Ես այն քիչ նկարիչներից եմ, որոնց մասին ասում են, որ մեծ նկարիչ է.Վարուժան Վարդանյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 15, 2011 17:00

Ես այն քիչ նկարիչներից եմ, որոնց մասին ասում են, որ մեծ նկարիչ է… Ես փառք ունեցող նկարիչ եմ, այսինքն, ես դժգոհ չեմ իմ բաժին բախտից, ավելի պակաս փառք չեմ ունեցել, քան որեւէ հայ նկարիչ՝ չհաշված Մարտիրոս Սարյանին, որովհետեւ նա աշխարհի 1/6 մասի՝ ՍՍՀՄ-ի նկարիչ էր, բայց ես էլ… ինձ Մոսկվայում գիտեն, Լոս Անջելեսում, Ամերիկայի հայության մեջ… Էնպես որ, ես կորած նկարիչ չեմ:

Վարուժան Վարդանյան
Նոյեմբերի 15-ին Նկարիչների միությունում կայացավ գեղանկարիչ, արվեստագետ Վարուժան Վարդանյանի ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսի բացման արարողությունը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն գործերը, որոնք հասցրել էին սիրվել և ճանաչվել: Վ. Վարդանյանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում` Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում եւ այլն: Ճանաչված գեղանկարիչը արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ կոչումների. այդ թվում նաեւ Հայաստանի երիտասարդ նկարիչների` տարվա լավագույն նկարի մրցանակ,  Կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչում ,  «Թեքեյան» մշակութային միության մրցանակ, «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում եւ այլն:
Հյուրերին բացման խոսքով ներկայացան Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան և վարպետ եղբայր Վարդան Վարդանյանը, Երևանի Պետական Գեղարվեստի Ակադեմիայի ռեկտորը:
<<Առհասարակ ցուցահանդեսը մի փոքր ուշացավ, այն դեռ մեկ տարի առաջ պետք է ցուցադրվեր, իսկ իմ կողքը կանգնած պետք է լիներ իր վառ կերպարով, հարուստ ներքինով վարպետը, մենք պետք է մտնեինք ներս, և տեսնեինք այն եռանդը և ջերմությունը, որին շատերս էինք նախանձում, բայց կարելի է ասել երջանիկ է այն մարդը, ում հիշատակը կամ ստեղծագործությունը մնում է հավերժ, այդպիսի մարդ ունենք մենք` Վարուժան Վարդանյան: Ցուցահանդեսի կազմակերպման մեջ մեծ ներդրում է ունեցել վարպետի եղբայրը` Վարդան Վարդանյանը, նրան մենք նույնպես խորին շնորհակալություն ենք հայտնում, եթե չլիներ նա, ապա նկարները այդպես էլ չէին ցուցադրվի արվեստասերների համար:>>,- ասեց Կարեն Աղայանը:
<<Վարուժան Վարդանյանը մի անհատականություն էր, որի բնավորությունը իր արվեստի մեջ էր: Իր անվերջ, անզուսպ, ու վառ ներքին  գույները նա պատկերում էր իր նկարների վրա, ես կարծում եմ, որ այս մարդու նման անհատականություն ունեցող մարդիկ բացակայում են, սիրով եկեք դիտենք ցուցահանդեսը և վայելենք արվեստագետի գործերը, շնորհավորում եմ>>,- ավելացրեց Հասմիկ Պողոսյանը:
Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ արվեստաբաններ, արվեստագետներ, ճանաչված ու սիրված դերասաններ, վարպետի հարազատները և բազմաթիվ արվեստասերներ:
Վարդան Վարդանյանը հուզված, սակայն հպարտությամբ արտաբերեց այս խոսքերը.
– Իմ եղբայրը ապրում էր արվեստով, նա միշտ ասում էր, եթե ես չստեղծագործեմ` կմեռնեմ: Նա ժամերով դուրս չէր գալիս իր արվեստանոցից, նա ապրում էր արվեստով, պաշտում այն, առավել քան մյուսները, նկարներն են նրա հիշատակը, նրա վառ կերպարը երբեք, երբեք չի խամրի:
Գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը գեղանկարչության ասպարեզ մտավ 1960-ականների տաղանդավոր արվեստագետների` Մինաս Ավետիսյանի , Սեյրան Խաթլամաջյանի, Աշոտ Հովհաննիսյանի և իր մյուս սերնդակիցների հետ :
Նա մի քանի տասնյակ նկարչական շարքերի հեղինակ է, իսկ նրա առավել հայտնի գործերից են «Հրաժեշտ ասպետին», «Տիրամոր թաղումը», «Բնորդուհին» և այլ կտավներ:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է, բաց է մինչ նոյեմբերի 25-ը:

 

 

 


Անժելա Շահումյան

Դիտվել է 3000 անգամ:
Print Friendly

Leave a Reply