«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները պաշտպանության նախարարությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 15, 2011 17:46


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հինգ տասնյակ անդամներին: Ընդունելությունը նվիրված է եղել ակումբի հիմնադրման 15-ամյակին: «Վարդանանք» ակումբում ներգրավված են արցախյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի զոհված ուսանողների ծնողները, զավակները, ինչպես նաև համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը և «Արցախի հերոս» շքանշանակիր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Պաշտպանության նախարարին և միջոցառման մյուս անդամներին ներկայացնելով ակումբի ծավալած գործունեությունը հիմնադրումից ի վեր` ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշել է, որ ակումբի նպատակն է անմար պահել հայրենիքի համար մարտնչած զորավարների, Արցախյան ազատամարտում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը, նրանց օրինակով ու ազգային վեհ գաղափարներով դաստիարակել համալսարանական երիտասարդներին:

Ակումբի անդամները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել աջակցության համար՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ կանեն՝ բարձր պահելու Արցախյան գոյամարտում զոհված ազտամարտիկների և ընդհանրապես՝ հայ հերոսների վառ հիշատակը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին ակումբի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, բարձր է գնահատել ակումբի գործունեությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Վարդանանք ակումբի մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր զգացել են պատերազմի դաժան հետևանքները: Ձեզնից շատերը, հանդիսանալով զոհված ազատամարտիկների հարազատներ, երբեք չեն ընկրկել և իրենց ողջ ջանքերը ներդրել են մեր մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում»:

Վարդանանք ակումբի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և գնահատանքի արժանի գործունեության համար պաշտպանության նախարարի հրամանով ակումբի անդամները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

 

 

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply