ տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանի կարծիքով «Շահող կտրոնի» անցկացման գաղափարը ողջունելի է, քանի որ այն ուղղված է ստվերի կրճատմանը: «Սակայն հայկական հողի(նախագիծը իռլանդական է) վրա այն շատ վատ ծիլ է տալիս, քանի որ մարդիկ հոգեբանորեն պատրաստ չեն կտրոն պահանջել», – ասում է Մանասյանը:

Չնայած ՊԵԿի ացկացրած ստուգումներին ու ՀԴՄ կտրոն չխփելու համար կիրառած տույժերին, այնուամենայնիվ, կտրոն շարունակում են չխփել:

Երեւանում էլ` կենտրոնից դեպի ծայրամաս գնալով, շատ տեղերում կտրոններ չեն տրամադրում: Կտրոններ հիմնականում տալիս են մեծ սուպերմարկետներում:

Երեւանից դուրս ավելի շատ չեն խփում, որովհետեւ փոքր քաղաքներում եւ թաղերում մարդիկ միմյանց ճանաչում են, ու կտրոն խփելչխփելու հարցը մտել է վաճառողգնորդ հարաբերությունների մեջ: Օրինակ, Էջմիածնում կամ Մարտունիում շատ հազվադեպ են կտրոններ տրամադրում: «Եթե կտրոնը պահանջում ես, նշանակում է, դրանով վատություն ես անում քեզ ծանոթ խանութի տիրոջը»,- ասում է էջմիածինցի Լիանան:

«Չեն էլ ամաչում, ինչ շահող կտրոն, ինչ բան, – ասում է Մարգո անունով մի առեւտրական, – ինձ, որ խանութում կտրոն են տալիս, ասում եմ տարեք տվեք իրանց (ՊԵԿին)»:

Մարգոն ասում է, որ ինքը կտրոն չի վերցնում, որովհետեւ ինքն էլ ունի մի փոքրիկ կրպակ եւ, հարկադրաբար, ՀԴՄ է տեղադրել ու ստիպված ժամանակ առ ժամանակ կտրոն է խփում: «Բայց, եթե միշտ չեկ խփեմ, լրիվ շրջանառությունս ցույց տամ, ուրեմն էդ պիտի հիմնավորեմ, բայց ոնց հիմնա վորեմ, եթե փաստաթուղթ չունեմ (սչյոտ ֆակտուրա)»:

Գյումրեցի մի խանութպան, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ՀԴՄ ժապավենը 350 դրամ է, որի մեջ կա մոտավորապես 100 կտրոն, այսինքն մեկ կտրոնի ինքնարժեքը մոտ 3, 5 դրամ է: Իսկ ապրանքներ կան, որոնցում նրա եկամուտն ընդամենը 10 դրամ է, կտրոնի գինը հանած` եկամուտը դառնում է 5-6 դրամ. «Մի հացի մեջ աշխատում ենք 5-10 դրամ, – ասում է նա, – մարդ կա, որ մի հատ հաց կարող ա առնի, ես որ իրան չեկ խփեմ, բա իմ օգուտը որն ա՞»:

«Ոչ բոլոր մարդիկ են պահանջում կտրոններ, շատ տնտեսվարողներ էլ չեն տալիս, – ասում է Մանասյանը, – վերցրածներից շատերն էլ չեն ստուգում: Բայց որոշակի մասսա կա. հատկապես` երիտասարդությունը, ոգեւորված են»:

Այս տարվա բյուջեում «Շահող կտրոն» վիճակախաղի համար նախատեսված է մոտ 1,5մլրդ. դրամ, իսկ յուրաքանչյուր ամսվա համար` 115մլն. դրամ զուտ վիճակահանության համար:

Ակնկալվում էր, որ վիճակախաղի շնորհիվ տարվա ընթացքում ստվերից դուրս կգա 5մլրդ. դրամ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առեւտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պահպանել է նույն տեմպը եւ կազմել 624.6 մլն.դրամ: Այս թվի մեջ մանրածախ առեւտուրը կազմում է 66.2 տոկոս` 413.5 մլն. դրամ առեւտրաշրջանառությամբ, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 3.3 տոկոսով: Միայն խ անութների շրջանառությունը կազմում է 64.1 տոկոս` 265.3 մլն. դրամ առեւտրաշրջանառությամբ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 15.3 տոկոս աճ է:

Վիճակահանության անցկացման հենց առաջին ամսվանից շահումները 50 տոկոսից էլ ցածր են եղել:

Տեսականորեն, 10 հազար հոգի կարող է շահել: Սակայն շահողները 8-9 անգամ պակաս են. հունվարին տարբեր չափի շահումներով եղել է ընդամենը 1.609, փետրվարին՝ 1.187, մարտին՝ 1429 շահող: Մայիսին 1519 շահողի տրամադրվել է շուրջ 9 մլն 400 հազար դրամ, հունիսին՝ 329 շահողի` 2 մլն 300 հազար դրամ, հուլիսին՝ 982-ին` 8 մլն 300 հազար դրամ, օգոստոսին` 542-ին` 4 մլն 400 հազար դրամ: Սա մոտավորապես կազմում է 7.500-8.000 հոգի շահող` մոտ 80մլն ընդհանուր գումարով: Իսկ ամենամեծ շահումը` 5մլն դրամ, շահող դեռ չի եղել:

Հաշվի առնելով, որ թվերի համընկնումով վիճակահանության ժամանակ նախատեսված ֆոնդը վատ է սպառվում, ապրիլի 1-ից ՊԵԿը հայտարարեց վիճակահանության ժամանակ չշահած կտրոնների համար բոնուսներ վճարելու մասին: ՀՀ կառավարության որոշման համաձայն, ապրիլի մեկից յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած եւ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար տրամադրվում են բոնուսներ, որոնք հուլիսի 1-ից սկսել են վճարել:

Հուլիսի մեկից մինչեւ սեպտեմբերի 30-ը բոնուս է տրամադրվում ապրիլ, մայիս, հունիս ամիսներին չշահած կտրոնների համար: Մարդիկ իրենց ունեցած կտրոնները անձնագրով ներկայացնում են տարածքային հարկային տեսչություններ եւ ստանում համապատասխան միջնորդագիր` բանկից գումարը ստանալու համար:

Բոնուս տրվում է ամենաքիչը 100.000 դրամ առեւտուր ներկայացնող 50 կտրոնի դիմաց` 2.500 դրամ: Իսկ առավելագույն բոնուսը սահմանված է 1000 կտրոնով՝ 6մլն դրամ առեւտուր արվածի դիմաց` 200.000 դրամ:

Օրինակ,100.000 դրամով մեկ կամ մի քանի կտրոնը բոնուսային վճարման ենթակա չէ, այն պարտադիր պետք է լինի 50 կտրոնով:

Օվսաննա Շեկոյանն օրերս` վճարվող բոնուսային կարգի համաձայն, ստացել է 18500 դրամ: «Մոտ 200 կտրոններով 300.000 դրամի առեւտուր էի արել,- ասում է Օվսաննան,- բայց ընկերուհիս՝ Մարգարիտան, ավելի շատ ստացավ. 300 կտրոն՝ 500.000 դրամ առեւտրով ստացավ 25.000 դրամ»: Օվսաննան ասում է, որ 200 կտրոնները հավաքել են երեք ընտանիքներով: Նրա տատիկը չի հավատում, որ թվերի համընկնումով կարելի է շահել, բայց թոռան խաթեր հավաքում է կտրոնները:

Սեպտեմբերի 2-ի դրությամբ Երեւան քաղաքի եւ մարզերի հարկային տեսչությունները տրամադրել են 45 113 միջնորդագիր` շուրջ 790 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Դիտվել է 3120 անգամ:
Print Friendly

Leave a Reply