ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 15, 2011 19:53

Այսօր Սահմանադրական դատարանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով տվյալ հոդվածի կիրառման փուլում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորված պաշտպանության հրամայականը՝ սահմանադրական դատարանը միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական նախադեպի և ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից ելնելով` մասնավորապես գտել է.
– նկատի ունենալով, որ զրպարտությանն առնչվող գործերով առաջանում է արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելը գնահատելու խնդիր, իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար,
– վեճի առարկա հոդվածի իմաստով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին` որպես իրավաբանական անձ,
– անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,
– այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար, և այն չի դիտվում որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք,
– այդ փոխհատուցումը տարանջատվում է գույքային վնասից,
– զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը կրում է միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,
– չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին,
– մամուլի ներկայացուցիչների՝ պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն՝ առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար,
– պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը՝ նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից,
– նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը,
– արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը: Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,
– վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար,
– ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,
– փոխհատուցման՝ օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում,
– լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ,
– փոխհատուցում սահմանելիս պետք է հաշվի առնվի ներողություն հայցելու պատրաստակամության առկայությունը կամ բացակայությունը,
– հաշվի առնելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից՝ հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի՝ փոխհատուցման չափը որոշելիս,
– պետք է հաշվի առնել, թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել եւ օգտագործվել են արտադատական հատուցման ձեւերը, այդ թվում՝ կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները,
– պետք է պարտադիր կերպով կողմերին առաջարկվի հաշտության գալ եւ աջակցություն ցուցաբերվի այդ հարցում։ Հաշտեցման առաջարկը վնասը գնահատելիս պետք է դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք,
– պետք է բացահայտ կերպով ճանաչվեն ճշմարտությունը պաշտպանելու իրավունքը, կարծիքը պաշտպանելու իրավունքը եւ այլ անձանց խոսքը փոխանցելու իրավունքը:

Սահմանադրական դատարանը գտել է, որ բերված մոտեցումները բխում են նաեւ վեճի առարկա հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից ու պետք է դրվեն այդ հոդվածի կիրառման հիմքում, իսկ «զրպարտություն» եւ «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկվեն դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում։

ՀՀ սահմանադրական դատարանը նաեւ իրավական դիրքորոշում է արտահայտել փոխհատուցման՝ առավելագույն սահմանի նվազեցման առումով, վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Ավելի վաղ նա լրագրողներին հայտնել էր, որ Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով կդիմի ՀՀ Սահմանադրական դատարան:

Նշենք, որ Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման օրենսդրական փոփոխությունների հեղինակը ժամանակին հենց Կարեն Անդրեասյանն է եղել:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply